Մատչելիության հղումներ

«Օսկանյանի նկատմամբ քաղաքական հետապնդում է իրականացվում»


Գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը Ազգային ժողովում ներկայացնում է Վարդան Օսկանյանին պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու միջնորդագիրը, Երեւան, 1-ը հոկտեմբերի, 2012թ.
Գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը Ազգային ժողովում ներկայացնում է Վարդան Օսկանյանին պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու միջնորդագիրը, Երեւան, 1-ը հոկտեմբերի, 2012թ.
Ընդդիմադիր կուսակցությունների ներկայացուցիչները համոզված են` Վարդան Օսկանյանին փողերի լվացման մեջ մեղադրելը եւ նրան պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելը իշխանությունների կողմից իրականացվող քաղաքական հետապնդում է:

Գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը, երկուշաբթի օրը ելույթ ունենալով Ազգային ժողովում, «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր, Հայաստանի նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանին մեղադրեց «Սիվիլիթաս» հիմնադրամին հատկացված գումարներից 180 հազար դոլար յուրացնելու մեջ, իսկ երեքշաբթի օրն էլ խորհրդարանը փակ գաղտնի քվեարկությամբ բավարարեց գլխավոր դատախազի համապատասխան միջնորդությունը եւ Օսկանյանին զրկեց պատգամավորական անձեռնմխելիությունից:

Հայ ազգային կոնգրեսի խորհրդարանական խմբակցության անդամ Լյուդմիլա Սարգսյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց. - «Հիմքում էս ամեն ինչի, իհարկե, դրված է քաղաքական նպատակ։ Վարդան Օսկանյանը ճիշտ է գնահատում իրավիճակը, երբ ասում է, որ սա քաղաքական հետապնդում է։ Որովհետեւ եթե զուտ իրավական հարթության մեջ նայեինք էս ամեն ինչը, ապա այս գործին կարելի էր անդրադառնալ մեկ տարի առաջ, տարիուկես առաջ»։

«Եվ, վերջին հաշվով, եթե իշխանությունները փորձում են իրավական հարթության մեջ տանել այս գործը, ապա ես կարծում եմ, որ նմանատիպ տասնյակ, հարյուրավոր գործեր [իշխանությունները] կարող են հարուցել հենց իրենց կողմնակիցների նկատմամբ», - հայտարարեց Սարգսյանը` շարունակելով. - «Բայց, ինչպես տեսնում եք, ոչ մի նման բան չի արվում։ Նույն Վարդան Այվազյանի թեմայով որեւիցե խոսակցություն չի գնում Ազգային ժողովում. նույն դատախազ Հովսեփյանը ոչինչ չի անում, որպեսզի փորձի ճշտել, թե որքանով ամերիկյան դատարանը արդարացի վճիռ է կայացրել Վարդան Այվազյանի նկատմամբ ,եւ նույն կերպ չի մտնում Ազգային ժողով, որպեսզի փորձի զրկել անձեռմխելիությունից եւ փորձի ներգրավել Վարդանին որպես մեղադրյալ»։

«Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ, Ազգային ժողովի պատգամավոր Ռուբեն Հակոբյանը, իր հերթին, «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ընդգծեց. - «Փողերի լվացումը իրականում կոռուպցիոն դրսեւորումներից մեկն է, եւ եթե իշխանությունները իսկապես նպատակ ունեն պայքարել կոռուպցիայի դեմ, ապա թող գլխավոր դատախազը գար խորհրդարան եւ փորձեր բոլոր պատգամավորներին զրկել անձեռնմխելիությունից։ Որովհետեւ իսկապես խորհրդարանը այն տեղն է, որտեղից կարելի է սկսել սկզբունքային պայքարը կոռուպցիայի դեմ»:

ՀՅ Դաշնակցության խորհրդարանական խմբակցության անդամ Արծվիկ Մինասյանն էլ համոզմունք հայտնեց, որ գլխավոր դատախազի միջնորդագիրը զուրկ էր իրավական հիմքից։

«Ես ավելի շատ տեսնում եմ էստեղ պարոն Օսկանյանի նկատմամբ ինչ-որ մի հարձակողական գործողություն, մարդ, որը իսկապես հանդես է եկել ընդդիմադիր դիրքերից եւ կարողացել է հիմնավորված քննադատություն ուղղել իշխանությունների հասցեին։ Եվ Վարդան Օսկանյանը կարողացավ իսկապես քննադատության մի այնպիսի նշաձող սահմանել, որը դարձավ անընդունելի իշխանությունների համար», - «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց դաշնակցական պատգամավորը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG