Մատչելիության հղումներ

Բալայանի նամակը Պուտինին սուր քննադատության է արժանանում


Բալայանի նամակը Պուտինին սուր քննադատության է արժանանում
please wait

No media source currently available

0:00 0:03:47 0:00
Վլադիմիր Պուտինին հասցեագրված գրող, հրապարակախոս Զորի Բալայանի բաց նամակը դարձել է վերջին օրերի թերևս ամենաաղմկահարույց թեման։

Ծավալուն նամակում Բալայանը հիշեցնում է ոչ միայն Ռուսաստանի նախագահին, այլև ողջ ռուս ժողովրդին, որ Գյուլիստանի պայմանագրով Ղարաբաղը ռուսական կայսրության մաս էր կազմում, և ընդգծում, որ այս պայմանագիրը կնքվել էր հավերժական ժամանակների համար։

«Իրոք, չկա Ղարաբաղի խնդիր, կա Ռուսաստանի խնդիր», - գրում է Ղարաբաղի
անկախության համար ժամանակին պայքարած գրողը:

Վլադիմիր Պուտինի՝ Հայաստան կատարելիք հնարավոր այցից առաջ հրապարակված նամակը, ըստ ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանի, «հերթական քծնանքն է Կրեմլին»: Հայրիկյանի խոսքով, Զորի Բալայանը մոռացել է Ռուսաստանի թողտվությամբ ու մասնակցությամբ պատճառված կորուստների մասին՝ վանական ունեցվածքի առգրավումից մինչև «Կոլցո» օպերացիան:

«Ի՞նչ պիտի զեկուցեն Պուտինին: Պիտի ասեն՝ Զորի Բալայանը՝ հայտնի լրագրող, «վիստուպել ս օչերեդնիմ պոդխալիմաժեմ»: Ինքնորոշում բառը օգտագործող արցախցին, և այս պայմաններում «ռուսորոշման» մասին խոսելը դա, իհարկե, պիտի որ արժանապատվություն ունեցող ցանկացած մարդու վրդովեցներ: Դու ո՞վ ես, որ ինձ ստիպում ես, ես իմ ինքնորոշման տերն եմ, իմ երկրի վրա, իմ պապենական հողում ես եմ որոշելու․․․ Բնական է, պիտի առողջ մարդիկ դրա դեմ ընդվզեին»:

Զորի Բալայանի նամակը քննարկման նյութ է դարձել նաև Ղարաբաղում: ԱԺ նախկին պատգամավոր, լրագրող Գեղամ Բաղդասարյանը հիշեցնում է Բալայանին ու նրա տեսակետը պաշտպանողներին, որ Ստեփանակերտը իր ապագան ընտրել է 22 տարի առաջ՝ անկախության հանրաքվեով, և որ այսօր որևէ մեկը իրավունք չունի հանդես գալ Ղարաբաղի ժողովրդի անունից՝ հաշվի չառնելով այդ ժողովրդի կամքը։

«Բայց հանկարծ օրը ցերեկով հայտնվում է մեկը և ասում է՝ սա Ռուսաստան է «ի ֆսյո»: Առիթ ունեցել եմ ասելու ու փաստելու մի դառը ճշմարտություն․ մենք տիրասեր ու տիրադավ ժողովուրդ ենք: Ընդ որում, այս տիրադավությունը հիմնականում գալիս է չափից ավելի, անբնական տիրասիրությունից: Ինչքան տիրասեր, այնքան, գուցե անգամ կրկնակի տիրադավ ենք: Գրեթե բոլոր դարերում, բոլոր ժամանակահատվածներում մեր հայացքը հառել ենք այս կամ այն տիրոջը: Մենք իսկապես մեծ գնով նվաճել ենք այս անկախությունը և այսքան հեշտությամբ որևիցե մեկին տալ, ուղղակի աբսուրդ է»:

Ինքը՝ Զորի Բալայանը, հերքում է իր հասցեին հնչող մեղադրանքները։ Ասում է, որ Պուտինին հասցեագրված ծավալուն նամակի վրա աշխատել է շուրջ կես տարի։ Շարունակ գրել-ջնջել է, բայց բովանդակությունը հայրենիքում սխալ են հասկացել․ - «Բոլոր հարցերի պատասխանը կա այդ տեքստի մեջ: Որտե՞ղ եմ ես գրել, որ Ռուսաստանի մեջ պետք է լինի: Ես խոսում եմ Նախիջևանի մասին, խոսում եմ նրա մասին, որ եթե ուզում են հավաքվեն ու փոխզիջում անեն, ուզում եմ փոխզիջման ցուցակը իմանան: Չէ՞ որ Ղարաբաղը մեջն է՝ այդ ազատագրված հողերը: Եթե այս ազատագրված հողերը վերցնեն, թողնեն ընդամենը տասը կիլոմետր և այդ հողերը տան փաստորեն Ադրբեջանին կամ Թուրքիային, դու չես մտածում դրա մասին, մտածում ես, որ կարող է Ռուսաստանի՞ն տան»:

Չնայած նամակի շուրջ քննադատությունը չի դադարում, իսկ Ռուսաստանի բարձրաստիճան այրերից էլ դեռևս արձագանք չի հնչում, այդուամենյանիվ, Բալայանը չի բացառում, որ առաջիկայում կարող է Պուտինին ուղղված ևս մեկ նամակ հեղինակել։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG