Մատչելիության հղումներ

Օսկանյանի դեմ հարուցված գործը կարճվել է


Ազգային անվտանգության ծառայությունը (ԱԱԾ) դադարեցրել է քրեական հետապնդումը նախկին արտգործնախարար, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար անդամ Վարդան Օսկանյանի նկատմամբ՝ պատճառաբանությամբ, թե վերջինս խոստովանել է ՍԻՎԻԼԻԹԱՍ հիմնադրամին բարեգործական նպատակներով նվիրաբերված գումարներն անձնական նպատակով օգտագործելու փաստը և վերականգնել է հարկային պարտավորություններից առաջացած տարբերությունը:

Նախկին արտգործնախարարը, մինչդեռ, հերքում է, թե որևէ խոստովանություն է արել ԱԱԾ-ում, իսկ առաջադրված մեղադրանքը, ըստ նրա, հանվել է հանցակազմի բացակայության պատճառով: «Չեն կարողացել ապացուցել եւ ստիպված են եղել այլ ճանապարհներով գործը կարճել», - ասված է Օսկանյանի տարածած հաղորդագրությունում:

Ինչպես «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց իշխող Հանրապետական կուսակցության փոխնախագահ, Ազգային ժողովում Օսկանյանի անձեռնմխելիությունից զրկելու ջատագով Գալուստ Սահակյանը, բոլոր այն հայտարարությունները, թե իշխանությունները հետապնդում էին նախկին արտգործնախարարին, հօդս ցնդեցին:

Սահակյանի կարծիքով, դրանք նախընտրական շրջանում ընտրողներին ակտիվացնելու նպատակ ունեին: Իսկ «Բարգավաճ Հայաստան»-ի կեցվածքում, ի տարբերություն նախընտրական շրջանի, նա ակնհայտ մեղմացում է տեսնում․ - «Քաղաքական դարձրեցին՝ էլի որոշակիորեն ակտիվացնելով իրենց գործունեությունը, իբրև թե նաև քաղաքական հետապնդումներ կարող են լինել: Եվ ես չեմ կարծում, որ դա գործին օգուտ տվեց: Գործին օգուտ տվեց ժամանակը՝ ամեն ինչը իր տեղը գցեց»:

ԱԱԾ-ում ավելի քան մեկ տարի առաջ փողերի լվացման և յուրացման փաստերով հարուցված քրեական գործի հիմքում ամերիկացի հայտնի բարերար Ջոն Հանթսմանի ընտանիքի կողմից Վարդան Օսկանյանի հիմնադրած ՍԻՎԻԼԻԹԱՍ-ին նվիրաբերված գումարներն էին: Իրավապահները պնդում էին, որ Հանսթմանների կողմից բարեգործական նպատակներով Օսկանյանի անձնական հաշվեհամարին փոխանցված ավելի քան 1 մլն 400 հազար դոլարից 181 հազարը Օսկանյանը յուրացրել է:

Գործի ողջ ընթացքում նախկին արտգործնախարարը, նրա կուսակիցներն ու մերձավոր շրջապատը պնդում էին, թե Օսկանյանի դեմ սկսված քրեական հետապնդումը քաղաքական պատվեր է, և պատճառը նրա քաղաքական ակտիվությունն է, հնչեցրած ընդդիմադիր ու կոշտ գնահատականները, երկրի նախագահի թեկնածու (ԲՀԿ-ից) դառնալու պատրաստակամության մասին հայտարարությունները:

Գործի շրջանակներում ԱԱԾ հրավիրվող Օսկանյանը ամիսներ շարունակ հիմնականում հրաժարվում էր ցուցմունք տալ՝ պատճառաբանելով, որ իր դեմ սկսված քրեական հետապնդումը շինծու ու անհիմն է:

ԱԱԾ-ի՝ այսօր տարածած հաղորդագրության մեջ ասված է, թե 5 օր առաջ Օսկանյանն է դիմել քննչական մարմին, ապա ցուցմունք է տվել՝ խոստավանելով, որ Ջոն Հանթսմանի կողմից ՍԻՎԻԼԻԹԱՍ հիմնադրամին բացառապես բարեգործական նպատակներով օգտագործելու համար նվիրաբերված գումարից մոտ 251 հազար դոլարն օգտագործել է անձնական նպատակներով՝ դա դիտարկելով, որպես գործարքի իր մասնաբաժին։

Քննչական մարմինը, հիշեցնենք, սկզբում 181 հազարի մասին էր խոսում:

Օսկանյանը, ինչպես ասված է ԱԱԾ֊ի հաղորդագրությունում, երեկ հատուցել է քրեական գործի հարուցումից հետո առաջացած հարկային պարտավորությունները՝ ավելի քան 20 մլն դրամը, ինչպես նաև ՍԻՎԻԼԻԹԱՍ հիմնադրամ է մուտքագրել Ջոն Հանթսմանի նվիրաբերած գումարների և դրա ավանդի տոկոսագումարի մնացորդ կազմող ավելի քան 1 մլն դոլարը:

«Իմ ամենամեծ թերացումն այն է, որ ՍԻՎԻԼԻԹԱՍ-ի համար նախատեսված և ինձ պահ տրված գումարներն ու այդ ժամանակ իմ ունեցած անձնական գումարները համարել եմ մի ամբողջություն: Իրոք եղել են պահեր, որ ՍԻՎԻԼԻԹԱՍ-ի գումարն անգիտակցաբար օգտագործել եմ իմ անձնականի համար: Եղել է նաեւ պահ, որ իմ անձնական գումարներից փոխանցվել է ՍԻՎԻԼԻԹԱՍ-ին», - ըստ ԱԱԾ-ի, իր ցուցմունքում նշել է Օսկանյանը:

«Եթե առաջնորդվենք ԱԱԾ-ի տրամաբանությամբ, ապա ստացվում է, որ հնարավոր է, օրինակ, հափշտակել պետական բյուջեի միջոցներ, դրանք համարել անձնական եկամուտ, դիմել համապատասխան պետական մարմիններին և խնդրել այդ գումարների մասով կատարել հարկային պարտավորությունները և քրեական գործը կարճել», - իր ցուցմունքի հրապարակումից հետո առարկել է Օսկանյանը:

Նա այսօր չի մեկնաբանել իր և ՍԻՎԻԼԻԹԱՍ-ի դեմ սկսած և մեկ տարուց ավելի տևած գործընթացը՝ «դատողությունները թողնելով հանրությանը»:

Նա չի անդրադարձել նաև ԱԱԾ֊ի հավաստիացումներին, թե իր վերջին ցուցմունքում հատուկ ցանկացել է շեշտել, որ չնայած նախաքննական գործընթացներում ներքաշվելու տհաճությանը, քննիչների վերաբերմունքը իր հանդեպ եղել է հարգալից և օրենքի շրջանակներում:

ԱԱԾ-ից «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեցին, թե քանի որ գործով միակ մեղադրյալն Վարդան Օսկանյանն էր, անցած տարվա մայիսին հարուցված գործը կարճվել է:
XS
SM
MD
LG