Մատչելիության հղումներ

ՀՀԿ-ի փոխնախագահը՝ Զորի Բալայանի նամակի մասին


Իշխող Հանրապետական կուսակցության փոխնախագահ Գալուստ Սահակյանն անընդունելի է համարում Ղարաբաղը Ռուսաստանի կազմում ընդգրկելու մոտեցումները:

Սահակյանի փոխանցմամբ՝ նման հարց ՀՀԿ-ում չի քննարկվել և, իր կարծիքով, չի էլ քննարկվի:

«Ղարաբաղն իր ինքնորոշումն արդեն կատարել է: Այնպես որ, ինձ համար դա մերժելի տարբերակ է՝ նույնիսկ եթե նման մտածումներ կան: Երբևիցե չեմ կարծում, որ ոչ թե միայն ես, այլ որևէ հայ այդպես մտածի՝ որ Ղարաբաղը կարող է որևէ այլ պետության կազմում լինել», - նշեց Սահակյանը:

Արցախի հերոս, հրապարակախոս Զորի Բալայանը, հիշեցնենք, բաց նամակ էր ուղղել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին, որտեղ վկայակոչելով Գյուլիստանի պայմանագիրը՝ Ռուսաստանի նախագահին փորձում է համոզել, որ Ղարաբաղը Ռուսաստանի մաս է:

Թեև Գալուստ Սահակյանը նամակից նման տպավորություն չի ստացել, բոլոր նրանց, ովքեր նման ցանկություններ ունեն, խորհուրդ է տալիս․ - «Ովքեր նման միտումներ ունեն, թող երեկոյան, երբ մթնշաղ է լինում, գնան Եռաբլուր, և նահատակների շշուկները կլսեն»:

Մամուլում կարծիք է շրջանառվում, թե Զորի Բալայանը չէր կարող նման նամակով հանդես գալ՝ առանց Սերժ Սարգսյանի գիտության: Սահակյանը համամիտ չէ դրան, որովհետև «կուսակցությունում և ընդհանրապես քննարկումների ընթացքում որևէ ակնարկ այդ մասին չի եղել»: Ավելին, ըստ Սահակյանի, անգամ Ռուսաստանի չի ցանկանա, որ Ղարաբաղը իր կազմում լինի:

«Եթե նախագահը տեղյակ լիներ, կամ բացարձակ անհավանական է նման մոտեցումը նախագահի այս հարցում, գոնե ես այդպես եմ կարծում․․․ այս տարիների ընթացքում որևիցե խոսակցություն կլիներ մեր քննարկումների ընթացքում», - ասաց նա և, հակադարձելով դիտարկմանը, թե գուցե իրավիճակ է փոխվել, հավելեց․ - «Ոչ: Դա էլ անհավանական է, որովհետև եթե նման մեսիջ լինի, ուրեմն պիտի թիմ, թիմեր նախապատրաստվեին, որպեսզի կողմնակիցներ լինեին: Ամենամեծ քաղաքական ուժն այսօր Հանրապետական կուսակցությունն է․ նույնիսկ նման գաղափար երբևցի չի արտահայտվել կուսակցության քննարկումների ընթացքում»:

«Կոնկրետ ինձ համար [այս մոտեցումը] մերժելի է», ֊ հավաստիացրեց ՀՀԿ֊ի փոխնախագահը:

Գիտությունների ազգային ակադեմիայի Պատմության ինստիտուտի տնօրեն Աշոտ Մելքոնյանը «Հայկական ժամանակ» օրաթերթին հետ զրույցում այսօր կարծիք է հայտնել, թե, ելնելով Զորի Բալայանի նամակից, պետք է հասկանալ՝ արդյո՞ք միջազգային ասպարեզում Ղարաբաղի վերաբերյալ վտանգավոր մի փաստաթուղթ չի պատրաստվում, գուցե շատ ավելի վատ, քան մադրիդյան մոտեցումներն են:

Գալուստ Սահակյանը, սակայն, պնդում է, թե որևէ նոր փաստաթղթի ձևավորում այս պահին չկա:

«Ազատություն» ռադիոկայանի հարցին, թե ինչու է Բալայանը գրել Ռուսաստանի նախագահին, ինչու այդ ավանդույթը չի վերանում, Գալուստ Սահակյանն արձագանքեց․ - «Որովհետեւ ինչ-որ մի տեղ պիտի գրեն ու անպատասխան մնան: Եթե մեր ազգային կեցվածքը պատմության որոշակի ընթացքում հառվել է դեպի Ռուսաստան՝ որպես փրկության միջոց, որն այդպես շարունակական պրոցեսում է: Դեռ մենք, որովհետև խորությամբ չենք զգում, թե պետությունը, պետականությունը ինչ է: Եթե ուզում ես ժառանգներն լավ ապրեն, պիտի երկիր ունենան: Եթե երկիր չունես, ուրեմն դու ոչինչ չունես»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG