Մատչելիության հղումներ

Ռուբեն Հայրապետյան. Ոչ ոք չի կարող ինձանից հրաժարական պահանջել


«Ես չեմ պատկերացնում մի մարդ, ով ինձ ստիպի հրաժարական տալ: Ոչ ոք ինձանից չի կարող դա պահանջել», - հինգշաբթի կայացած մամլո ասուլիսում խոսելով իր հրաժարականի պահանջների մասին` Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանը այսպես արձագանքեց «անձնական նկատառումներով» իր հրաժարականը պահանջող մի քանի անձանց մասին:

Երեկ «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում, Ռուբեն Հայրապետյանը պատասխանելով այն հարցին, թե արդյոք հրաժարվելու ցանկությո՞ւն չունի, ասել էր, որ ունի, քանի որ երբ ժողովուրդը մի բան ուզում է, ինքը անում է:

Այսօր ասուլիսի ժամանակ նա բացատրեց` երեկ ասել է, որ եթե երկրպագուները, ժողովուրդը ցանկանա, ապա ինքը հրաժարական կտա, բայց, եթե մի քանի հոգի իրենց անձնական նկատառումներով ցանկանում են, որ հրաժարական տա, ապա դա անհեթեթություն է:

«Էլ ի՞նչ պիտի անեմ, ինձնից ի՞նչ եք ուզում, կամ ով ա իմ չափ արել իմ տեսակի մարդկանց մեջ էս երկրի համար, որ չեմ արել, կարո՞ղ եք ասել մի հատ սպորտդպրոց ա սարքել, մենակ մեծ-մեծ խոսալով չի ու հեռուստատեսությամբ շոուներ սարքելով», - ասաց Հայրապետյանը:

Ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահը իրեն քննադատողներին կոչ արեց թողնել վիրտուալ կյանքը, եւ առանց վախի գալ իր հետ հանդիպման. - «Թող գան, նստեն քննարկենք, թող ասեն, թե ինչ վնաս եմ տալիս հայկական ֆուտբոլին»:

Անդրադառնալով Հայաստան-Մալթա եւ Դանիա-Հայաստան ֆուտբոլային հանդիպումներին, «Ազատություն» ռադիոկայանի այն հարցին, թե ինչը՞ փոխվեց Մալթայի հետ խաղից հետո, Հայրապետյանը պատասխանեց, որ Մալթայի դեպքում մեր ֆուտբոլիստները թերագնահատել են մրցակցին, իսկ Դանիայի դեպքում նորմալ խաղացել են, ոչ մի հերոսություն չեն արել:

Հայրապետյանը ասաց, որ Հայաստան-Մալթա խաղից առաջ կայացած մարզմանը Յուրա Մովսիսյանը ուշ էր ներկայացել, ինչի համար նրան մեկ օրով հեռացրել էին հավաքականից, բայց հետո Մովսիսյանը հասկացել է իր սխալը, եւ բացատրել պատճառները:

Անդրադառնալով այն խոսակցություններին, թե հավաքականի ներսում ֆուտբոլիստների փոխհարաբերությունները լարված են, Հայրապետյանը ասաց, որ ընդամենը մի քանի ֆուտբոլիստ փորձել են իրենց ավելի բարձր դասել մյուսներից, բայց ինքը դա թույլ չի տվել:

Ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահը ասաց, որ իրեն հաճախ են մեղադրում հավաքականի գործերին խառնվելու մեջ, բայց դա իր աշխատանքն է:

Ասուլիսի ավարտին նա ասաց, որ կարող է մի քանի հոգի վարձել, ովքեր իր փիարով կզբաղվեն, բայց չի ուզում, նա պարզապես կոչ է անում բոլորին ուսումնասիրել իր գործունեությունը, արած աշխատանքը:

«Դուք դեռ հետո կհասկանաք, թե ինչեր եմ արել», - եզրափակեց Հայրապետյանը:

please wait

No media source currently available

0:00 0:03:29 0:00
Ուղիղ հղում
XS
SM
MD
LG