Մատչելիության հղումներ

Նախագահի ընտրություններին «ընտրողների թիվը կավելանա»


Անձնագրային եւ վիզաների վարչության պետ Հովհաննես Քոչարյան
Անձնագրային եւ վիզաների վարչության պետ Հովհաննես Քոչարյան
Հայաստանի նախագահի ընտրություններին ավելի մեծ թվով մարդիկ կընդգրվեն ընտրացուցակներում, քան վերջին խորհրդարանական ընտրությունների ժամանակ: Նման համոզմունք հայտնեց «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում Ոստիկանության անձնագրային եւ վիզաների վարչության պետ Հովհաննես Քոչարյանը` առայժմ ձեռնպահ մնալով կոնկրետ թվեր նշելուց:

«Ես կարծում եմ, որ այդ աճի միտումները, որոնք ընտրությունից ընտրություն նկատվել են, կպահպանվեն նաեւ այս 9 ամսվա կտրվածքով: Չեմ տեսնում, թե ինչի հաշվին պետք է նվազի», - ասաց նա:

Խորհրդարանի ընտրություններին ընդառաջ Անձնագրային եւ վիզաների վարչության պետը հայտարարել էր, թե Հայաստանում կա 2 միլիոն 485 հազարից ավելի ընտրող` 360 հազարով ավելի, քան 2008 թվականի ընտրացուցակներում: Իսկ փետրվարի սկզբին Ազգային վիճակագրական ծառայությունը հրապարակել էր մարդահամարի նախնական տվյալները, որոնց համաձայն Հայաստանում բնակչության թիվը 2 միլիոն 870 հազար է:

Եվ դեռ 9 ամիս առաջ կային դժգոհություններ, որ ընտրողների թիվն աճում է բնակչության թվի նվազման պայմաններում: Միջազգային կառույցները ԱԺ վերջին ընտրությունների կապակցությամբ իրենց զեկույցներում արձանագրել էին ոչ կառավարական կազմակերպությունների բողոքները արտագաղթի պարագայում ընտրողների թվի ավելացման կապակցությամբ:

Մայիսին կայացած խորհրդարանի ընտրություններից հետո էլ, ըստ վիճակագրության, Հայաստանից մեկնած եւ չվերադարձածների թիվը շարունակում է անշեղորեն աճել: Բայց այս ամենով հանդերձ, ձեւավորվող ընտրացուցակներում, ըստ Հովհաննես Քոչարյանի, կավելանան հազարավոր նոր անուններ:

Անձնագրային եւ վիզաների վարչության պետը ընտրողների թվի ավելացման հանգամանքը բացատրում է պետական ռեգիստրը վարելու կարգով. - «Հայաստանից դուրս գտնվողները զանգվածային դիմումներ չեն ներկայացնում, որ հաշվառումից իրենց հանենք: Ցուցակներում կամ ռեգիստրում տվյալների ամրագրումը պայմանավորված է հենց անձի կամքով: Այսինքն` եթե անձը տեղյակ չի պահում իր գնալու մասին, մենք ինչպե՞ս կարող ենք անել»:

Նրա խոսքով, անգամ այն անձինք, ովքեր ըստ 2012 թվականի հունիսի 1-ից ուժի մեջ մտած «Վարչական իրավախախտումների մասին» օրենքի համապատասխան դրույթի պահանջով (6 ամիս առանց համապատասխան մարմիններին տեղեկացնելու երկրից բացակայելու դեպքում) կենթարկվեն 3 հազար դրամ տուգանքի, դուրս չեն հանվի ընտրողների ցուցակից. - «Որովհետեւ այդ մարդիկ լինելու են Հայաստանում… [Դրսում լինելու պարագայում էլ] Չենք հանելու, որովհետեւ այդ տվյալին մենք չենք տիրապետելու»:

Հարցին, թե ինչ նոր տվյալներ են ավելացել, Քոչարյանը պատասխանեց. - «Չմոռանանք, որ բազմաթիվ 18 տարին լրացած անձինք մտնում են ռեգիստր, դառնում են ընտրողներ: Մի մոռացեք, որ բազմաթիվ մեր հայրենակիցներ ձեռք են բերել ՀՀ քաղաքացիություն, հատկապես սիրիահայերը, վրացահայերը: Նշեմ, որ 2012 թվականին 14 հազար 239 մարդ ստացել է ՀՀ քաղաքացիություն. 6461 մարդ` Վրաստանի քաղաքացիներ, 4465-ը` Սիրիայի քաղաքացիներ»:
XS
SM
MD
LG