Մատչելիության հղումներ

«Ժառանգությունը» մտահոգություններ ունի Սյունիքում կայանալիք ընտրությունների առնչությամբ


ՏԻՄ ընտրություններ, արխիվ
ՏԻՄ ընտրություններ, արխիվ
Ընդդիմադիր «Ժառանգություն» կուսակցությունը մտահոգություններ ունի Սյունիքի մարզի թիվ 38 ընտրատարածքում կայանալիք պատգամավորի լրացուցիչ ընտրությունների առնչությամբ։ Կապանը, Ագարակը, Մեղրին, Քաջարանն ու շրջակա 46 գյուղերն ընդգրկող այս ընտրատարածքում ընտրությունները սեպտեմբերի 29-ին են կայանալու։

Երեկ երեկոյան լրացավ ինքնաբացարկ հայտարարելու վերջնաժամկետը և իշխող Հանրապետական կուսակցության թեկնածու, Սյունիքի մարզպետի խորհրդական Արմեն Կարապետյանի միակ մրցակիցը մնաց ընդդիմադիր «Ժառանգություն» կուսակցության կողմից առաջադրված Սամվել Հայրապետյանը։ Երեք անկուսակցական թեկնածուները ընտրապայքարից հերթով դուրս էին եկել։ «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում հայտարարեց, որ իրենց շտաբն արդեն իսկ մտահոգիչ տեղեկություններ է ստանում։

«Ինձ հասած լուրերով, մարզպետարան են կանչվում գյուղապետերը, նրանց հրահանգներ են տրվում, թե ինչ պիտի անել. այսինքն՝ ադմինիստրատիվ ռեսուրսի օգտագործումը, ինչպես ավանդաբար եղել է իշխանության զինանոցումէ որպես անօրինական զենք, այդպես էլ մնացել է։ Երեկ ցավով տեղեկացա, որ արդեն կաշառքի բաժանման դեպքեր են սկսվել. իհարկե, մեր իրավապահները միշտ չեն տեսնում նմանատիպ դեպքերը»,- ասաց Մարտիրոսյանը.- «Մեզ սպասվելու է հերթական ընտրություն, երբ իշխանության ներկայացուցիչը գրեթե քարոզարշավ չի անում, իսկ ընդդիմության ներկայացուցիչը շատ ակտիվ քարոզարշավ է անում, բայց արդյունքում ունենում ենք այնպիսի քվեարկություն, որը չի բավարարում այն չափանիշներին, որ մենք կցանկանայինք տեսնել»։

Թիվ 38 ընտրատարածքում արտահերթ ընտրությունների անհրաժեշտություն, հիշեցնենք, առաջացավ նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի շուրջ սկանդալային իրադարձություններից հետո. երբ նրա տան դիմաց սպանվեց Ավետիք Բուդաղյանը, Սուրիկ Խաչատրյանը հրաժարական տվեց, և թիվ 38 ընտրատարածքից ընտրված 36-ամյա պատգամավոր Վահե Հակոբյանը նշանակվեց մարզպետի պաշտոնում։ Մեր հարցին, թե արդյոք Հանրապետական կուսակցության տարածքային կառույցը գլխավորող Սուրիկ Խաչատրյանի հետ կապված այս միջադեպն ու սպանության մեջ մեղադրվող նրա որդուն ու թիկնապահին ազատ արձակելու՝ իշխանությունների աղմկահարույց քայլը չեն ազդե՞լ ընտրողների տրամադրությունների վրա, Արմեն Մարտիրոսյանը դժվարացավ պատասխանել։

Ի դեպ երեկ, ինքնաբացարկ հայտնելու վերջնաժամկետի օրը Դաշնակցության Սյունիքի մարզային կոմիտեն հանդես եկավ ուշագրավ հայտարարությամբ։ Չնայած Դաշնակցությունը թեկնածու այս ընտրատարածքում չէր առաջադրել, բայց կառույցը իր ընտրողներին կոչ արեց չմասնակցել թիվ 38 ընտրատարածքի ընտրություններին, իսկ Հանրապետականի մրցակիցներին հորդորեց ինքնաբացարկ հայտարարել՝ «իշխանության կազմակերպած հերթական ֆարսին մասնակցելուց զերծ մնալու համար»։ Դաշնակցության հիմնական պատճառաբանությունն այն էր, որ մեծամասնական ընտրակարգով այս ընտրությունները, ըստ էության, նմանվելու են նախորդներին, ուստի չպետք է գործընթացին ներգրավվելով լեգիտիմացնել արդյունքը։ «Ժառանգության» համար անընդունելի են այս հորդորները։

«Նույն կոչի տրամաբանությանը եթե հետևենք, ուրեմն Դաշնակցության տեղական կառույցը պետք է Դաշնակցության Հայաստանի Գերագույն մարմնին կոչ աներ վայր դնել Ազգային ժողովի հինգ մանդատները, որովհետև հինգ պատգամավորները, ըստ էության, որոշումների վրա ազդեցություն չեն ունենում, և նույն ձևով այդ հինգ պատգամավորը, եթե նույն տրամաբանությանը նայենք, լեգիտիմացնում են 2012 թվականի նմանատիպ խայտառակ ընտրությունները»,- ասաց Արմեն Մարտիրոսյանը.- «Բայց չմասնակցելով դու ընդամենը օգնում ես իշխանություններին, շատ հանգիստ ասելու, որ՝ «տեսեք , ընդդիմություն էլ նույնիսկ չկա, որ թեկնածու դնի, ես ստիպված լինեմ կեղծելու»։ Չէ՞ որ, երբ ընդդիմադիր թեկնածու է լինում, նրանք ստիպված կեղծում են, հակառակ պարագայում շատ հանգիստ, շատ օրինական ընտրություն կանեն առանց կեղծիքի ու կասեն՝ «ընդդիմությունը գիտե, որ շատ թույլ է, դրա համար էլ չեկավ ու չմասնակցեց»։ Այսինքն, որ կողմով էլ նայես, այս հայտարարությունը ճիշտ հայտարարություն չէր»։

Թիվ 38 ընտրատարածքում փաստորեն այս պահին ոչ իշխանական ուժերից «Ժառանգությանը» սատարելու մասին հայտարարում է միայն ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսը։ ԲՀԿ-ն ևս որևէ կերպ չի մասնակցում գործընթացներին։ Կոնգրեսի փոխնախագահ Լևոն Զուրաբյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ողջունելի համարեց, որ «Ժառանգություն»-ը վերցրեց իշխանության նետած ձեռնոցը»։

«Մեր նախնական դիրքորոշումն այն էր, որ ուղղակի անիմաստ է այդ «լիսկայական», «լիսկայատիպ» տարածքում որևէ ընտրությանը մասնակցել, որովհետև այդ տարածքները հայտնի են ընտրակեղծարարության չափերով։ Բայց քանի որ «Ժառանգություն»-ը մտավ պայքարի մեջ, մենք դա գնահատում ենք։ Մեր համակիրներին կոչ ենք արել աջակցել «Ժառանգությանը», ընտրական հանձնաժողովներում ամենաուժեղ մարդկանց ենք դրել, և թափուր տեղերն էլ տրամադրել ենք «Ժառանգության»-ը»,- ասաց Զուրաբյանը։

Եվ Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանը, և իշխող Հանրապետական կուսակցությունը հերքում են հօգուտ իշխանական թեկնածուի վարչական ռեսուրսի գործադրման ու ընտրակաշառքի վերաբերյալ ընդդիմության պնդումները։ Մարզպետը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում հորդորեց օրինակներով խոսել, ընդգծելով, որ ինքը քարոզարշավի ընթացքում նույնիսկ խուսափում է թիվ 38 ընտրատարածքում ընդգրկված գյուղեր աշխատանքային այցերից, որպեսզի շահարկման առիթ չդառնա։ Իսկ ՀՀԿ խորհրդարանական խմբակցության քարտուղար Հովհաննես Սահակյանը ընդդիմադիր մրցակիցների պնդումները որակեց «հերյուրանքներ»։

«Ես միշտ դատապարտել եմ պարտվողական հոգեբանությունն ու կեցվածքը»,- ասաց Սահակյանը։
XS
SM
MD
LG