Մատչելիության հղումներ

Ընդդիմադիրների համոզմամբ՝ իշխանությունը կսահմանափակի ՎՊ-ի լիազորությունները


Վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանը Ազգային ժողովում,արխիվ
Վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանը Ազգային ժողովում,արխիվ
Ընդդիմադիր ուժերի համոզմամբ՝ իշխանությունը ցանկանում է սահմանափակել Վերահսկիչ պալատի լիազորությունները։

Անցած շաբաթ Հանրապետականի գործադիր մարմնի նիստում նախագահ Սերժ Սարգսյանը առաջարկել էր փոփոխություններ կատարել Վերահսկիչ պալատի մասին օրենքում։ Ազգային ժողովին նախագահ Հովիկ Աբրահամյանը նիստից հետո ասել էր, թե չգիտի՝ ինչ է նկատի ունեցել նախագահը՝ պալատի լիազորությունները ավելանալու, թե՝ պակասելու են, բայց առաջիկայում օրենքում կատարվելիք փոփոխությունների համար աշխատանքային խումբ է ձևավորվելու։ Նկատենք, որ օրենքում փոփոխությունների անհրաժեշտության մասին Սերժ Սարգսյանը խոսեց ՎՊ-ի աղմկահարույց հաշվետվությունից հետո, երբ պալատի նախագահ Իշխան Զաքարյանը օրինակներով ցույց տվեց, թե ինչպես է մսխվում պետական բյուջեն։ Նախ՝ երկրի ղեկավարը նախագահական նստավայրում հայտնի խորհրդակցության ժամանակ սուր քննադատության ենթարկեց Զաքարյանին՝ ասելով, թե այն, ինչի մասին խոսել է պալատի նախագահը, հեքիաթներ են, և իրականում կասկածներ կան 200-300 միլիոն դրամի յուրացումների մասին, ապա այս քննադատությունից հետո Սերժ Սարգսյանը խոսեց ՎՊ-ի մասին օրենքում փոփոխություններ կատարելու անհրաժեշտության մասին։

Ընդդիմադիր «Ժառանգություն» կուսակցության քարտուղար Ստյոպա Սաֆարյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում համոզմունք հայտնեց՝ Սերժ Սարգսյանին մտահոգել է այն հանգամանքը, որ Իշխան Զաքարյանը «թույլատրելի սահմանն անցել է», հնչել են գնահատականներ, որոնք դարձել են տհաճ պրոցեսի հիմք, որը ոչ քաղաքական, ոչ էլ իրավական հարթության մեջ հնարավոր չէ անաղմուկ փակել։

«Իշխանությունը այս պահին ունի իր՝ ժամանակ առ ժամանակ ջրի երես դուրս եկող կեղտերը պարտակելու անհրաժեշտություն և, բնականաբար չէր ցանկանա, որ ինքը ամեն անգամ հայտնվեր այս իրավիճակում։ Ես միանշանակ տեսնում եմ այն քաղաքական գործոնները, որոնք թույլ են տալիս ասել, որ Սերժ Սարգսյանը և իշխանությունը գնալու են Վերահսկիչ պալատի դերի թուլացման, սահմանափակման, վերահսկողության թափանցիկության կրճատման ճանապարհով», - ասաց Սաֆարյանը։

Հայ ազգային խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանի համոզմամբ էլ՝ օրենքում փոփոխություններ կատարելու միջոցով Սերժ Սարգսյանը փորձում է ավելի ուժեղացնել իր վերահսկողությունը։

«Հարկավոր է զրկել այդ ազատություններից, որոնցից օգտվեց Վերահսկիչ պալատը. սա է միապետական, ավտոկրատ իշխանությունների օրենքը։ Բոլորը տանում են ավելի կենտրոնացված իշխանության, բայց ես հավատացնում եմ, որ դա ավելի է արագացնում իշխանափոխության անհրաժեշտությունը և պայթյունը ներսից», - ասաց Մանուկյանը։

Վերահսկիչ պալատի անկախությունը երաշխավորվում է Սահմանադրությամբ, մասնավորապես, մայր օրենքը հստակ սահմանում է, որ պալատը անկախ մարմին է, որը վերահսկողություն է իրականացնում բյուջետային միջոցների և պետական համայնքային սեփականության օգտագործման նկատմամբ։ Հետևաբար հարց է առաջանում՝ եթե փորձ արվի սահամանափակել անկախ մարմնի լիազորությունները, արդյոք դա չի հակասի Սահմանադրությանը։ Սահմանադրական դատարանի նախագահի խորհրդական, արդարադատության նախկին նախարար Գևորգ Դանիելյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում նշեց, որ Սահմանադրությունը տալիս է նման հնարավորություն, և օրենքում փոփոխություններ կատարել հնարավոր է։

«Եթե մի պահ ընդունենք, լիազորությունները սահմանափակվեն այն աստիճանի, որ այս կամ այն կերպ սահմանափակի նաև Սահմանդրությամբ ամրագրված անկախությունը, ապա արդեն կարելի է խոսել Սահմանադրությանը հակասելու մասին։ Բայց ինքնին լիազորությունների սահմանափակումը չի կարող հանգեցնել Սահմանադրության հետ այդ հակասություններին», - ասաց Դանիելյանը։

Ի դեպ, ՍԴ նախագահի խորհրդականը կարծում է, որ Վերահսկիչ պալատի մասին օրենքը իսկապես փոփոխության կարիք ունի։ Դանիելյանի համոզմամբ՝ պետք է խուսափել վերահսկողություն իրականացնող մարմինների աշխատանքի կրկնություններից, չի կարելի պետության ֆինանսական և մարդկային ներուժը ծախսել այն բանի վրա, որ միևնույն հարցը ստուգվի տարբեր մարմինների կողմից։

«Իմ խորին համոզմամբ՝ Վերահսկիչ պալատը չպետք է իրականացնի չափագրումներ, որովհետև դա արդյունավետությունը որոշելու լավագույն եղանակը չէ։ Դրա համար մենք ունենք արդեն կոնկրետ ստեղծված մարմիններ։ Հիմա պետք է մտածենք այդ մարմինների արդյունավետությունը բարձրացնելու ուղղությամբ, կամ պարզապես այդ մարմինները լուծարենք։ Բայց զուգահեռ երկու տարբեր մարմինները, երբ միևնույն աշխատանքն են իրականացնում, դա ուժերի անտեղի վատնում է», - ասաց Դանիելյանը։

Արդարադատության նախկին նախարար դժվարացավ ասել, թե արդյոք այդ փոփոխություններ արդյունքում կսահմանափակվեն պալատի լիազորությունները։ Սակայն Դանիելյանի համոզմամբ՝ այն լիազորությունները, որոնք անհարկի և ավելորդ են, վերանայելը կլինի իրավաչափ։

Վերահսկիչ պալատի մասին գործող օրենքով պալատի նախագահը բավական պաշտպանված է՝ ոչ ոք նրան պաշտոնանկ անել չի կարող։ Բավական լայն են նաև պալատի գործառույթները։ Վերջինս վերահսկողություն է իրականացնում ոչ միայն բյուջետային ելքերի, սուբսիդիաների, դոտացիաների նկատմամբ, այլև պետական պարտքի կառավարման, այդ թվում՝ արտաքին վարկային միջոցների ներգրավման և օգտագործման նկատմամբ։ Պալատը նաև վերահսկողություն է իրականացնում համայնքների բյուջեի ելքերի, արտաբյուջետային միջոցների, նաև ընդերքի օգտագործման տրամադրման օրինականության և մի շարք այլ մարմինների գործունեության նկատմամբ։
XS
SM
MD
LG