Մատչելիության հղումներ

Գորիսի արյունալի միջադեպի գործը «անպայման կմտի դատարան»


Հակառակ Արդարադատության նախարար Հրայր Թովմասյանի այն պնդման, որ անձինք չեն կարող հրաժարվել իրենց նկատմամբ կիրառվող համաներումից, Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի տան դիմաց տեղի ունեցած արյունալի միջադեպի գործով այսօր միակ մեղադրյալ Արտակ Բուդաղյանի փաստաբան Հայկ Ալումյանը հայտարարում է, որ համաներումից հրաժարվելու` իր պաշտպանյալի իրավունքը ամրագրված է օրենքով։

Հունիսի 1-ի միջադեպի ժամանակ Սուրիկ Խաչատրյանի որդու կրակոցների հետևանքով մահացած Ավետիք Բուդաղյանի եղբոր՝ սպառնալիք հնչեցնելու մեջ մեղադրվող Արտակ Բուդաղյանի վրա համաներումը տարածվում է, բայց նախօրեին հայտնի դարձավ համաներումից հրաժարվելու՝ նրա մտադրության մասին։

Փաստաբանը վկայակոչեց Քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 6-րդ մասը, ըստ որի վաղեմության ժամկետներն անցնելու և համաներման հիմքերով «գործի վարույթի կարճում և քրեական հետապնդման դադարեցում չի թույլատրվում, եթե դրա դեմ առարկում է մեղադրյալը: Այս դեպքում գործի վարույթը շարունակվում է սովորական կարգով»։

Հայկ Ալումյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում հայտարարեց, որ այս գործը պետք է անպայման գնա դատարան և հրապարակային քննության իրականացվի:

«Եթե հիմա Արտակ Բուդաղյանի նկատմամբ համաներումը կիրառվեց, ապա քրեական գործի վարույթը ընդհանրապես պետք է կարճվի, որովհետև այսօր քրեական գործով միակ անձը, ով մեղադրյալ է, դա Արտակ Բուդաղյանն է։ Քրեական գործը կկարճվի և ընդհանրապես այլևս դատարանում քննության առարկա չի դառնա։ Մենք հասնելու ենք նրան, որ այս գործով իրականացվելու է հրապարակային դատավարություն, և այդ ժամանակ բոլոր այն կեղծ տեղեկությունները, որ տարածվում են նախաքննական մարմնի կողմից, կհերքվեն»,- ասաց Ալումյանը։

Սուրիկ Խաչատրյանի՝ սպանության և ապօրինի զենք-զինամթերք կրելու մեղադրանքներով կալանավորված որդին ու թիկնապահը ոչ միայն վերջերս ազատ արձակվեցին, այլ նրանց նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվեց այն հիմնավորմամբ, որ Տիգրան Խաչատրյանն ու Զարզանդ Նիկողոսյանը գործել են անհրաժեշտ ինքնապաշտպանության շրջանակներում։

Հայկ Ալումյանի պնդմամբ, համաներմամբ գործը կարճելը ձեռնտու է քննչական մարմնին և Խաչատրյանների կողմին, որպեսզի հանրությունը այդպես էլ չիմանա իրականությունը։

«Առ այս պահը հասարակությունից և նույնիսկ ինձանից պահվում են քրեական գործի նյութերը, ինձ չեն տրամադրվում: Հասկանալի է, ինչու է դա այդպես արվում»,- ասաց Ալումյանը,- «Մենք հասնելու ենք նրան, որ դա անպայման կմտնի դատարան, մենք դրա համար ամեն ինչ կանենք։ Երբ Սուրիկ Խաչատրյանի որդու և թիկնապահի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվեց, այն կողմից հնչեց նաև այսպիսի արտահայտություն, որ քանի որ այսօրվա դրությամբ միայն Արտակ Բուդաղյանն է մեղադրյալ, իսկ Լորետա Բարսեղյանն էլ տուժող է, ապա Լորետա Բարսեղյանը կհրաժարվի իր բողոքից և Արտակ Բուդաղյանի նկատմամբ քրեական հետապնդումը կդադարեցվի։ Դա էլ ներկայացվում էր իբր մեր նկատմամբ ինչ-որ լավություն։ Միայն մի նպատակ ուներ այդ սցենարը, անել ամեն ինչ, որպեսզի գործը չհասնի դատարան։ Այս գործը հասնելու է դատարան»։

Հանրության ուշադրության կենտրոնում գտնվող մյուս աղմկահարույց գործով՝ ընդդիմադիր ակտիվիստ Տիգրան Առաքելյանի գործով, համաներումը 2 տարի կալանավայրում գտնվող ակտիվիստի նկատմամբ կկիրառվի դատավճռով. ինչպես «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում նշեց ընդդիմադիր Կոնգրեսի իրավաբանական հանձնախմբի ներկայացուցիչ Արմեն Խաչատրյանը, Տիգրանը ազատ կարձակվի, եթե վերաքննիչը առնվազն նույնը թողնի ակտիվիստին 6 տարվա ազատազրկման դատապարտելու՝ առաջին ատյանի դատարանի վճիռը, բայց եթե պատժաչափը ավելացնի ու սահմանի 6 ու կես տարուց ավելի, նա դեռևս դուրս չի գա, պարզապես կարող է ազատազրկման ժամկետը կրճատվել։ Ըստ Խաչատրյանի, Առաքելյանի նկատմամբ կիրառվելու է համաներման ակտի 4.2 դրույթը, որը ազատ արձակում է նախատեսում պատժի մեկ երրորդը կրած լինելու պարագայում. Տիգրանը երկու տարի երկու ամիս է ազատազրկված։

«Անգամ եթե կկիրառվի համաներում, դա մենք չենք կարող համարել արդարացի դատական ակտ, քրեական գործի այս երկու տարիների ընթացքում, բացի հայկական արդարադատությունից, ամբողջ աշխարհին, միջազգային կառույցներին արդեն պարզ է, որ դա քաղաքական հետապնդում է, և Տիգրան Առաքելյանը քրեական օրենքով նախատեսված որևէ հանցագործություն, որևէ արարք չի կատարել։ Մենք այս պահին ակնկալում ենք բացառապես արդարացման դատական ակտ», - ասաց Խաչատրյանը։

Ինչ վերաբերում է նույն գործով 2 տարվա ազատազրկման դատապարտված, բայց առայժմ ազատության մեջ գտնվող Սարգիս Գևորգյանին ու Դավիթ Քիրամիջյանին, մեր հարցին, թե արդյոք համաներումը կտարածվի՞ նրանց վրա, հաշվի առնելով այն հանգամանքը, որ այլ գործով 2011-ին նրանք օգտվել են համաներման իրավունքից, Արմեն Խաչատրյանը պատասխանեց, որ պետք է սպասել Վերաքննիչ դատարանի որոշմանը։
XS
SM
MD
LG