Մատչելիության հղումներ

ՀՀԿ-ն «տրամադրված է» Սյունիքում մրցակիցներ ունենալ


Այսօր երեկոյան հրավիրված է իշխող Հանրապետական կուսակցության գործադիր մարմնի նիստը, որի ժամանակ պաշտոնապես կորոշվի թիվ 38 ընտրատարածքում Հանրապետականի թեկնածուն։

Սյունիքի մարզի մի մասն ընդգրկող այս ընտրատարածքում մեծամասնական ընտրակարգով պատգամավորի լրացուցիչ ընտրությունները նշանակված են սեպտեմբերի 29-ին։ Հանրապետականի Սյունիքի տարածքային կառույցը՝ Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի գլխավորությամբ, պատգամավորության թեկնածու է առաջարկել վերջին երկու տարիներին Սյունիքի մարզպետի խորհրդականի պաշտոնը զբաղեցնող Արմեն Կարապետյանին, ով 2002-ից մինչև 2008-ի դեկտեմբեր եղել է Կապանի քաղաքապետը։

Հանրապետական կուսակցության փոխնախագահ, Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը դժվարացավ ասել՝ կուսակցության գործադիր մարմինը կհաստատի՞ այս թեկնածությունը, թե՞ ոչ, միայն նշելով, որ անձամբ ինքը դրական կարծիքի է:

«Կուսակցության տարածքային կառույցների հին գործիչներից մեկն է, առավել ևս՝ նաև փորձ ունի, երկու անգամ ընտրվել է Կապանի տեղական համայնքի ղեկավար, լավ է բնութագրվում մեզանում», - «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց նա։

Թիվ 38 ընտրատարածքում պատգամավորի լրացուցիչ ընտրության անհրաժեշտություն, հիշեցնենք, առաջացավ Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի շուրջ սկանդալային իրադարձությունների հետևանքով, երբ Խաչատրյանը իր տան մոտ մահացու ելքով փոխհրաձգությունից հետո հրաժարական տվեց, և թիվ 38 ընտրատարածքից ընտրված 36-ամյա պատգամավոր Վահե Հակոբյանը նշանակվեց մարզպետի պաշտոնում։

Չնայած վաղը լրանում է առաջադրումների ժամկետը, բայց դեռ ընդամենը մեկ առաջադրում կա։ Առաջադրվել է անկուսակցական թոշակառու, ոչ մի տեղ չաշխատող Պավլիկ Սարգսյանը, ով ի դեպ նաև նախագահական վերջին ընտրություններում էր թեկնածությունն առաջադրել, բայց գրավի համար սահմանված գումարը չմուծելու պատճառով Կենտրոնական ընտրական հանձնաժողովը նրան չգրանցեց։

Քաղաքական ուժերից այսօր «Ժառանգությունն» ու Հայ հեղափոխական դաշնակցությունն են քննարկել հարցը: Դաշնակցությունը որոշել է չմասնակցել այս ընտրություններին, իսկ «Ժառանգությունը» դեռևս չի հրապարակում որոշումը. քննարկումից հետո կուսակցությունից մեզ փոխանցեցին, որ «Ժառանգությունը» մասնակցելու մտադրություն ունի, բայց վերջնական որոշման մասին կհայտարարվի վաղը։

Ոչ իշխանական մյուս քաղաքական ուժերը՝ «Բարգավաճ Հայաստանն» ու Հայ ազգային կոնգրեսը չեն մասնակցելու պատգամավորի լրացուցիչ ընտրություններին, չեն էլ քննարկել այդ հարցը։ ԲՀԿ–ն չի հիմնավորում իր քայլը, Հայ ազգային կոնգրեսը ևս պաշտոնական մեկնաբանությամբ հանդես չի գալիս, բայց կուսակցականները մեզ հետ զրույցներում անիմաստ էին համարում մասնակցությունը, կարծիք հայտնելով, որ Հանրապետականը ընտրակեղծիքներից հետ չի կանգնելու, կենտրոնացնելու է իր ռեսուրսները իր թեկնածուի հաղթանակն ապահովելու համար և այս իրավիճակում ընդամենը մեկ մանդատի համար ռեսուրսներ ծախսելը նպատակահարմար չէ։

Կոնգրեսի ներկայացուցիչ Վլադիմիր Կարապետյանը վկայակոչեց թիվ 1 ընտրատարածքում դեկտեմբերին կայացած պատգամավորի լրացուցիչ ընտրությունների նախադեպը, երբ ընդդիմադիր Ստյոպա Սաֆարյանը մրցում էր Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի աներորդու՝ Ռոբերտ Սարգսյանի հետ. - «Երբ ընդդիմության ճանաչված ներկայացուցիչը մասնակցեց ընտրություններին, և, հակառակ սպասումներին, որ նա ջախջախիչ հաղթանակ պիտի տանի անհայտ մեկի նկատմամբ, նա ստացավ 6-7 անգամ պակաս ձայն, քան Հանրապետականից մեկը, որին ոչ ոք ոչ ճանաչում էր, ոչ քարոզարշավ իրականացրեց»։

ՀՀԿ-ն այնուհանդերձ տրամադրված է Սյունիքում մրցակիցներ ունենալ: Գալուստ Սահակյանի կարծիքով, քաղաքական ուժերը միայն հաղթելու համար չէ, որ պետք է մասնակցեն ընտրություններին:

«Քաղաքական կուսակցությունները քաղաքականությամբ զբաղվող մարմիններ են, և միայն այն չէ, որ մասնակցեն ընտրություններին միայն հաղթելու համար», - ասաց նա, - «Այլընտրանքային գործիչներ են դառնում, և ժողովուրդն ընտրության լայն հնարավորություններ է ունենում։ Իսկ ինչ վերաբերում է խախտումներին, հենց թող մասնակցեն՝ Ընտրական օրենսգիրքը բոլոր հնարավորությունները տալիս է հսկելու, որպեսզի խախտումներ չլինեն՝ իրենց երևակայած խախտումները»։

Մինչդեռ Կոնգրեսը չի ուզում մրցակցության պատրանք ստեղծել:

«Գիտենք, թե ինչ ռեսուրսներ են, որտեղ չեն կարողանալու` վախով, փողի գործոնն է աշխատելու, հետևաբար ուղղակի մասնակցությունը և մրցակցության տպավորություն ստեղծելը մեր ծրագրերի մեջ չի մտնում»,- «Ազատություն» ռադիոկայանին ասաց ՀԱԿ պատգամավոր Լյուդմիլա Սարգսյանը։

Թիվ 38 ընտրատարածքում առաջադրումների վերջնաժամկետը վաղը երեկոյան ժամը վեցն է։
XS
SM
MD
LG