Մատչելիության հղումներ

ԱԱԾ․ Օսկանյանը խոստովանել է, որ 250.795 դոլարն օգտագործել է անձնական նպատակներով


ԱԱԾ քննչական վարչությունը հաղորդագրություն է տարածել, որում ասվում է, որ «Սիվիլիթաս» հիմնադրամի հիմնադիր, ՀՀ նախկին արտգործնախարար, «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Վարդան Օսկանյանը խոստովանել է, որ Ջոն Հանթսմանի կողմից «Սիվիլիթաս» հիմնադրամին բացառապես բարեգործական նպատակներով օգտագործելու համար նվիրաբերված գումարից 250.795,26 ԱՄՆ դոլարն օգտագործել է անձնական նպատակներով՝ դա դիտարկելով, որպես գործարքի իր մասնաբաժին։

«Ես բնականաբար ոչ հաշվապահ եմ, ոչ իրավաբան և նախաքննության այս փուլում չեմ բացառում, որ եղել են հաշվապահական գործառնավարական թերացումներ, որոնք չեն հետապնդել իմ կողմից գումարի հափշտակության և դրա օրինականացման միտումնավոր բնույթ», - ըստ տարածված հաղորդագրության, մասնավորապես, ԱԱԾ-ին ասել է Օսկանյանը, - «Արձանագրված խախտումների պայմաններում ես պատրաստ եմ ՀՀ օրենքներին համապատասխան փոխհատուցել որպես վնաս հաշվարկված 250.795,26 ԱՄՆ դոլարից գոյացող հարկերը»:

Նախկին արտգործնախարարը նաեւ ասել է․ - «Իրոք եղել են պահեր, որ Սիվիլիթասի գումարն անգիտակցաբար օգտագործվել է իմ անձնականի համար։ Եղել է նաև պահ, որ իմ անձնական գումարից փոխանցվել է Սիվիլիթաս Հիմնադրամին»:

Հիշեցնենք, նախկին արտգործնախարարը, ով մեղադրվում է փողերի լվացման և յուրացման մեջ, բազմիցս հայտարարել է, որ իրեն առաջադրված մեղադրանքներն անհիմն են, և հիմքում քաղաքական պատվեր է տեսնում:

«Ազատություն» ռադիոկայանն այսօր կապվել է Վարդան Օսկանյանի հետ, ով նշել է, որ առաջիկա ժամերին ԱԱԾ հաղորդագրության կապակցությամբ հանդես կգա հայտարարությամբ:


Աստղիկ Բեդևյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG