Մատչելիության հղումներ

ԱՄՀ. Հայաստանը խոցելի է ցնցումների նկատմամբ


«Հայաստանը խոցելի է ցնցումների նկատմամբ»
please wait

No media source currently available

0:00 0:03:13 0:00
Հայաստանը խոցելի է ցնցումների նկատմամբ, արձանագրում է Արժույթի միջազգային հիմնադրամը: «Կայունությունը պահպանելու, խոցելիությունները մեղմելու և միջին ժամկետում աճն ավելացնելու հետ կապված հիմնական մարտահրավերները պահպանվում են»,- տարածած հաղորդագրությամբ նշում է հիմնադրամի ղեկավարը, հստակեցնելով, որ շարունակում են տատանողական մնալ գնաճն ու տնտեսական աճը, որը ըստ միջազգային կառույցի, անցած տարի զգալիորեն է դանդաղել:

Պահպանվում են նաև աղքատության և գործազրկության բարձր ցուցանիշները, ընդգծում է Արժույթի միջազգային հիմնադրամը:

Իշխող Հանրապետականը մինչդեռ համաձայն չէ գնահատականների հետ, խորհրդարանի սոցիալական հարցերի մշտական հանձաժողովի ղեկավար Հակոբ Հակոբյանը հակադարձեց՝ պետությունը փոխհատուցել է գնաճը:

«Մենք արդեն բավական երկար տարիներ է կարողանում ենք կենսաթոշակների աճը ապահովել այնպես, որպեսզի աղքատության շեմից ներքև քաղաքացիները չհայտնվեն գնաճի պատճառով», - մասնավորապես ասաց Հակոբյանը:

Արժույթի միջազգային հիմնադրամը անհրաժեշտ է համարում խորացնել բարեփոխումները` տնտեսական աճը սատարելու ու ամրապնդելու համար: Տնտեսագետ Վարդան Բոստանջյանը այստեղ տեսնում է հստակ ուղերձ․ - «Դա մեսիջ է, ուղարկում են մեր իշխանություններին, մասնավորապես գործադիր իշխանությանը, որ այդուհանդերձ բարեփոխումները ավելի ճիշտ վեկտորներով տանեն, որովհետև հակառակ դեպքում նրանց կողմից ֆինանսավորման այս ինստիտուտը կարող է դառնալ անհնար»:

Հիմնադրամի գնահատականները սուր չեն, համոզված է Բոստանջյանը, այս միջազգային կառույցը նույնիսկ պարտավոր է հաշիվ պահանջել գործադիրից․ - «Հզոր ֆինանսական կազմակերպությունը, ըստ էության, այդ ֆինանսավորումը արտոնյալ պայմաններով արել է մի բանի համար, որ այդ բարեփոխումները իսկապես ընթանային այն ուղով, ինչ ուղով ինքը նշում է: Եվ հիմա ցանկացած պարագայում նման կառույցը կարող է մտահություն արտահայտել, որ ցավոք այդ բարեփոխումները չեն գնացել այն ուղղություններով, ինչ ուղղություններով ենթադրում էին»:

«Բարգավաճ Հայաստանից» Միքայել Մելքումյանը հիշեցնում է՝ կառավարությունը տապալեց 7 տոկոսանոց տնտեսական աճի ծրագիրը, ուստի Արժույթի միջազգային հիմնադրամը միանգամայն օրինաչափ է արձագանքում: Ըստ Միքայել Մելքումյանի, վիճակագրությունը ավելին քան խոսուն է՝ շեշտակի նվազել են օտարերկրյա ներդրումները, ինչը վկայում է՝ երկրում բիզնես միջավայրը նպաստավոր չէ, պետությունն էլ այս տարի նախատեսել է 100 միլիարդ դրամով ավելի հարկ հավաքել:

«Լրացուցիչ հարկը մենք հավաքում ենք երկու կոմպոնենտի շնորհիվ: Կամ պետք է լինի տնտեսական աճ, կամ պետք է ստվերից դուրս գանք: Հիմա` տնտեսական աճ չի եղել: Ուրեմն ինչպե՞ս ենք հավաքելու: Ուրեմն եղել է գնաճ և հարկային բեռի ավելացում: Գնաճ` նշանակում է աղքատությունը ավելանում է, գնաճ նշանակում է արտագաղթ», - ասում է պատգամավորը:
XS
SM
MD
LG