Մատչելիության հղումներ

Ռուբեն Հակոբյան. «Երկխոսությունը պետք է ընդունվի, բայց՝ պայմանով»


Ռուբեն Հակոբյան, արխիվ
Ռուբեն Հակոբյան, արխիվ
Երկխոսության առաջարկությունը պետք է ընդունվի, եթե երկխոսության արդյունքում լինելու են հստակ ոչ կոսմետիկ լուծումներ: «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում այսպիսի կարծիք հայտնեց Ազգային ժողովի «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը։

Նախագահ Սերժ Սարգսյանը, հիշեցնենք, երեկ պատասխանելով նոր արտահերթ նախագահական եւ խորհրդարանական ընտրություններ հրավիրելու կամ առնվազն 8 պաշտոններ զիջելու, ընտրակեղծարար մարզպետներին պաշտոնանկ անելու` «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի վերջին առաջարկներին, պատրաստակամություն է հայտնել երկխոսել եւ հորդորել է Հովհաննիսյանին դադարեցնել հացադուլը:

«Որքան էլ ինձ հասցեագրված գրավոր նյութը հեռու է պետության եւ պետական իշխանության ձեւավորման վերաբերյալ պատշաճ պատկերացումներից եւ ուղղակիորեն հակասում է գործող սահմանադրական կարգավորումներին, այն, այդուհանդերձ, կարող է օգնել արդյունավետ երկխոսություն սկսելու համար: Ես վստահ եմ, որ եթե մենք սկսենք միասին նպատակադրված աշխատել, հիմնվելով պատկերացումների ընդհանրությունների վրա, հաստատապես արդյունքի կհասնենք», - նշել է Սերժ Սարգսյանը:

«Պարզ է, որ կա այդ երկխոսության առաջարկություն։ Իհարկե, ես կխուսափեի որոշ բառերից, որոշ գնահատականներից՝ առաջարկության հետ կապված, բայց հիմա այս պահին դա երկրորդական ենք դիտում», - «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց Ռուբեն Հակոբյանը՝ շարունակելով. - «Կա հարթակ երկխոսելու, եւ այդ երկխոսությունը, բնականաբար, իմ կարծիքով, պետք է ընդունվի, բայց նաեւ այն պայմանով պետք է ընդունվի, որ երկխոսության արդյունքում լինեն այնպիսի լուծումներ, որոնք կոսմետիկ չեն լինի, համարժեք կլինեն այսօրվա իրավիճակին»։

«Եվ իրոք, շատ ավելի ցանկալի է, շատ ավելի տրամաբանական է, որ այս լարվածությունը, որը առաջացել է նախագահական ընտրություններից հետո, այս լարվածությունը լուծվի երկխոսության ճանապարհով, բայց պետք է դա բավարարի ոչ միայն մեզ, Րաֆֆի Հովհաննիսյանին, այլեւ՝ ժողովրդին։ Ի վերջո, եթե անկեղծ լինենք, դա ավելի շատ հրապարակի ժողովրդի նաեւ առաջարկությունն էր, որը ընթերցվեց Րաֆֆի Հովհաննիսյանի կողմից», - ընդգծեց «Ժառանգություն» խմբակցության ղեկավարը։

«Ձեր կարծիքով, արժե՞, որ Րաֆֆի Հովհաննիսյանը որոշակի զիջումների գնա, քանի որ Սերժ Սարգսյանը իր պատասխանում այդ պահանջները որակել է «շատ հում», - «Ազատություն» ռադիոկայանի այս հարցին Ռուբեն Հակոբյանը արձագանքեց. - «Կքննարկենք եւ քննարկման արդյունքում արդեն այդ դիրքորոշումը կարտահայտենք»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG