Մատչելիության հղումներ

Օրենսդրական նախաձեռնությամբ կփորձեն պայքարել «ֆեյք»-երի և վիրավորող օգտատերերի դեմ


Օրենսդրական նախաձեռնությամբ կփորձեն պայքարել «ֆեյք»-երի և վիրավորող օգտատերերի դեմ
please wait

No media source currently available

0:00 0:06:16 0:00

Օրենսդրական նախաձեռնությամբ կփորձեն պայքարել «ֆեյք»-երի և վիրավորող օգտատերերի դեմ

Մի խումբ ընդդիմադիր և իշխանական պատգամավորներ հանդես են եկել Քաղաքացիական օրենսգրքում լրացումներ կատարելու նախաձեռնությամբ, որի արդյունքում լրատվամիջոցները կարող են պատասխանատվության ենթարկվել սոցիալական ցանցի օգտատերերի կողմից վիրավորանք կամ զրպարտություն պարունակող տեղեկատվությունը տարածելու կամ պարզապես ընթերցողների կատարած մեկնաբանությունների համար, ընդ որում անկախ այն հանգամանքից, թե որտեղ է տեղ գտել վիրավորանք կամ զրպարտություն պարունակող տեղեկատվությունը:

Արդեն իսկ շրջանառության մեջ դրված նախագծի համաձայն, եթե շահագրգռված անձը, ասենք, պաշտոնյան կամ պատգամավորը, գործադրում է ողջամիտ ջանքեր և չի գտնում իր մասին մեկնաբանություն արած անձին, ապա նա դիմում է լրատվամիջոցին և պահանջում է 12 ժամվա ընթացքում իրեն վերաբերվող մեկնաբանությունը հեռացնել կայքից, հակառակ դեպքում այդ անձը կարող է դատի տալ լրատվամիջոցին:

Ուշագրավ է, որ ըստ առաջարկվող նախագծի՝ լրատվամիջոցը ազատվում է պատասխանատվությունից, եթե ներկայացնում է այդ տեղեկատվության հեղինակին նույնականացնող տվյալներ: Այսինքն, եթե լրատվամիջոցը կարողանում է պարզել՝ տվյալ տեղեկատվությունը տարածած կամ մեկնաբանություն արած սոցիալական ցանցի օգտատերը ով է, և այդ մասին տեղեկացնում դիմողին, ապա ազատվում է պատասխանատվությունից, իսկ եթե պարզում է, որ օգտատերը կեղծ է և այլ անունով է հանդես գալիս, ապա լրատվամիջոցը պարտավոր է հեռացնել մեկնաբանությունը:

Ուշագրավ է, որ այս նախագծի համահեղինակներն են Ազգային ժողովի բոլոր խմբակցությունների պատգամավորները՝ Հանրապետականից Դավիթ Հարությունյանը և Արփինե Հովհաննիսյանը, Դաշնակցությունից Արմեն Ռուստամյանը, «Ժառանգությունից» Թևան Պողոսյանը, ԲՀԿ-ից Նաիրա Զոհրաբյանն ու Էլինար Վարդանյանը, Հայ ազգային կոնգրեսից Ստեփան Դեմիրճյանը և Գագիկ Ջհանգիրյանը:

Նախագծի համահեղինակներից անկախ պատգամավոր Էդմոն Մարուքյանը «Ազատության» հետ զրույցում պնդեց, թե այս նախագիծը լրատվամիջոցների գլխին նոր մահակ չի դառնա, և դրա ապացույցը նաև ընդդիմադիր պատգամավորների մասնակցությունն է դրա մշակմանը։

«Այն մարդը, ում մասին այդ տեղեկատվությունը տարածվել է, դիմում է այդ կայքն, ասում է՝ հարգելի խմբագրություն, ձեր այսինչ նյութի մեջ կամ նյութի մեկնաբանություններում իմ հասցեին ուղղված այս տեղեկատվությունն է հրապարակվել, որի մեջ կա հայհոյանք, զրպարտություն, վիրավորանք, խնդրում եմ՝ ասեք ով է այդ օգտատերը, որովհետև նա չունի անուն-ազգանուն, ասենք, նա կոչվում է Շան գլուխ կամ Շան աչք։ Եվ ասում է, որ ասեք, որ ես այս մարդուն հարցնեմ կամ նրան պատասխանատվության ենթարկելու համար դիմեմ դատարան, կամ հեռացրեք մեկնաբանությունը։ Խոսքը մարդկանց իրավունքների պաշտպանության մասին է։ Մենք չենք կարող թողնել, որ ինչ-որ մարդիկ փող աշխատեն՝ մարդկանց հայհոյելու հաշվին»,- ասաց Մարուքյանը։

«Ազատության» դիտարկմանը, թե այս նախագծով հեղինակները չեն փորձո՞ւմ ստիպել լրատվամիջոցներին, որպեսզի նրանք ոչ միայն «Ֆեսյբուք»-ից արտատպված մեկնաբանությունների, այլ նաև լրատվական կայքերում տեղ գտած նյութերի տակ կատարված մեկնաբանությունների հեղինակների ինքնությունը պարզեն, այսինքն օպերատիվ հետախուզական գործառույթներ իրականացնեն, անկախ պատգամավորն ասաց, թե պետք է չէ հետևել ամեն նյութի տակ հայտնված մեկնաբանությանը, այդ մասին լրագրողը կտեղեկանա, երբ նրանից կպահանջեն հեռացնել վիրավորանք կամ զրպարտություն պարունակող մեկնաբանությունը:

«Եթե ակնհայտ է, որ կա վիրավորանք և զրպարտություն, ի՞նչն է խնդիր՝ դա պահպանել կայքում, որպեսզի «լայք»-երը ապահովեն...»,- հարցնում է պատգամավորը։

«Ազատության» հիշեցմանը, որ Հայաստանում վիրավորանքի և զրպարտության մասին օրենքի ապաքրեականացումից հետո լրատվամիջոցներին սնանկացնող հայցերը կտրուկ աճ արձանագրեցին, Մարուքյանը արձագանքեց.- «Դրանից հետո եղավ Սահմանադրական դատարանի որոշումը, և այսօր մենք չունենք նման խնդիր, և այս օրենքի միջոցով կարգավորվում է դրա այն մասը, որը կարգավորված չէ»։

«Արդյոք չեք փորձո՞ւմ այս օրենքով հասնել նրան, որ յուրաքանչյուր հոդվածի և տեսանյութի տակ միայն գեղեցիկ մեկնաբանությունները տեղադրվեն» հարցին, Մարուքյանը պատասխանեց՝ «ոչ, նման բան չկա, դա արդեն շահարկման ոլորտից է»։

Այս նախագծի համահեղինակներից ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը, ով երկար տարիներ լրագրող է աշխատել, վստահեցրեց, թե իր համար շատ կարևոր է, որ չխոչընդոտվի լրագրողի աշխատանքը, և նման որևէ միտում չկա։ Նախկին լրագրող պատգամավորն ասաց՝ այս օրենսդրական փոփոխության հարցում իրենց թիվ մեկ դաշնակիցը լինելու են պրոֆեսիոնալ լրատվամիջոցները։

Զոհրաբյանի մտահոգությունը կապված է միմիայն «Ֆեյսբուք»-ում տեղ գտնող վիրավորական և զրպարտող մեկնաբանությունները լրատվական կայքերում արտատպելու հանգամանքի հետ: Մեր դիտարկմանը, որ նախագծում չի նշվում, թե խոսքը վերաբերում է միայն ֆեյսբուքյան վիրավորական գրառումները լրատվական կայքերում շրջանառելուն, և հետևաբար կարելի է լրատվամիջոցներից պահանջել հեռացնել ցանկացած նյութի կամ տեսանյութի տակ հայտնված ոչ ցանկալի քննադատությունը, Նաիրա Զոհրաբյանը արձագանքեց.- «Շատ կարևոր է, որ ֆիքսվի՝ կոնկրետ սոցիալական ցանցերին է վերաբերում դա»։

«Ցավոք, «Ֆեյսբուք»-ը որոշների համար վերածվել է իրենց սեռապաթոլոգիկ մտագարությունները շաղ տալու [հարթակի] և որոշ լրատվամիջոցներ, ցավոք, դա կարող են վերցնել և ներկայացնե որպես լրատվություն»,- ասաց Զոհրաբյանը՝ հավելելով, որ շրջանառության մեջ դրված տարբերակը խիստ նախնական է, և եթե այդտեղ կան դրույթներ, որոնք կարող է ընկալվել որպես ազատ խոսքի սահմանափակում, կվերանայվեն:

Ինչ վերաբերում է այս նախագծին միացած ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսին, ապա խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը «Ազատությանը» փոխանցեց, որ չի կարող որևէ մեկնաբանություն անել, քանի որ ներկայացված նախագծի տեքստը դեռ չի ուսումնասիրել:

Նախագծին միացած ՀԱԿ պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանն էլ փոխանցեց.- «Հենց պարզվի, որ դա ուղղված է մամուլի ազատության դեմ, ետ կվերցնեմ իմ ստորագրությունը այդ նախագծի տակից»։

Մինչդեռ «Հրապարակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Արմինե Օհանյանը, անդրադառնալով ընդդիմադիր և իշխանական պատգամավորների այս նախաձեռնության, ասաց, թե սա քայլ է արված մամուլի դեմ և նախ և առաջ հարվածելու է այդ նախագծի հեղինակներին:

«Ուղղակի հասկանալի չէ, թե ինչ իմաստ ունի այդ փոփոխությունը կատարելը։ Եթե ուզում են ֆեյսբուքյան տարածքը կառավարեն, վերահսկողության տակ վերցնեն, կարծում եմ՝ չի ստացվի։ Եթե ուզում են սահմանափակել «Ֆեյսբուք»-ի ազդեցությունը, որ այնտեղից լրահոս չգա դեպի մամուլ, փաստորեն դա ուղղված է մամուլի դեմ և խփելու է այդ նույն մարդկանց, ովքեր նախագծի հեղինակներն են»,- ասաց Օհանյանը։
XS
SM
MD
LG