Մատչելիության հղումներ

Միխեիլ Սաակաշվիլիի հակասական ժառանգությունը


Միխեիլ Սաակաշվիլին քվեարկում է Վրաստանի նախագահական ընտրություններում, Թբիլիսի, 27-ը հոկտեմբերի, 2013թ․
Միխեիլ Սաակաշվիլին քվեարկում է Վրաստանի նախագահական ընտրություններում, Թբիլիսի, 27-ը հոկտեմբերի, 2013թ․

Վրաստանի քաղաքացիներն իրարամերժ կարծիքներ են հայտնում նրա նախագահության ավարտվող տասնամյակի մասին։

Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի պաշտոնավարության տասնամյակն ավարտվում է։ Արևմուտքի մեկնաբանների կարծիքով` նա խարիզմատիկ առաջնորդ է, սակայն պաշտոնավարման ընթացքում թույլ է տվել սխալներ և ձեռնարկել է վատ հաշվարկված գործողություններ։

Վրաստանի ներսում ոմանց համար Սաակաշվիլին կոռուպցիայի դեպ պայքարի առաջամարտիկ է և ջանք չի խնայել միջազգային ասպարեզում երկրի վարկը բարձրացնելու համար։ Ոմանք էլ նրան համարում են ավտորիտար ղեկավար, ով հալածել է մրցակիցներին, լռեցրել ընդդիմախոսներին և իր փոքրիկ երկիրը ներքաշել Ռուսաստանի հետ աղետալի պատերազմի մեջ։

Վրաստանի բնակիչներն իրարամերժ կարծիքներ ունեն նրա թողած քաղաքական ժառանգության մասին։ Ակնհայտ է, որ Սաակաշվիլին շատ բան է արել կոռուպցիայի դեմ պայքարում և նախաձեռնել է պատմական բարեփոխումներ, որոնց նպատակն է Վրաստանը դարձնել արևմտյան տիպի արդիական պետություն։ Բայց դեմոկրատիայի հարցում եղել են բազում թերացումներ։

Դրանք, Քարնեգիի կենտրոնի Հարավային Կովկասի հարցերով փորձագետ Թոմաս դը Վաալի համոզմամբ, «արդիականացումը առանց հասարակության մասնակցության, վերևից իրականացնելու հետևանք են»։

«Վրաստանի ղեկավարների շրջանում տիրել է գաղափար, որ առաջադիմության, արդիականացման, արևմտականացման գաղափարներն անհրաժեշտ է առաջ տանել, և դրա համար կարելի է կիրառել տրամադրության տակ եղած բոլոր` այդ թվում ոչ հաճելի միջոցները», - ասում է դը Վաալը։

2003-ին երիտասարդ Սաակաշվիլին ղեկավարեց «վարդերի հեղափոխությունը» և զանգվածային բողոքների միջոցով գահընկեց արեց խորհրդարանական ընտրությունները կեղծելու մեջ մեղադրվող քաղաքական վետերան, նախագահ Էդուարդ Շևարդնաձեին, ինչից հետո հայտնեց, որ երկիրը տանում է դեպի Արևմուտք։

Ժողովրդի աջակցության ալիքն այնքան հզոր էր, որ 2004-ին նա ընտրողների ավելի քան 96 տոկոսի աջակցությամբ նախագահ ընտրվեց։

Սակայն աջակիցներից շատերը, այդ թվում՝ ամենամերձավոր դաշնակիցներից մի քանիսը, ինչպես նաև Արևմուտքում նրան սատարող գործիչները, այսօր հիասթափված են։

Վրաստանն արագ քայլերով արդիականացնելու Սաակաշվիլիի արշավի արդյունքները միանշանակ չեն ընդունվում։ Նվաճումներից մեկը կոռուպցիայի դեմ պայքարն էր։

Gallup ընկերության հարցման համաձայն` 2012 թվականին կոռուպցիան լուրջ խնդիր է համարել Վրաստանի բնակիչների 25 տոկոսը, մինչդեռ 2007-ին այդ ցուցանիշը հասնում էր 52 տոկոսի։

Վերլուծաբանները բարձր են գնահատում կոռուպցիայից մաքրված հանրային ծառայություններ, արդյունավետ պետական համակարգ կայացնելու, արհեստավարժ նախարարներ և դիվանագետներ նշանակելու Սաակաշվիլիի գործելակերպը։

Նրա պաշտոնավարման օրոք համախառն ներքին արդյունքն ավելի քան կրկնապատկվել է, աննախադեպ բարելավվել է Վրաստանում բիզնես հիմնելու ընթացքը։ Սակայն բնակիչների մեկ քառորդը աղքատ է, իսկ 15 տոկոսը` գործազուրկ։

2007-ին Սաակաշվիլիի կարգադրությամբ իրավապահները կոշտ գործողություններով ցրեցին հակակառավարական ցույցերը։ Մեկ տարի անց երկիրը տանուլ տվեց Հարավային Օսիայի շուրջ Ռուսաստանի դեմ մղած պատերազմը։

Բանտերում կալանավորների նկատմամբ անմարդկային վերաբերմունքի մասին վկայող փաստերը վերջնականապես խարխլեցին մարդկանց մեծ մասի վստահությունը Սաակաշվիլիի վարչակարգի նկատմամբ, անցյալ տարվա հոկտեմբերին Բիձինա Իվանիշվիլիի «Վրացական երազանք»-ը հաղթեց, ինչից էլ սկսվեց Միխեիլ Սաակաշվիլիի քաղաքական կարիերայի անշեղ անկումը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG