Մատչելիության հղումներ

Իվանիշվիլիին կփոխարինի 31-ամյա Իրակլի Ղարիբաշվիլին


Վրաստան -- Իրակլի Ղարիբաշվիլին (ձ) վարչապետի պաշտոնում կփոխարինի Բիձինա Իվանիշվիլիին։
Վրաստան -- Իրակլի Ղարիբաշվիլին (ձ) վարչապետի պաշտոնում կփոխարինի Բիձինա Իվանիշվիլիին։
Եվս 20 օր և 31-ամյա Իրակլի Ղարիբաշվիլին կդառնա աշխարհի ամենաերիտասարդ վարչապետը:

Վրաստանի գործող վարչապետ Բիձինա Իվանիշվիլին շաբաթ օրը Թբիլիսիում «Վրացական Երազանք» դաշինքի ղեկավարության և խորհրդարանական խմբակցության համատեղ նիստի ավարտին հայտարարեց, որ իր այս ամիս սպասվող հրաժարականից հետո հենց ներքին գործերի նախարար Ղարիբաշվիլին է զբաղեցնելու կառավարության ղեկավարի պաշտոնը:

«Կոալիցիայի ներսում թեկնածությունը հաստատվեց առանց որևէ առարկության: Նման արդյունքը ևս Իրակլի Ղարիբաշվիլիի օգտին է»,- նշեց Իվանիշվիլին:

Իրակլի Ղարիբաշվիլին վարչապետի պարտականությունները կստանձնի նոյեմբերի 24-ին, երբ արդեն մեկնարկած կլինի նորընտիր նախագահ Գեորգի Մարգվելաշվիլիի պաշտոնավարումը:

Մեկնաբանելով իր առաջիկա նշանակումը՝ Իրակլի Ղարիբաշվիլին շաբաթ օրը հայտարարում էր, որ քաղաքական կուրսի որևէ փոփոխություն չի լինի։

«Ես կուզեի խոստանալ մեր ժողովրդին, մեր ողջ երկրին, որ կշարունակեմ այն գործը, որ սկսել է Բիձինա Իվանիշվիլին: Նաև ուզում եմ շնորհակալություն հայտնել «Վրացական երազանք» դաշինքի ղեկավարներին ու պատգամավորներին այս առաջադրման և խորհրդարանում իմ թեկնածության առաջիկա հաստատման համար»,- հայտարարում էր Ղարիբաշվիլին, որը չնայած իր երիտասարդ տարիքին, համարվում է պաշտոնից հեռացող վարչապետ Իվանիշվիլիի ամենափորձառու զինակիցներից մեկը:

Թբիլիսիի պետական համալսարանի Միջազգային հարաբերությունների ֆակուլտետի, ապա նաև Սորբոնի համալսարանի շրջանավարտ Ղարիբաշվիլին չափահաս կյանքի մեծ մասը անցկացրել է հենց Իվանիշվիլիի թիմում: Ութ տարի շարունակ Ղարիբաշվիլին աշխատել է Իվանիշվլիին պատկանող «Քարթու» բիզնես խմբի տարբեր ստորաբաժանումներում, այդ թվում՝ ղեկավարել է Վրաստանի ամենահարուստ գործարարին պատկանող բարեգործական հիմնադրամը: 2011-ի աշնանը նա Իվանիշվիլիի հետ միասին մուտք գործեց քաղաքական ասպարեզ, իսկ 2012-ի հոկտեմբերի 1-ի ընտրություններից հետո Իվանիշվիլիի կառավարությունում զբաղեցրեց ներքին գործերի նախարարի առանցքային համարվող պաշտոնը:

Այն ժամանակ շատերը լուրջ կասկածներ ունեին, թե Ղարիբաշվիլին ընդհանրապես ի վիճակի կլինի ղեկավարել մի կառույց, որ տարիներ շարունակ հանդիսանում էր Միխեիլ Սաակաշվիլիի իշխանության գլխավոր հենարաններից մեկը: Վերջին մեկ տարին, սակայն, ցույց տվեց, որ Ղարիբաշվիլին ոչ միայն կարողացավ իրեն ենթարկել ոստիկանական համակարգը, այլև պետք եղած պահերին այն ծառայեցնում էր նոր իշխանությունների շահերին:

Պատահական չէ, որ շաբաթ օրը Բիձինա Իվանիշվիլին հայտարարեց.- «Իրակլի Ղարիբաշվիլին բոլորին ապացուցեց, որ ինքն արժանի է զբաղեցնել վարչապետի պաշտոնը: Նրա ամենամեծ հաջողություններն արձանագրվեցին ներքին գործերի նախարար աշխատելու ժամանակ: Նա ընդամենը մեկ տարում կարողացավ եվրոպական մակարդակի ոստիկանություն ստեղծել»։

Միխեիլ Սաակաշվիլիի «Ազգային միացյալ շարժման» անդամները այս գնահատականի հետ բնականաբար կտրականապես համաձայն չեն:

«Երկու իրողություն է նկատելի: Մի կողմից միջոցներ են ծախսվել ոստիկանական նոր մեքենաներ գնելու համար, մյուս կողմից քրեածին իրավիճակի ակնհայտ կեղծ վիճակագրությունը ներկայացվում էր որպես իրականություն, նշվում էր անգամ, որ հանցագործությունների քանակը նվազել է մի քանի հազարով, ինչը պարզապես աբսուրդ է: Դրա փոխարեն, սակայն, տեղի ունեցավ արդեն իսկ արմատախիլ արված մի շարք հանցատեսակների վերադարձ, օրինակ, փողոցային հանցավորության: Եվ այդ ֆոնին մարդը հանկարծ զեկուցում է, որ ամեն ինչ շատ լավ է»,- նշում է ընդդիմադիր պատգամավոր Դավիթ Դարչիաշվիլին։

Թբիլիսցի վերլուծաբան Իրակլի Բերուլավայի կարծիքով՝ լայն հանրությանը անհայտ Ղարիբաշվիլիի առաջադրմամբ Բիձինա Իվանիշվիլին ամրապնդեց իր փաստացի իշխանությունը, որի ֆորմալ լծակներից նա պատրաստվում է հրաժարվել բառացիորեն մի քանի օրից:

«Վրաստանը, քվեարկելով Բիձինայի օգտին, չէր էլ մտածում Գեորգի Մարգվելաշվիլիի կամ Իրակլի Ղարիբաշվիլիի մասին: Այժմ այդ մարդկանցից մեկը երկրի նախագահն է, մյուսը՝ վարչապետը: Այս ամենի պատճառը քաղաքացիական հասարակության թուլությունն է: Դրա հետևանքով Վրաստանը որպես ֆորմալ ղեկավար՝ ստանում է իրեն լրիվ անծանոթ մեկին: Այս նշանակումներից հետո Իվանիշվիլին մնում է Վրաստանի միանձնյա կառավարիչը»,- նշում է թբլիսիցի վերլուծաբանը «Ազատություն» ռադիոկայանի վրացական ծառայությանը տված հարցազրույցում:
XS
SM
MD
LG