Մատչելիության հղումներ

ՀՅԴ Սյունիքի մարզկոմը կոչ է անում բոյկոտել թիվ 38-ի ընտրությունները


Դաշնակցության դրոշը կուսակցության հրավիրած հանրահավաքի ժամանակ, արխիվ
Դաշնակցության դրոշը կուսակցության հրավիրած հանրահավաքի ժամանակ, արխիվ
ՀՅ Դաշնակցության Սյունիքի մարզային կոմիտեն այսօր հայտարարությամբ է հանդես եկել՝ ընտրողներին կոչ անելով չմասնակցել թիվ 38 ընտրատարածքում սեպտեմբերի 29-ին անցկացվելիք Ազգային ժողովի պատգամավորի լրացուցիչ ընտրություններին, իսկ առաջադրված ոչ իշխանական թեկնածուներին առաջարկելով ինքնաբացարկ հայտարարել, «զերծ մնալ իշխանության ծրագրած ընտրական ֆարսին մասնակցելուց և թվացյալ մրցակցություն ստեղծելուց»:

Դաշնակցության մարզային կոմիտեն հայտնում է, որ «ընտրության արդյունքը չլեգիտիմացնելու» համար որևէ կերպ չի ներգրավվելու ընտրական գործընթացում:

Կոմիտեն ընդգծում է, որ այդ ընտրությունները «որևէ էական շրջադարձ չեն նշանավորելու, ըստ էության նմանվելու են նախորդ բոլոր «ընտրություններին», ՀՅԴ-ն հավատարիմ է մեծամասնական ընտրակարգի վերացման գաղափարին, չկան ընտրական գործընթացը ամբողջական վերահսկելու լիարժեք մեխանիզմներ, ինչը թույլ չի տալու ընտրական արդյունքը համարել արժանահավատ»:

Սյունիքի մարզպետի պաշտոնից Սուրիկ Խաչատրյանի հրաժարականից և պատգամավոր Վահե Հակոբյանի մարզպետ նշանակվելուց հետո թիվ 38 ընտրատարածքում թափուր մնացած մանդատի համար պայքարում է երեք թեկնածու՝ իշխող Հանրապետական կուսակցության կողմից առաջադրված Արմեն Կարապետյանը, ընդդիմադիր «Ժառանգություն» կուսակցության կողմից առաջադրված Սամվել Հայրապետյանը և ինքնաառաջադրված «Կապանի հաշվապահական հաշվառման գրասենյակ» ընկերության տնօրեն Վահրամ Հովհաննիսյանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG