Մատչելիության հղումներ

Սաֆարյանն ասում է` ընտրացուցակները «աներեւակայելիորեն ուռճացված են»


Պատգամավորի թեկնածու Ստյոպա Սաֆարյան
Պատգամավորի թեկնածու Ստյոպա Սաֆարյան
Երեւանի Ավան համայնքն ու Նոր Նորքի մի մասն ընդգրկող թիվ 1 ընտրատարածքում պատգամավորության ընդդիմադիր թեկնածու Ստյոպա Սաֆարյանն ահազանգում է ընտրողների ցուցակների «խայտառակ» վիճակի մասին:

Թեկնածուի շտաբը, անցած շաբաթավերջին ոստիկանությունից ստանալով թիվ 1 ընտրատարածքի ընտրացուցակները, ուսումնասիրել է եւ հանգել եզրակացության, որ դրանք «աներեւակայելիորեն ուռճացված են առնվազն 7-8 հազարով»:

Սաֆարյանն առանձնացրել է «ռիսկային» առնվազն 904 հասցեներ, որտեղ ընտրողների թիվը սկսվում է 6-ից, հասնում 10-12-ի, որոշ դեպքերում` անցնում 24-ից: Մասնավորապես, 190 հասցեներում 10-ից ավելի ընտրողներ են գրանցված, 120 հասցեներում ընտրողների թիվն անցնում է 12-ից: 7 հասցեներում էլ 24-ից ավելի ընտրողներ են գրանցված:

«Մի զարմացեք, բայց կան հասցեներ, որոնց վրա գրանցված են 70 չափահաս մարդիկ: Այն, ինչ կատարվում է սեփական տների հատվածում, դա աներեւակայելի է: Մարդիկ կան, որոնք 20 տարուց ավելի բացակայում են երկրից: Նույն սեփական տան վրա տեսնում ես տարբեր ազգանուններով ընտանիքների մի կոնգլոմերատ: Հասցեներ կան, որ, օրինակ, երեկ չկարողացանք գտնել. սեփական տուն, որի վրա 25-ից ավելի մարդ է գրանցվել, չէինք կարողանում գտնել, թաղի բնակիչները չէին կարողանում ցույց տալ նման հասցե եւ այսպես շարունակ: Կամ գրված է «Մոլդովական հարակից», այսինքն շենքի առաջ ինչ-որ մեկը մի շինություն է կառուցել, բայց «հարակիցներում» տասնյակներով մարդիկ են գրանցված», - երկուշաբթի կայացած ասուլիսում ասաց Սաֆարյանը:

Սաֆարյանի շտաբը կիրակի օրվանից մեկ առ մեկ այցելում եւ ստուգում է իրենց կասկածելի թվացող հասցեները, որից հետո դրանք կտրամադրվեն ընտրատեղամասային հանձնաժողովի ընդդիմադիր անդամներին` քվեարկության օրը այդ հասցեներից ընտրողների հոսքը վերահսկելու համար: Թեկնածուն համոզմունք հայտնեց, որ ցուցակների ուռճացումն ապահովվել է այլ համայնքների ընտրողներին թիվ 1 ընտրատարածքի հասցեների վրա գրանցելու հաշվին:

«Վստահ եմ, որ այլ տեղերից բերված մարդիկ են: Շատ պարզ է, թե ինչու են գրանցել. որովհետեւ վստահաբար, իրենք 7-8 հազար ձայն օդից ունեն: Այսինքն տվյալ տարածքում ընտրելու իրավունք չունեցող մարդիկ կարող են ընտրել: Եթե մի թեկնածու կարող է ունենալ այդքան ձայն կողքից` ոչինչ չանելով, դրան էլ գումարենք այն որոշ ձայները, որ կուսակցական ռեսուրսներով կգան, մի 4-5 հազար ձայն էլ գնեն, վե'րջ, ընտրություններն ավարտվում են: Ներեցեք, մոխրամանն էլ դնի իր թեկնածությունը, կանցնի այսպիսի ձայներով: Սա նախագահական ընտրություններից առաջ ահազանգ է», - ասաց թեկնածուն:

Ոստիկանությունը պնդում է, որ ցուցակները «պատշաճ վիճակում են»

Ոստիկանության անձնագրային եւ վիզաների վարչության պետ Հովհաննես Քոչարյանը, «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում բացառելով ցուցակների հետ կապված որեւէ դիտավորություն, հայտարարեց, որ ցուցակները «պատշաճ վիճակում են», իսկ թեկնածուի հայտարարությունները «այլ շարժառիթներ ունեն»:

Հարցին, թե իրատեսակա՞ն է համարում մեկ հասցեում 10, 20 եւ ավելի ընտրողների առկայությունը, Քոչարյանը պատասխանեց. - «Շատ հնարավոր է` լինեն նման հասցեներ, բայց նման մեծաքանակ գրանցումները կարող են ունենալ նաեւ օբյեկտիվ պատճառներ, օրինակ, լինեն չհասցեավորված տարածքներ, օրինակ, լինեն հանրակացարաններ, որտեղ մեկ հասցե է նշվում, բայց բազմաթիվ մարդիկ կան գրանցված ու ապրող այդ տարածքում: Այնպես որ այդ հասցեներում երեք եւ ավելի մարդկանց հաշվառված լինելը չի նշանակում, որ այնտեղ կեղծիք է կատարված կամ խախտում է տեղի ունեցել: Ինչ վերաբերում է Ձեր կողմից հիշատակված թեկնածուին, ապա եթե այդպիսի աղաղակող խախտումներ կամ սխալներ է գտել, առաջարկում եմ օգտվի Ընտրական օրենսգրքի հնարավորությունից եւ քվեարկության օրվանից 5 օր առաջ դիմի Անձնագրային ծառայություն այդ անճշտությունների վերաբերյալ համապատասխան դիմումով, սակայն մինչ օրս նման դիմում չենք ստացել, հետեւաբար լուրջ չենք համարում ընտրացուցակներին տրվող նման գնահատականները: Թող մեզ հասցեներ, անուն, ազգանուններ տրամադրեն, եթե կան այդ տվյալները, մենք կշտկենք, ուղղումներ կկատարենք, եթե ոչ հայտարարությամբ հանդես կգանք եւ այդ մտահոգությունները կփարատենք»:

Պատահական ընտրությամբ այցելեցինք Ստյոպա Սաֆարյանի ցուցակագրած հարյուրավոր հասցեներից 3-ը: Ավանի 6-րդ փողոցի 1-ին նրբանցքի 20-րդ տանը, որտեղ գրանցված են 26 ընտրողներ, «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեցին, որ այդ թիվը իրատեսական է, քանի որ այս հասցեում մի քանի մուտքեր են առանձնացված եւ 5-6 տարբեր ընտանիքներ են բնակվում: Նույնը Ավանի 4-րդ փողոցի 2-րդ նրբանցքի 17-րդ տանն արձանագրեցինք, որտեղ 28 ընտրող կա: Այստեղ էլ հաստատեցին առանձին մուտքերում 5-ից ավելի ընտանիքների բնակության եւ ընտրողների գոյության փաստը:

Իսկ երրորդ հասցեն, որտեղ, ըստ Սաֆարյանի շտաբի, 4 տասնյակ ընտրողներ են գրանցված, այդպես էլ չգտանք: Խոսքը Աճառյան 20, Արհեստագործական ուսումնարան 3 հասցեի մասին է: Աճառյան 20 հասցեի բնակիչներն ասացին, որ այդտեղ արհեստագործական ուսումնարան չկա, այն անցյալ տարի միացրել են Պետական ֆինանսատնտեսագիտական քոլեջին, որը, սակայն, գտնվում է ոչ թե Աճառյան, այլ Ավանի Բաբաջանյան հասցեում: Տարածքի բնակիչները միաժամանակ բացառում էին, որ այդ քոլեջում կարող են մարդիկ բնակվել:

Քոլեջում էլ հաստատեցին, որ Արհեստագործական ուսումնարանը միացված է իրենց: Բացառելով այստեղ որեւէ ընտրողի առկայությունը` ընդունարանում խորհուրդ տվեցին մեր նշած հասցեն այլ տեղ փնտրել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG