Մատչելիության հղումներ

Հովհաննիսյան. «Նախագահն ունակ չէ սեփական ելույթը խոսքից գործի վերածելու»


«Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը առաջիկա նախագահական ընտրություններում իր առաջադրման մասին այսօր պաշտոնապես հայտարարեց կուսակցության հրավիրած հանրային ժողովում, որին մասնակցում էին «Ժառանգություն» կուսակցության ներկայացուցիչներ ու շարքային քաղաքացիներ: Այլ քաղաքական ուժերից որեւէ գործիչ ներկա չէր:

Տեղեկացանք, որ ոչ ոքի չեն հրավիրել` համարելով, որ սա բաց հանրային հավաք է, եւ կարող էին գալ բոլոր ցանկացողները` անկախ կուսակցական պատկանելությունից:

«Ես հայտարարում եմ, որ մասնակցելու եմ որպես Հայաստանի Հանրապետության շարքային քաղաքացի նախագահական առաջիկա ընտրություններում: Փետրվարի 18-ին հանձնելու ենք ժամանակակից ամենալուրջ քննությունը. ոչ միայն ես` Րաֆֆին, կամ «Ժառանգություն»-ը, բոլորս միասին պետք է հանձնենք այդ քննությունը», - հայտարարեց Հովհաննիսյանը:

Իր ելույթում ընդգծելով Հայաստանի համար նոր նախագահ ունենալու անհրաժեշտությունը` Րաֆֆի Հովհաննիսյանը քննադատության ենթարկեց գործող իշխանությունների քաղաքականությունը: Իշխող Հանրապետական կուսակցության անցած շաբաթ կայացած համագումարում նախագահ Սերժ Սարգսյանի ելույթին անդրադառնալով` «Ժառանգության» առաջնորդը համոզմունք հայտնեց, թե «նա ունակ չէ սեփական ելույթը խոսքից գործի վերածելու»: Նախագահը, հիշեցնենք, խոսել էր ապահովությունից, արդարությունից, արմատական բարեփոխումներից, քաղաքացիների անվտանգությունից ու օրենքի գերակայությունից:

«Օրենքը ընտրովի կիրառվում է նույն օրենքի անվամբ այս կամ այն քաղաքացուն պատժելու համար», - ասաց Րաֆֆի Հովհաննիսյանը` շարունակելով. - «Նախագահությունը պետք է նախագահով, վարչակարգով ծառայի` եւ ոչ հարստանա: Թոշակի անցնելուց հետո` խնդրեմ, ինչքան ուզենան, բայց այդ հինգ տարիների ընթացքում ոչ մի հարստացում: Հայաստանի հաջորդ նախագահությունը պիտի լինի ճարպազերծված, մկանոտ, փոքր վարչակարգով, նվազեցնելով նաեւ իր ծախսերը, ինքնաթիռի, պահպանման, հազար ու մեկ շռայլությունները, որ իրավունք չունի նախագահն անել, քանի դեռ մեր երկիրն այս վիճակում է»:

Իր ծրագրային առաջարկներում Րաֆֆի Հովհաննիսյանը խոսեց նաեւ ստվերի դեմ պայքարի, ստվերը հարկային դաշտ բերելու հաշվին պետբյուջեի հարստացման, եւ արդյունքում «միջազգային օտար փողերի հոսքից անթույլատրելի կախվածությունը նվազեցնելու մասին»:

«Մի շրջանի ընթացքում Հայաստանը պիտի ունենա սահմանադիր նոր ժողով եւ նոր սահմանադրություն, որի միջոցով մենք անցում կկատարենք խորհրդարանական կառավարման հանրակարգի: Դրանից հետո կունենանք հատուկ դատախազի ինստիտուտ, որ նախագահությունից մինչեւ շարքային քաղաքացին, բոլորին հավասար կենթարկի միեւնույն չափանիշներին», - ընդգծեց «Ժառանգություն» կուսակցության առաջնորդը` Հայաստանի քաղաքացիներին ու քաղաքացիական հասարակությանը կոչ անելով տանը չնստել, սեփական «բներից դուրս գալ» եւ համախմբվել նախագահական ընտրություններով նոր նախագահ ունենալու համար:

Ելույթից հետո լրագրողների հետ զրույցում նա հնարավոր համարեց քաղաքական ուժերի համախմբումը: Հարցին, թե «Ժառանգություն» կուսակցության այսօրվա համագումարին մյուս քաղաքական ուժերի բացակայությունը արդյոք նշանակում է, որ ինքը այս պահին աջակցություն չունի որեւէ այլ կուսակցության կողմից, Րաֆֆի Հովհաննիսյանը հակադարձեց. - «Այս թեկնածությանը պետք է մասնակցի Հայաստանի քաղաքացին եւ աջակցի Հայաստանի քաղաքացին: Ես ակնկալում եմ, որ առաջիկա շաբաթների ընթացքում կլինեն թե' կուսակցական, թե' ինձ համար ավելի կարեւոր քաղաքացիական տարբեր տեսակի արտահայտություններ հավաքական թեկնածության եւ ժողովրդի հաղթանակի նկատմամբ»:

«Ժառանգություն» կուսակցության առաջնորդը համոզված է, որ առաջիկա նախագահական ընտրություններում ընտրակեղծիքների «ավելի հղկված», «ավելի սքողված ու ավելի արդիական» մեխանիզմեր են գործելու: Հարցին, թե այդ դեպքում ընտրություններին իր մասնակցությամբ արդյոք չի լեգիտիմացնում Սերժ Սարգսյանին, Հովհաննիսյանն արձագանքեց. - «Ես հավատում եմ, որ նրանք, ովքեր խոսում են լեգիտիմացնելու մասին եւ իրենք պատրաստ են չմասնակցել, տանը նստել եւ ինչ-որ թվաբանական մարգարեականությամբ սպասել հինգ կամ տասը տարի, ես կարծում եմ, որ հենց չմասնակցողներն են ակամա լեգիտիմացնում այս իշխանության վերարտադրումը»:

Հավելենք, որ այսօրվա հավաք-համագումարում «Ժառանգություն» կուսակցությունը միաձայն որոշեց պաշտպանել Րաֆֆի Հովհաննիսյանի թեկնածությունը առաջիկա նախագահական ընտրություններում:
XS
SM
MD
LG