Մատչելիության հղումներ

Հայրիկյանը Կրեմլի համար «ձեռնտու անձ» է համարում Քոչարյանին


«Քոչարյանը Կրեմլի համար ձեռնտու անձ է»
please wait

No media source currently available

0:00 0:03:30 0:00
Ռոբերտ Քոչարյանն ու նրան սատարող ուժերը, ըստ «Ազգային ինքնորոշում» միավորման առաջնորդ Պարույր Հայրիկյանի, Մաքսային միության կցորդներն են, և Քոչարյանը Կրեմլի համար «ձեռնտու անձ է»:

«Ի վերջո, ինչո՞ւ Քոչարյանն այդպես էլ չի խոսում Մաքսային միության մասին», - լրագրողների հետ հանդիպմանը հարց բարձրացրեց Հայրիկյանը` շարունակելով. - «Ասում են` լռություն համաձայնության նշան է: Վերջ: Ռոբերտ Քոչարյանը, նրան սատարող կամ անցյալում սատարած ուժերը, կամ այսօր սատարելու պատրաստ ուժերը դրանք Մաքսային միության կցորդներն են: Մաքսային միության դեմ չի խոսում նաև առաջին կոչված նախագահը… Սրանք նույն թիմն են, սրանք նույն բոլշևիկյան, ռուսական կայսերապաշտական ուժերի հլու-հնազանդ թիմն են»:

Հայրիկյանի համոզմամբ` ժամանակին հենց Ռոբրտ Քոչարյանն է դրել Մաքսային միությանը Հայաստանի միանալու, այսինքն՝ ինքնիշխանությունը կորցնելու հիմքերը, երբ Պուտինի հետ կնքեց «Հայաստանի շահերի տեսանկյունից դավաճանական «Գույք՝ պարտքի դիմաց» գործարքը». - «Ամենակարևոր հարցի մասին, այսպես կոչված երկրորդ նախագահը, ինչու եմ ասում այսպես կոչված. միայն Մարտի 1-ը կամ «Գույք` պարտքի դիմաց»-ը բավական է, որպեսզի ամեն հայ մարդ հասկանա, որ դա մեր ժողովրդի առաջնորդը չի եղել: Եթե ընտրվել է ինչ-որ պահի` 98 թվականին (փաստ է, դա չենք կարող մերժել), ընտրվել է: Բայց հետո իրեն չի պահել որպես նախագահ: Ուրեմն նրանք` ոչ միայն երկրորդ նախագահ կոչվածը, այլև առաջին նախագահը, ամեն ինչի մասին կխոսեն, որպեսզի հիմնականի մասին չխոսեն»:

Հայրիկյանի համոզմամբ` խորհրդարանական ոչ իշխանական ուժերը պարզապես միացել են կուտակային կենսաթոշակային համակարգի դեմ բողոքող երիտասարդներին. - «Բայց այդ պարկեշտությունն էլ չունեն, որ ասեն` երիտասարդների նախաձեռնած հանրահավաքին մենք միանում ենք: Ասում են` մե'նք հանրահավաք ենք անում»:

ԱԻՄ առաջնորդը գազային համաձայնագրերն անվանեց «ղազագիր»` նշելով, որ երկրի նախկին նախագահները չեն խոսում դրանց մասին. - «Գոնե դրա մասին խոսեն, ակնհայտ կդառնա, որ Մաքսային միության բռնատիրական քայլերի կամ անազնիվ քայլերի նկատմամբ քննադատական վերաբերմունք ունեն»:

Հայրիկյանի խոսքով` Սերժ Սարգսյանը դեմ գնաց Հայաստանի շահերին ու հայտարարեց Մաքսային միությանը անդամակցելու մասին: Իսկ այժմ էլ Ռոբերտ Քոչարյանի միջոցով Կրեմլը ձգտում է ուժեղացնել իր վերահսկողությունը Հայաստանում. - «Մոսկվան իր շահերի իրականացմանը լիարժեքորեն հասել է արդեն Սերժ Սարգսյանի պայմաններում, բայց Մոսկվան մշտապես Սերժ Սարգսյանին լրացուցիչ վախի մթնոլորտում պահելու ցանկություն կունենա: Որովհետև ինչպես մեկ օրվա ընթացքում միտքը փոխեց, դարձավ «մաքսավոր», այնպես էլ կարող է մեկ օրվա ընթացքում միտքը փոխել և դառնալ եվրոպամետ»:

«Ժառանգություն» կուսակցության քարտուղար Ստյոպա Սաֆարյանի կարծիքով, Ռոբերտ Քոչարյանի նպատակը ոչ թե երկրում իրավիճակ փոխելն է, այդ թվում իր նախագահության օրոք ձևավորված քրեաօլիգարխիկ համակարգին վերջ տալը, այլ այս փուլում` ընդամենը վարչապետի աթոռին տիրանալը:

«Նա առանձնապես և բացառապես խնդիր ունի միայն վարչապետի պաշտոնի հետ և այն զբաղեցնողի հետ: Ռոբերտ Քոչարյանը որևէ կերպ չի քննադատել Սերժ Սարգսյանին, նրա վարած արտաքին ու ներքին քաղաքականությունը, թեպետ բոլորս ենք հասկանում, որ Տիգրան Սարգսյանը այդ քաղաքականությունն ապահովողների ընդամենը մի օղակն է: Եվ կարելի է վստահաբար ասել, որ Ռոբերտ Քոչարյանի համար միակ կարևոր խնդիրը դա վարչապետի պաշտոնն ազատելն է», - ասաց Սաֆարյանը` շարունակելով. - «Քոչարյանը փորձում է Հայաստանում բեմականացնել ռուսական հայտնի սցենարը: Երբ նախկինում Դմիտրի Մեդվեդևն էր նախագահ, Վլադիմիր Պուտինը` վարչապետ, ապա այժմ Ռոբերտ Քոչարյանը առաջարկում է այդ նույն սցենարը կիրառել նաև Հայաստանի պարագայում: Հետևաբար չի կարելի ասել, թե սա ընդդիմադիր գործունեության միջոցով քաղաքականություն վերադառնալու փորձ է Ռոբերտ Քոչարյանի պարագայում, որովհետև ո'չ նա է ըստ էության ընդդիմադիր գնահատականներ տվել ներկայիս իրավիճակին, ո'չ էլ նրան սատարող քաղաքական շրջանակներն են ընդդիմադիր կեցվածք ցուցաբերում»:
XS
SM
MD
LG