Մատչելիության հղումներ

Քաղաքական գործիչները` Հայրիկյանի որոշման մասին


Քաղաքական գործիչները` Հայրիկյանի որոշման մասին
please wait

No media source currently available

0:00 0:02:27 0:00
Հանրապետական կուսակցության փոխնախագահ,Կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանի կարծիքով, Սերժ Սարգսյանի հաղթանակը պայմանավորված չէ քվեարկության օրը հետաձգել-չհետաձգելով:

Անցած շաբաթ մահափորձի ենթարկված նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանը, հիշեցնենք, որոշել է չօգտվել իրեն վերապահված իրավունքից եւ չդիմել Սահմանադրական դատարան` փետրվարի 18-ին նշանակված նախագահական ընտրությունները հետաձգելու պահանջով։

Աշոտյանը վստահեցրեց, որ թիվ մեկ մտահոգությունը, որ այս ընթացքում ունեցել է ՀՀԿ-ն, ոչ թե ընտրությունների հետաձգման հարցն էր, այլ Պարույր Հայրիկյանի առողջական վիճակը:

«Ակնհայտորեն գործող նախագահի վարկանիշն այնքան բարձր է, որ ամբողջությամբ բավարարում է առաջին փուլում մաքուր ընտրությունների արդյունքում համապատասխան հաղթանակ տանելու: Դա կլիներ փետրվարի 18-ին, թե մարտի 4-ին, կարծում եմ, արդեն երկրորդական է», - «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց Աշոտյանը:

Հարցին, թե արդյոք մահափորձը բարձրացրեց Հայրիկյանի վարկանիշը, իշխող կուսակցության փոխնախագահն արձագանքեց, թե ձեռքի տակ կոնկրետ թվեր չունի` այդուհանդերձ ենթադրեց. - «Թերեւս: Այն հաշվելի ցուցանիշը, որ Պարույր Հայրիկյանի հիշատակման ինդեքսը այս միջադեպի հետ կապված բնականոն մի քանի անգամ աճել է, սա ակնհայտ է»:

Հայ Յեղափոխական Դաշնակցության ղեկավար անդամ Աղվան Վարդանյանը համոզված է, որ ընտրության օրը փոխելով անհնար էր փոխել վերջնարդյունքը, քանի որ Սերժ Սարգսյանի հաղթանակը կանխորոշված է:

Վարդանյանը, սակայն, առաջարկում է, հաշվի առնելով վերջին իրադարձությունները, Սահմանադրության մեջ փոփոխություն մտցնել` «անհաղթահարելի խոչընդոտ» ձեւակերպմանն ավելացնել «անսպասելի խթան» բառակապակցությունը:

«Այդ հասկացությունը եթե մտնի, մյուս թեկնածուները կարող են ասել, որ անսպասելի խթան է առաջացել, դրանով փոխվել են մրցակցային հավասար պայմանները, եւ մենք կարող ենք դիմել, որպեսզի հավասար լինի անհաղթահարելի խոչընդոտի», - պարզաբանեց պատգամավորը:

Նախագահական ընտրապայքարին խորհրդարանական ուժերից մասնակցում են իշխող ՀՀԿ եւ ընդդիմադիր «Ժառանգություն»-ը: Վերջինիս փոխնախագահ Ռուբեն Հակոբյանն «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց, որ ողջունում է ընտրությունները չհետաձգելու մասին Հայրիկյանի որոշումը, թեեւ հակառակ որոշումն էլ կողջուներ:

Հակոբյանը նկատեց, որ այս օրերին Հայրիկյանը «դիտվելու շատ հնարավորություններ է ունեցել», թեեւ չի կարծում, թե դրա արդյունքում տուժել է Րաֆֆի Հովհաննիսյանի վարկանիշը. - «Ռիթմը, դինամիկան, որը նախաձեռնել է Րաֆֆի Հովհաննիսյանը, եւ իսկապես բավականին արագ երկրաչափական պրոգրեսիայով զգում էինք, որ աճում է Րաֆֆիի հնարավորությունը, վարկանիշը, որոշ չափով այդ հայտնի դեպքերի պատճառով դեֆորմացվեց: Բայց կարծում եմ, նորից կվերադառնա բնականոն հուն: Մենք ունենք երկու շաբաթ, ընտրարշավը նույն ոգով, նույն ռիթմով շարունակելու ենք»:

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության խոսնակ Տիգրան Ուրիխանյանը կոռեկտ չհամարեց արձագանքել այն տեսակետին, թե մահափորձի արդյունքում Հայրիկյանի վարկանիշն աճել է: «Հուսով եմ, որ որեւէ ավանտյուրա այս իրադարձության մեջ չկա: Որովհետեւ ոչինչ չի կարող լինել ավելի թանկ, քան երկրի համբավը ու վարկանիշը, որը, անշուշտ, հայտնվեց ինչ-որ չափով անհասկանալի իրավիճակում», - «Ազատություն» ռադիոկայանին ասաց նա:

«Նման բան չեմ նկատում ժողովրդի մոտ, որ ինչ-որ փոփոխություն կատարվեց ռեյտինգի... Միգուցե կենսամակարդակի հետ կապ ունի ինչ-որ բան, բայց ռեյտինգի հետ ես կապ չեմ տեսնում», - «Ազատություն» ռադիոկայանին իր կարծիքը փոխանցեց պատգամավոր Լյովա Խաչատրյանը (ԲՀԿ):

Ազգային ժողովի նախկին նախագահ Սամվել Նիկոյանը (ՀՀԿ) «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց, թե Հայրիկյանն իրեն լավ է զգում, ընտրարշավին մասնակցում է, ուստի Նիկոյանը անհաղթահարելի խոչընդոտ եւ ընտրությունները հետաձգելու պատճառ չի տեսնում:

«Որեւէ անհաղթահարելի խոչընդոտ չի եղել, ինքը շատ տոկուն մարդ է, ճանապարհ անցած մարդ է: Եվ ինքը կարողացել է նույնիսկ այդ պայմաններում լավագույն ձեւով կատարել քարոզչություն», - ասաց խորհրդարանի նախկին խոսնակը:
XS
SM
MD
LG