Մատչելիության հղումներ

ՀՀԿ խոսնակ. Նախագահը տեղյակ չի եղել Զորի Բալայանի նամակից


ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանով
ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանով
Իշխող Հանրապետական կուսակցության մամուլի խոսնակ, Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը հայտարարում է՝ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը տեղյակ չի եղել, որ հրապարակախոս Զորի Բալայանը նամակ է հղել Ռուսաստանի նախագահին։

Այս մասին Շարմազանովը հայտարարեց երեկ երեկոյան տեղի ունեցած կուսակցության գործադիր մարմնի նիստից հետո լրագրողների հետ զրույցում։

Բալայանը օրեր առաջ բաց նամակ էր հղել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին, որի պատճառով խիստ քննադատության ենթարկվեց Հայաստանում։

Հրապարակախոսը Ռուսաստանի նախագահին և ողջ ռուս ժողովրդին հիշեցնում էր, որ Գյուլիստանի պայմանագրով Ղարաբաղը ռուսական կայսրության մաս էր կազմում, նշում նաև, որ այդ պայմանագիրը կնքվել է «հավերժական ժամանակների համար»։

«Իրոք, չկա Ղարաբաղի խնդիր, կա Ռուսաստանի խնդիր»,- գրում է Ղարաբաղի
անկախության համար ժամանակին պայքարած գրողը:

Շարմազանովի խոսքով՝ Բալայանի նամակում զետեղված մտքերը նրա կարծիքն ու տեսակետն է, և որ այդ նամակում իրականում Հայաստանի շահերին հակասող որևէ տեղեկություն կամ տեսակետ չկա։

«Պարզապես ինձ մոտ այնպիսի տպավորություն է, որ մեր հասարակության շատ ներկայացուցիչներ, ովքեր փորձեր կատարեցին մեկնաբանությամբ հանդես գալու, ուղղակի ուշադիր չէին կարդացել այդ նամակն ամբողջությամբ»,- ասաց Շարմազանովը։

Շարունակելով՝ ՀՀԿ ներկայացուցիչն ասում է, որ դեռ ավելին, Բալայանը պատմական ճշմարտություններ է գրել՝ Հայաստանն ամենևին էլ չհամարելով Ռուսաստանի մաս։

«Ես նման բան չեմ կարդացել, Հայաստանը Հայաստանն է, Արցախն էլ Հայաստանի մի մասն է, Արցախը Հայաստան է և վերջ»,- ասաց նա։

ՀՀԿ մամուլի խոսնակը անդրադարձավ նաև ընդդիմադիր «Ժառանգության» ներկայացուցիչ Զարուհի Փոստանջյանի հարցին։ Պատգամավորը արդեն քանի օր է շրջում է ոստիկանների ուղեկցությամբ՝ պաշտպանվելով նաև հանրապետական որոշ պատգամավորների հարձակումներից։

Հայաստանի նախագահին ուղղված Փոստանջյանի՝ հայտնի կազինոյի մասին հարցից հետո մի շարք հանրապետական պատգամավորներ հայհոյախառն հայտարարություններ հնչեցրեցին ընդդիմադիր պատգամավորի հասցեին։

Շարմազանովի կարծիքով՝ նրանք իրենց տեսակետներն են հայտնել, ինչի իրավունքը ունեն.- «Մեր կուսակիցները ներկայացրել են իրենց կարծիքը, կարող է մի քիչ զգացմունքային են եղել, բայց մարդիկ իրավունք ունեն իրենց կարծիքն արտահայտելու։ Եվ ես կարծում եմ, որ մենք չպետք է վատնենք մեր և ձեր թանկագին ժամանակը, որպեսզի դատարկ, սենսացիոն հայտարարությունների հետևից ընկնենք, ինչը որ անում են որոշ գործիչներ»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG