Մատչելիության հղումներ

«Հարսնաքարի» գործ. վկաները խուսափում են մանրամասներից


Ռազմական բժիշկ Վահե Ավետյանի մահվան գործով դատավարության այս փուլում դատարանին ցուցմունք տված լրացուցիչ վկաները հիմնականում հրաժարվում են ստույգ պատասխաններ տալ: Լրացուցիչ վկաները «Հարսնաքար» ռեստորանային համալիրի աշխատողներն են, Ֆուտբոլի ֆեդերացիայի ակադեմիայի ղեկավար ներկայացուցիչներ եւ անձինք, ովքեր դեպքի ժամանակահատվածում հեռախոսազանգեր են ստացել ամբաստանյալներից:

Տուժող կողմի միջնորդությամբ դատարան հրավիրված ութ լրացուցիչ վկաներ երեկ միաբերան կրկնում էին, թե չեն իմացել` ինչ է կատարվել: Նման ցուցմունքներ տվեցին մատուցողներ Դավիթ Գրիգորյանը, Հայկ Ազատիկյանը, Վահան եւ Բագրատ Հարությունյանները, ինչպես նաեւ այս մատուցողներին գործով «Հարսնաքար» կանչող մեկ այլ մատուցող վկա՝ Պավել Հարությունյանը:

«Թեթեւ լսել ենք, որ ինչ-որ վեճ է եղել», - ասաց Հարությունյանը:

Ինչո՞ւ են վկաները դատարանում միահամուռ հրաժարվում մանրամասներ պատմելուց. Պավել Հարությունյանն, իր ցուցմունքի համաձայն, որոշել է «Հարսնաքարի» դեպքից հետո հեռու մնալ ամեն ինչից: Խուսափողական պատասխաններ տվողների շարքում էր նաեւ 22-ամյա վկա Վահան Հարությունյանը, ով բացի «Հարսնաքարից», աշխատում է նաեւ նախագահի աշխատակազմում` սպասարկում է նախագահին եւ նրա հյուրերին: Պարզվում է` վկան նույնիսկ չի ճանաչում Ռուբեն Հայրապետյանին, ըստ ցուցմունքի` նրան ընդհանրապես չի տեսել «Հարսնաքարում»:

Դատավարության այս փուլում լրացուցիչ վկաները հարցաքննության են հրավիրվել տուժող կողմի միջնորդությամբ: Տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչներ Տիգրան Եգորյանը եւ Լուսինե Հակոբյանը միջնորդության մեջ նշել են, որ նախաքննական մարմինն այս վկաներին ժամանակին հարցեր չի ուղղել մի շարք կարեւոր հանգամանքների մասին: Նախաքննական մարմինը կարեւոր հարցեր չի ուղղել, մասնավորապես, երեկ դատարանում հարցաքննված Արթուր Մանուկյանին: Նա Ֆուտբոլի Ֆեդերացիայի «Տեխնիկական կենտրոն» ակադեմիայի տնօրենն է: Մանուկյանը, ըստ նախաքննության տվյալների, 22:19 րոպեին հեռախոսազանգ է ստացել ամբաստանյալ Արման Բաղդասարյանից, չի պատասխանել եւ ետ չի զանգել: Նրա խոսքով` զանգը ընդհատվել է, իսկ Ռուբեն Հայրապետյանը այդ ժամանակ ակադեմիայում է եղել:

Տուժող կողմի փաստաբանները դատարանին ներկայացրած հիմնավորումների մեջ նշել են, որ ըստ նախաքննության, նույն րոպեին՝ 22:19-ին, ամբաստանյալ Գարիկ Մարգարյանին պատկանող հեռախոսից զանգ է եղել երեկ հարցաքննված մյուս վկային՝ Ֆուտբոլի ակադեմիայի փոխտնօրեն Մամիկոն Հարությունյանին: Հարությունյանն ասում է` իր հիշելով Մարգարյանը իրեն զանգել ու ֆուտբոլի մասին է հարցրել:

Նախաքննության ժամանակ այս վկան չէր հիշել, թե ինչի համար է իրեն զանգահարել Վահե Ավետյանին մահվան հասցնելու մեջ մեղադրվող Գարիկ Մարգարյանը: Ի դեպ, հեռախոսազանգի նշված ժամը համընկնում է դեպքի ժամանակահատվածին` ըստ դատարանում հնչած մի շարք ցուցմունքների: Այդ պահին «Հարսնաքարից» ոչ հեռու՝ Ֆուտբոլի ակադեմիայում է եղել «Հարսնաքարի» սեփականատեր Ռուբեն Հայրապետյանը, հենց այդ ժամանակ էլ նա իմացել է դեպքի մասին: Այս հանգամանքը ավելի վաղ դատարանին հայտնել էր ինքը՝ Ռուբեն Հայրապետյանը:

«Տպավորություն է ստեղծվում, որ այն ժամից մի քանի րոպե առաջ, որ ըստ տարբեր նկարագրությունների, տեղի է ունեցել դեպքը` ծեծը, մի շարք մարդիկ իրար հետ հեռախոսազանգեր են ունեցել եւ ենթադրաբար նրանց հրավիրել են դեպքի վայր», - ասում է տուժող իրավահաջորդի ներկայացուցիչ, փաստաբան Տիգրան Եգորյանը:

Ամբաստանյալների պաշտպանները դատավարության այս փուլում չեն թաքցնում դժգոհությունը՝ լրացուցիչ վկաների հարցաքննության կապակցությամբ: «Այդ վկաները դեպքին ոչ մի առնչություն չեն ունեցել», - պնդում է ամբաստանյալ Դավիթ Ադամյանի պաշտպան Սերգեյ Մկրտչյանը:

Մինչդեռ Տիգրան Եգորյանը կարծում է, որ լրացուցիչ վկաներին դատարանում հարցաքննելն անհրաժեշտություն է, քանի որ այդ մարդիկ «հակված են չեն ճշմարտությունը պատմելու` ենթադրաբար նպատակ ունենալով չվնասել ոչ «Հարսնաքար» ռեստորանին, ոչ Ֆուտբոլի ֆեդերացիային, ոչ Ռուբեն Հայրապետյանին եւ ոչ էլ ամբաստանյալներին»:

Ակնկալվում է, որ մի շարք այլ վկաների հարցաքննության վերաբերյալ դատարանը որոշում կկայացնի գալիք երեքշաբթի:
XS
SM
MD
LG