Մատչելիության հղումներ

Փորձագետները չեն բացառում Սարգսյան - Հովհաննիսյան հանդիպումը


Վերլուծաբանները՝ քաղաքական նամակագրության մասին
please wait

No media source currently available

0:00 0:43:53 0:00
«Ժամանակ» օրաթերթի եւ 1in.am լրատվական կայքի գլխավոր խմբագիր, քաղաքական մեկնաբան Արման Բաբաջանյանը չի բացառում, որ մինչեւ ապրիլի 9-ը ինչ-որ մի ձեւաչափով կարող է տեղի ունենալ Սերժ Սարգսյան - Րաֆֆի Հովհաննիսյան հանդիպում:

«Ազատություն» ռադիոկայանի տաղավարում կայացած քննարկման ժամանակ Բաբաջանյանը նշեց, որ թեեւ իրավիճակը համարում է փակուղային, բայց` ոչ ճգնաժամային:

Նա նաեւ չի բացառում, որ իշխանությունն ու Րաֆֆի Հովհաննիսյանի գլխավորած ընդդիմության հատվածը առաջիկայում կարող են ինչ-ինչ հարցերում փոխհամաձայնության գալ. - «Կարծում եմ, որ հանդիպումը անպայման կկայանա»:

Քննարկման մյուս մասնակիցը` Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի փորձագետ Էդգար Վարդանյանը եւս չի բացառում նման հանդիպման հնարավորությունը: Նա, սակայն, դա չի բացատրում երկուստեք փոխհամաձայնության հնարավորությամբ: Վարդանյանի խոսքով` ընդդիմությունը չի հեռանա հրապարակից եւ իր նպատակներին կփորձի հասնել «հասարակական ճնշման աստիճանական ուժեղացման շնորհիվ»:

Եվ այդ պարագայում իշխանությունները հարկադրված կլինեն ավելի մեծ զիջումների գնալ. - «Ես կարծում եմ, որ ընդդիմությունը, Րաֆֆի Հովհաննիսյանը չի հեռանա Ազատության հրապարակից, մինչեւ որ չստորագրվի այդ փաստաթղթի տակ: Այսինքն` մինչեւ որ այդ փաստաթուղթը չլինի, եւ ստորագրություններ չլինեն: Կարծում եմ, որ մինչեւ ապրիլի 9-ը հավանական է, որ հանդիպում լինի: Նաեւ, հնարավոր է, որ երկու նամակ էլ լինի… Սերժ Սարգսյանը պետք է պատասխանի Րաֆֆի Հովհաննիսյանի այս նամակին, նաեւ այս ասուլիսին, եւ ի պատասխան այդ նամակին Րաֆֆի Հովհաննիսյանը պետք է հայտարարություն անի, նաեւ բաց նամակի միջոցով, հավանաբար, դա արվի: Դրանից հետո արդեն, ինձ թվում է, այդ նամակների բովանդակությունը պետք է վերաբերի նաեւ հանդիպմանը»:

Արման Բաբաջանյանի դիտարկմամբ` ներկայիս կացությունը որոշակի առումով ձեռնտու է թե’ Րաֆֆի Հովհաննիսյանին, թե’ Սերժ Սարգսյանին: Վերջինս գոնե այժմ չի ցանկանում, որ Հովհաննիսյանն ընդդիմադիր դաշտը զիջի այլ ուժերի` մասնավորապես, ԲՀԿ-ին, ՀԱԿ-ին եւ Դաշնակցությանը. - «Երկուստեք խնդիր է դրված ամեն ինչ անել, որպեսզի գործընթացներն Ազատության հրապարակից չտեղափոխվեն այլ տիրույթներ, եւ հնարավորինս իշխանությունը փորձում է գործընթացները պահել Րաֆֆի Հովհաննիսյանի տնօրինության եւ վերահսկողության տակ: Որովհետեւ այսօր ակնհայտ է, որ հրապարակից դուրս նաեւ քաղաքական մի բեւեռ է զարգանում, որը կիսախանդով կամ ուղղակի արդեն նկրտումներով հասկանում է, որ գործընթաց է սկզբնավորվել եւ իրենք դուրս են մնում խաղից: Խոսքը ԲՀԿ-ի գլխավորությամբ այն մի քանի սատելիտների [արբանյակների] մասին է կուսակցական, որոնք հստակ տեսնում են, որ իրենցից դուրս, առանց իրենց մասնակցության իշխանությունը սկսում է մի գործընթաց, որն իրենց ընդհանրապես լուսանցքում է թողնելու` Հայ ազգային կոնգրես եւ Դաշնակցություն: Եվ հասկանալի է, որ այստեղ թե’ Րաֆֆի Հովհաննիսյանը իր դեմքը փրկելու խնդիր ունի, ինչ-որ ձեւով նաեւ` լուծումներ գտնելու, թե ինչպես պիտի դուրս գա այս վիճակից, եւ թե’ իշխանությունն ամեն ինչ անում է, որպեսզի նորից փրկի Րաֆֆի Հովհաննիսյանի դեմքը, որպեսզի չարատավորվի եւ հնարավորինս մաքուր կերպարով հնարավոր լինի խոսել եւ առաջ անցնել»:

Էդգար Վարդանյանը, մինչդեռ, պնդում է, որ իշխանության եւ Րաֆֆի Հովհաննիսյանի նպատակները միանգամայն տարբեր են: Համընկնում, նրա խոսքով, կա թերեւս մի հարցում. - «Երկուսն էլ, կարծես թե, ցանկություն ունեն նստել սեղանի շուրջ: Բայց նպատակները, օրակարգը լիովին տարբեր են: Եվ մենք տեսնում ենք նաեւ, որ այսօր, օրինակ, կրկին Րաֆֆի Հովհաննիսյանը հայտարարեց, որ փաստաթուղթը, որը ներկայացվել է եւ որը կարող է լինել բանակցությունների հիմք, անբաժանելի է: Այսինքն` այստեղ նշված են այն հիմնական նվազագույն պահանջները, նվազագույն շեմը, եւ տարբեր կետերը միասնական են: Նաեւ ասվեց, որ եթե ինչ-որ կետ հանվում է, դրան համարժեք կետ պետք է դրվի: Արդյո՞ք պատրաստ են իշխանությունները նման օրակարգով այսօր բանակցել: Ես կարծում եմ, որ ոչ»:

Մասնավորապես, Վարդանյանի խոսքով, իշխանությունները պատրաստ չեն իշխանությունը էապես զիջել, քանի որ դա կնշանակեր հասարակական լուրջ վերահսկողություն իշխանական համակարգի նկատմամբ, ինչը կարող է տեղի ունենալ միայն «հասարակական համապարփակ ճնշման» պարագայում:
XS
SM
MD
LG