Մատչելիության հղումներ

Կողմ քվեարկողները «կամրագրեն Հայաստանի կախվածությունը Ռուսաստանից»


ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյան
ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյան
«Այսօր ազգային ժողովի այն պատգամավորները, ովքեր կողմ կքվեարկեն 2013 թվականի դեկտեմբերի 2-ին Հայաստանի ու Ռուսաստանի կառավարությունների միջև «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ի բաժնետոմսերի առքուվաճառքի և հետագա գործունեության պայմանների մասին համաձայնագրերին, նրանք ուղղակի կամրագրեն Հայաստանի կախվածությունը Ռուսաստանից, իսկ մենք հանգիստ կարող ենք նայել նրանց դեմքին ու ասել, որ քո ժառանգները քո երեսին թքելու են ժամանակի ընթացքում»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման հայտարարություն արեց «Ազգային ինքնորոշում միավորում» (ԱԻՄ) կուսակցության առաջնորդ Պարույր Հայրիկյանը՝ հավելելով, որ նաև երկրի Սահմանադրությունն է խախտվում։

«Սահմանադրական դատարանն արդեն ասել է, որ սա Հայաստանի սահմանադրությանը չի հակասում, մինչդեռ Հայաստանի սահմանադրությանը հակասում է միայն այն բանով, որ Ռուսաստանը միակ մատակարարողն է»,- ասաց Հայրիկյանը։

Համաձայնագրերի փաթեթը այսօր Ազգային ժողովի արտահերթ նիստի ընթացքում պետք է քվեարկվի։ Նշենք, որ փաստաթղթում առկա կետերից մեկով կառավարությունը երաշխավորել է, որ մինչև 2044 թվականը Հայաստանը գազ կգնի միայն «Գազպրոմ»-ից։ Մեկ այլ պարտավորությամբ էլ մինչև 2044 թվականը որևէ օրենք, նորմատիվ և իրավական ակտ չի ընդունվի, որը չեղյալ կհամարի համաձայնագիրը։

«Որևէ միջազգային պայմանագիր առաջին հերթին պետք է ունենա, այդ պայմանագիրը դադարեցնելու մեխանիզմը։ Այս դեպքում դա չի տրված»,- ասաց ԱԻՄ առաջնորդը։

Խորհրդարանական ոչ իշխանական ուժերը վտանգավոր են համարում այս փաստաթուղթը և այսօր Ազգային ժողովի արտահերթ նիստին զուգահեռ Ազգային ժողովի դիմաց հասարակական ակտիվիստների հետ զուգահեռաբար պայքարում են համաձայնագրի դեմ։

Հայրիկյանն այսօր նաև հայտարարեց, որ ինքը ևս միանում է, իր բնորոշմամբ, խորքում ազգային արժանապատվությունից հեռու, բայց այսօր իրենց ճիշտ դրսևորող ուժերին։

«Եթե դիմացինս Մաքսային Միությանը կողմ է, բայց շատ հարցերում ճիշտ բաներ է ասում, ինձ համար հասկանալի է, որ ինքը ստրատեգիական հարցում սխալ է ։ Հիմա այսօր այս միջոցառում անողների մի զգալի մասը՝ Դաշնակցություն, ՀԱԿ, «Բարգավաճ Հայաստան», նրանք Մաքսային Միությանն, ըստ էության, կողմ են, նշանակում է մեծագույն դավաճանությունը, ազգադավությունը նրանք ողջունում են, բայց այդ պայմաններում չգիտես ինչու, էդ Մաքսային Միության էությունից բխող ինչ-որ քայլի դեմ ընդվզում են, դա ինձ գոնե այդ չափով ուրախացնում է, գուցե աստիճանաբար աչքերը կսկսեն բացվել»,-ասաց Հայրիկյանը։
XS
SM
MD
LG