Մատչելիության հղումներ

ԵԱՀԿ դիտորդները բարձրաձայնում են առաջին մտահոգությունները ընտրարշավի մասին


Հայաստան -- ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդական առաքելության ղեկավար Հայդի Թալիավինին հանդես է գալիս մամուլի ասուլիսով, Երեւան, 11-ը հունվարի, 2013
Հայաստան -- ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդական առաքելության ղեկավար Հայդի Թալիավինին հանդես է գալիս մամուլի ասուլիսով, Երեւան, 11-ը հունվարի, 2013
Փետրվարի 18-ին նախատեսված ընտրություններին ընդառաջ՝ Հայաստանի իշխանությունները օգտագործում են պետական ռեսուրսները հօգուտ գործող նախագահ, նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանի եւ ստիպում են պետական հաստատությունների աշխատակիցներին հաճախել նրա հանրահավաքներին, արձանագրել են ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի դիտորդները հինգշաբթի օրը հրապարակված իրենց միջանկյալ զեկույցում։

Քարոզարշավը պաշտոնապես մեկնարկել է հունվարի 21-ին եւ առայժմ անցնում է զուսպ մթնոլորտում ու այնքան էլ տեսանելի չէ, փաստում են դիտորդները։

Զեկույցում նշվում է, որ թեպետ իշխանությունները հայտարարել էին, որ մտադիր են անցկացնել ընտրությունները ԵԱՀԿ-ի առջեւ Հայաստանի ստանձնած պարտավորություններին համապատասխան, քարոզարշավի եւ պետական գործառույթների միջեւ ջրբաժանը հստակ չէ։ Արձանագրվել են նաեւ դեպքեր, երբ գործող նախագահի նախընտրական շտաբերը տեղաբաշխվել են հանրային նշանակության շենքերում եւ տեղական ինքնակառավարման մարմինների գրասենյակներում։

Նշվում է 3 դեպքի մասին, երբ կրթական հաստատությունների ուսուցչական կազմը կամ ուսանողները հարկադրված են եղել մասնակցել գործող նախագահի քարոզարշավի շրջանակներում անցկացվող հանդիպումներին։ Մասնավորապես նշվում են հունվարի 25-ին Երեւանում եւ հունվարի 30-ին Վանաձորում արձանագրված դեպքերը, երբ ուսուցիչներին պարտադրել էին իրենց անձնագրային տվյալները ներկայացնել դպրոցի տնօրեններին։

Զեկույցն արձանագրել է նաեւ Պարույր Հայրիկյանի դեմ մահափորձի փաստը եւ այն, որ թեկնածուն Սահմանադրական դատարան չի դիմել։

Ինչ վերաբերում է լրատվամիջոցների աշխատանքին, ապա այստեղ դիտորդները մասնավորապես առանձնացրել են հետեւյալը։ Ամենաշատ լուսաբանվող նախագահի թեկնածուները, ըստ ԺՀՄԻԳ-ի, Սերժ Սարգսյանն ու Րաֆֆի Հովհաննիսյանն են։ Հեռարձակվող լրատվամիջոցների մեծ մասը հիմնականում զուտ տեղեկատվություն է տրամադրել թեկնածուների մասին, մինչդեռ էլեկտրոնային եւ տպագիր մամուլը, ինչպես նաեւ «Երկիր Մեդիա» հեռուստաընկերությունն ու «Ազատություն» ռադիոկայանը քննադատական մեկանաբանություն եւ վերլուծություն են արել։

Մշտադիտարկումն անցկացվել է հունվարի 14-ից փետրվարի 7-ն ընկած ժամանակահատվածում։

Երեւանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյան
Երեւանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյան
Այսօր լրատվամիջոցների դիտարկման իր միջանկյալ հաշվետվությունն է ներկայացրել նաեւ Երեւանի մամուլի ակումբը (ԵՄԱ)։ ԵՄԱ-ի զեկույցի եւ ԺՀՄԻԳ-ի զեկույցի լրատվամիջոցներին վերաբերող հատվածի միջեւ տարբերությունն այնքան էլ մեծ չէ։ Զեկույցում նշվում է, որ լրատվամիջոցները առավել հաճախ դրական վերաբերմունքի են արժանացրել Րաֆֆի Հովհաննիսյանին եւ Սերժ Սարգսյանին, սակայն վերջինս նաեւ առավել հաճախ է բացասական որակումների արժանացել։

«Բացասական անդրադարձները հիմնականում տարբեր բանավիճային հաղորդումներում հյուրերի կարծիքի արտահայտումն են գործող նախագահի նկատմամբ», - այս առնչությամբ պարզաբանեց ԵՄԱ նախագահ Բորիս Նավասարդյանը։

Հունվարի 14-ից փետրվարի 3-ը Երեւանի մամուլի ակումբի անցկացրած մշտադիտարկման միջանկյալ հաշվետվությունում ասվում է, որ ամենամեծ խնդիրը ԶԼՄ-ների հարցում մնում է թեկնածուների միջեւ բանավեճերի բացակայությունը, ինչի պատճառով «թեկնածուների հնարավորությունների եւ ծրագրերի համեմատությունը համարյա տեղի չի ունենում»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG