Մատչելիության հղումներ

Մամուլի ազատության ցուցանիշով Հայաստանը տարածաշրջանում առաջատարն է


Հայ լրագրողները լուսաբանում են նախագահական քարոզարշավը, արխիվ
Հայ լրագրողները լուսաբանում են նախագահական քարոզարշավը, արխիվ
«Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպությունը հրապարակել է մամուլի ազատության ամենամյա ցուցանիշը:

Ընդհանուր առմամբ նախկին Խորհրդային Միության երկրներում տեղեկատվության ազատության առումով իրավիճակը բավական մռայլ է, «Ազատություն» ռադիոկայանի հետ հարցազրույցում ներկայացնելով զեկույցը` այսպիսի կարծիք է հայտնել «Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպության Արևելյան Եվրոպայի ու Կենտրոնական Ասիայի բաժնի ղեկավար Յոհան Բիխրը, հավելելով, թե ցավոք սրտի տարեցտարի այն ավելի ու ավելի է վատթարանում:

Հարավային Կովկասում Հայաստանը ամենալավ ցուցանիշն ունի, թեև նախորդ զեկույցի համեմատությամբ Հայաստանի ցուցանիշը մի քանի կետով վատթարացել է: Եթե նախորդ զեկույցում Հայաստանը 74-րդ տեղն էր զբաղեցնում, ապա արդեն այսօր հրապարակված զեկույցում 78-րդում է:

Հարևան Վրաստանը նախորդ զեկույցի համեմատ հսկայական առաջընթաց է գրանցել` 17 կետով, 100-րդից առաջանալով մինչև 84-րդ տեղ, թեև, այնուամենայնիվ, իր ցուցանիշով զիջում է Հայաստանին:

Հայաստանի, Վրաստանի, նաև Մոլդովայի և Ղրղըզստանի մասին Յոհան Բիխրը հարցազրույցում ասել է, որ սոցիալական բևեռացվածությունն ու լրատվամիջոցների անկախությունը դեռ խնդիր են:

«Այս երկրներում բազմակարծության նշանակալի մակարդակ կա, և հարաբերականորեն քիչ է պետական գրաքննությունը, սակայն դա, իհարկե, չի նշանակում, որ խնդիրները վերացել են: Հատկապես սոցիալական զգալի բևեռացումը շատ է արտացոլվում լրատվամիջոցներում, և լրագրողների և խմբագիրների անկախությունը շարունակում է շատ լուրջ խնդիր մնալ այս երկրներում»,- ասել է Բիխրը։

Վրաստանում և Հայաստանում անցած ընտրություններն առավել խաղաղ էին, քան նախորդները: Լրագրողների դեմ բռնությունները հազվադեպ են եղել երկու երկրներում էլ, պետական հեռարձակողները առաջընթաց են ապրել, այդուհանդերձ, անկողմնակալությունը շարունակում է խնդրահարույց մնալ:

Ադրբեջանը տարածաշրջանում ամենավատ դիրքերում է: Այս զեկույցում այն հետընթաց է գրանցել, և նախորդ 156-րդ տեղից իջնելով հաստատվել է 160-րդ տեղում` փաստորեն եզրափակելով վատթարագույնների քսանյակը: «Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպությունը Ադրբեջանին անդրադառնում է «Անպատժելիություն նավթով և գազով հարուստ բռնապետությունների համար» ենթավերնագրի ներքո, և շեշտում, որ հետխորհրդային երկրներից տեղեկատվության ազատության իրավունքի խախտումները ամենից շատ Թուրքմենստանում Ուզբեկստանում, Ղազախստանում և Ադրբեջանում են տեղ գտնում, ու չնայած դրան՝ այդ երկրների իշխանությունները շատ թույլ ճնշման են ենթարկվում միջազգային հանրության կողմից միայն այն պատճառով, որ նավթ և գազ ունեն: Նրանք իրենց երկրներում մամուլը պահում են շատ խիստ վերահսկողության տակ և բանտարկում են անհնազանդ լրագրողներին ` մնալով բացարձակ անպատիժ:

Զեկույցը փաստում է, որ Ադրբեջանում բռնաճնշումներն ավելացել են, և որ այդ երկրում բազմակարծության գոյությունն անգամ վտանգված է: Հեռուստակայանները կառավարության վերահսկողության տակ են, հիմնական արտասահմանյան ռադիոկայաններն արգելված են, հիմնական ընդդիմադիր թերթը հազիվ է շրջանառվում միայն մայրաքաղաքում և գտնվում է սնանկացման եզրին: Միևնույն ժամանակ որոշ լրագրողներ և բլոգերներ ֆիզիկական հարձակումների, մահվան սպառնալիքների են ենթարկվում, լրագրողներին առևանգում են և նրանց դեմ կեղտոտ քարոզչություն է տարվում:

«Ադրբեջանում նախագահական ընտրություններին նախորդել են քաղաքական ընդդիմության, մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող հասարակական կազմակերպությունների և անկախ մամուլի վրա կոշտ ճնշումները և այդ բռնաճնշումները շարունակվել են նաև ընտրություններից հետո, որոնք ակնհայտորեն կեղծվել էին»,- հայտարարել է Յոհան Բիխրը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG