Մատչելիության հղումներ

Թուրքիայի արտգործնախարարին բողոքի ցույցով դիմավորեցին


Դավութօղլուին բողոքի ցույցով դիմավորեցին
please wait

No media source currently available

0:00 0:01:53 0:00
Երևան ժամանած Թուրքիայի արտգործնախարար Ահմեթ Դավութօղլուն այսօր «Արմենիա Մարիոթ» հյուրանոց մուտք գործեց շենքի ետնամուտքից՝ անվտանգության աշխատակիցների խիստ հսկողությամբ:

Բակում էր կայանել դիվանագիտական համարանիշով ավտոմեքենան, որի վրա ամրացված էր Թուրքիայի դրոշը: Ստանալով լուրը, որ թուրք պաշտոնյան արդեն շենքում է, հյուրանոցի առջև վաղ առավոտից բողոքի ցույց անող ակտիվիստները վրդովվեցին, մի քանիսը փորձեցին ճեղքել ոստիկանական պատնեշն ու մուտք գործել հյուրանոց։ «Ամոթ, ամոթ», վանկարկում էին նրանք։

Իրավապահները նոր ուժեր մոտեցրին տարածք՝ վերահսկողության տակ պահելով իրավիճակը: Հայ հեղափոխական դաշնակցության «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միության նախաձեռնած ցույցին այս անգամ Թուրքիայի դրոշը չայրվեց, պատճառաբանեցին, թե Դավութողլուի այցը պետական չէ: Փոխարենը ցուցարարները գետնին շաղ տվեցին հարյուրավոր թուրքական թղթե դրոշներ՝ կիսալուսնի վրա խաչ քաշած:

«Քանի դեռ Թուրքիայի իշխանությունները չեն ճանաչել Հայոց ցեղասպանությունը, միշտ պետք է ետնամուտքերով ներս մտնեն և դուրս գան։ Նրանք վախեցան մեզանից, վախենում են կանգնել, պարզ ճակատով նայել հայ ժողովրդի սերնդին»,- բարձրախոսով հայտարարեց ակցիայի մասնակիցներից մեկը։

Ցույցին մասնակցող Ազգային ժողովի «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը, ում կարծիքով՝ ժամանակն է, որ պաշտոնական Երևանը Անկարային նախապայմաններ թելադրի։

«Քանի դեռ Թուրքիան չի հրաժարվում իր թուրք-ադրբեջանական քաղաքական շահից, մենք չենք կարող խոսել, որ Թուրքիայի հետ կարող ենք ունենալ բարելավված հարաբերություններ։ Պարզ է, որ Թուրքիան շարունակում է իր բռնազավթման քաղաքականությունը։ Թուրքիան երբեք չի բացելու սահմանը, հույս դնել Թուրքիայի քաղաքական կամքի վրա, ուղղակի միամտություն է»,- ասաց Փոստանջյանը։

«Ժառանգությունը» շարունակում է պնդել՝ հայ-թուրքական արձանագրությունները անհապաղ պետք է դուրս մնան խորհրդարանի օրակարգից: Սերժ Սարգսյանի արտաքին քաղաքականությունից, սակայն, ընդդիմադիր պատգամավորը որևէ դրական ակնկալիք չունի:

ՀՅԴ Երևանի կառույցի անդամ Արթուր Ղազարյանն էլ, գնահատելով պաշտոնական Երևանի դիվանագիտությունը, ասաց՝ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հրաժարականի պահանջը ուժի մեջ է։

«Որևէ բան չի փոխվել։ ՀՅԴ-ն ցեղասպանության ճանաչումը դիտում է որպես մարտավարական քայլ, այսինքն միջոց՝ հասնելու մեր նպատակին։ Մենք կարծում ենք, որ այդ նպատակը իրատեսական է, և մեր պայքարը հանգեցնելու է նրան, որ Արևմտյան Հայաստանը ետ կվերադաձվի»,- ասաց Ղազարյանը։

Բողոքի ակցիային մասնակիցների շարքերում շատ էին սփյուռքահայերը, ովքեր շեշտում էին, թե ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ գուցե Թուրքիան որևէ ձևական քայլ անի, բայց դա չպետք է գոհացնի Հայաստանի իշխանություններին։

«Ցեղասպան պետությունը շարունակում է ուրանալ գործած հանցագործությունը, բայց մոռանում է, որ երիտասարդությունը չի մոռանում»,- ասաց նրանցից մեկը։

Մինչ թուրք դիվանագետը շենքում էր, դրսում հավաքված ցուցարարները ցեղասպանության թեմայով երգեր էին երգում, վանկարկում «ճանաչում, դատապարտում»: Պաստառների մեծ մասի գրառումներն անգլերեն էին։ Այս ամենին բավական մեծ ուշադրությամբ հետևում էին մեծ թվով թուրք լրագրողներ, ովքեր մի կողմ թողնելով արտգործնախարարների հավաքի օրակարգը՝ ավելի շատ բողոքի ակցիան էին լուսաբանում:
XS
SM
MD
LG