Մատչելիության հղումներ

Թուրքիայի արտգործնախարարը հրավիրվել է Հայաստան


Թուրքիայի արտգործնախարարը հրավիրվել է Հայաստան
please wait

No media source currently available

0:00 0:03:31 0:00

Թուրքիայի արտգործնախարարը հրավիրվել է Հայաստան

Թուրքիայի արտգործնախարար Ահմեթ Դավութօղլուն հրավիրվել է Հայաստան՝ մասնակցելու դեկտեմբերի 12-ին Երևանում կայանալիք Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության անդամ երկրների արտգործնախարարների հանդիպմանը:

Տեղեկությունը «Ազատության» հետ զրույցում այսօր հաստատեց Հայաստանի արտգործնախարարության մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը:

Բալայանը սակայն հավելեց, որ հրավեր ուղարկվել է կազմակերպության բոլոր անդամ երկրների արտգործնախարարներին, ինչպես միշտ:

Թուրքական հեղինակավոր պարբերականներից մեկը՝ «Զամանը», հղում կատարելով Թուրքիայի պաշտոնական շրջանակներում իր աղբյուրներին, նոյեմբերի 19-ի իր համարում գրել է, որ Անկարայում դրական է ընկալվել Երևանից ստացված հրավերը, որը, ինչպես հիշեցնում է թերթը, արվել է այն բանից հետո, երբ հոկտեմբերին, այցելելով Շվեյցարիա, Ահմեթ Դավութօղլուն խնդրել է իր շվեյցարացի գործընկեր Դիդյե Բուրկհալթերին օգնել ղարաբաղյան հակամարտությունը կարգավորելու հարցում, ինչն իր հերթին կնպաստի Հայաստանի ու Թուրքիայի միջև հարաբերությունների նորմալացմանը:

Թուրքական պարբերականը եզրափակում է, որ Երևան այցելելու վերաբերյալ Դավթօղլուն իր որոշումը կկայացնի Վիեննայում կայանալիք Սարգսյա-Ալիև հանդիպումից հետո միայն:

Այսօր լրագրողների հետ հանդիպմանը ՀՅԴ Բյուրոյի Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի տնօրեն Կիրո Մանոյանը նշեց, որ Հայոց մեծ եղեռնի 100-րդ տարելիցի նախօրեին Թուրքիան վերստին ակտիվացրել է իր քայլերը՝ միջազգային հանրության մոտ տպավորություն թողնելու, թե նպատակ ունի կարգավորել հայ-թուրքական հարաբերությունները, և Դավութօղլուի հոկտեմբերին Շվեյցարիա կատարած այցը նույնպես այդ նպատակն է հետապնդում:

Այնուհետև Մանոյանը ուշագրավ հայտարարություն արեց.- «Ինչքան հասկացա, ինչը որ փոխանցվել է շվեյցարացիներին, իրենք փոխանցել են Հայաստանին. լրատվություն կար, որ Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարը հանդիպել է իր պաշտոնակցին Շվեյցարիայում, հայ-թուրքական հարցերն էլ քննարկվել են... կարծում եմ, փոխանցել է Շվեյցարիան, բայց դա գործընթաց չի նշանակում»,- ասաց նա։

Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը Շվեյցարիայում էր նոյեմբերի 15-ին։ Նա հանդիպումներ էր ունեցել այդ երկրի բարձրաստիճան ներկայացուցիչների հետ, այդ թվում՝ երկրի նախագահ, Անվտանգության հանձնաժողովի նախագահ Ուլի Մաուրերի հետ:

Այսօր դիմեցինք ԱԱԽ մամուլի ծառայություն, թե արդյոք շվեյցարական կողմը որևէ առաջարկ, այդ թվում՝ Թուրքիայից եկած առաջարկ փոխանցե՞լ է Բաղդասարյանին, որպեսզի նա, իր հերթին, առաջարկը փոխանցի Հայաստանի ղեկավարությանը: Մամուլի ծառայությունից խոստացան պատասխանել վաղը:

Մանոյանը հնարավոր է համարում Ստեփանակերտի օդանավակայանի գործարկումը

Այսօր ասուլիսին Կիրո Մանոյանը նաև հույս հայտնեց, որ Վիեննայում Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների հանդիպումից հետո մի քանի շաբաթվա ընթացքում Ստեփանակերտի օդանավակայանը կգործարկվի և, փաստորեն, դա կարող է լինել հանդիպման միակ իրական արդյունքը:

Հետաքրքրվեցինք, թե ո՞րն է նման հույսի պատճառը.- «Ինչքան էլ ասվում է, որ Ադրբեջանն է, որ չի ուզում հանդիպումներ տեղի ունենա և այլն, կարծում եմ, այդքան էլ այպես չէ՝ հատկապես Հունգարիայի հետ գործարքից հետո, երբ հայկական կողմը շատ էլ խանդավառ չէր հանդիպելու, և այն ճիգը, որ պետք էր միջազգային հանրությունը, այս դեպքում միջնորդները գործադրեին, որպեսզի նաև Հայաստանը համաձայնի հանդիպման, ինչ-որ հույս տալիս է։ Այս հույսը հիմնավորված է այնքանով, որ սրանից առաջ միջնորդները խոսել էին, որ թռիչքները պետք է տեղի ունենան և քաղաքացիական թռիչքների նկատմամբ պետք չէ որևէ բռնություն գործադրել»,- պատասխանեց Մանոյանը։
XS
SM
MD
LG