Մատչելիության հղումներ

ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ը վերահաստատում է իր գնահատականները


Եվրոպացի դիտորդների ասուլիսը Երեւանում, 7-ը մայիսի, 2012թ.
Եվրոպացի դիտորդների ասուլիսը Երեւանում, 7-ը մայիսի, 2012թ.
Եվրոպայում անվտանգության եւ համագործակցության կազմակերպության Ժողովրդավարական հաստատությունների եւ մարդու իրավունքների գրասենյակի (ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ) եզրափակիչ զեկույցը կրկին փաստում է, որ մայիսի 6-ի խորհրդարանական ընտրություններն անցկացվել են բարեփոխված օրենսդրությամբ, աչքի են ընկել մրցունակ, աշխույժ եւ առավելապես խաղաղ քարոզարշավով, միեւնույն ժամանակ՝ ընտրական ողջ գործընթացի նկատմամբ վստահության ցածր աստիճանով։

Զեկույցում միջազգային ամեմամեծ դիտորդական առաքելությունը ներկայացնում է կոնկրետ դեպքեր ու փաստեր: Մասնավորապես, նշվում է Հանրապետականի կողմից ուսուցիչներին ու աշակերտներին նախընտրական քարոզչության մեջ ներգրավելու մասին, ինչպես նաեւ արձանագրվում է, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը եւ այդ կուսակցության ներկայացուցիչներից մեկը խախտել է Ընտրական օրենսգրքի այն դրույթը, որն արգելում է մրցակիցներին եւ նրանց հետ առնչություն ունեցող բարեգործական կազմակերպություններին նվերներ կամ ծառայություններ մատուցել ընտրողներին։

«Թեեւ մայիսի 6-ի ընտրությունների կազմակերպումը անցկացվել է պրոֆեսիոնալ եւ թափանցիկ ձեւով, քվեարկության օրը եղել է առավելապես խաղաղ եւ հանգիստ, քվեարկությունը՝ կանոնակարգված եւ լավ կազմակերպված ընտրատեղամասերի գերակշիռ մասում, այդուամենայնիվ, միջազգային դիտորդները քվեարկությունը բացասական են գնահատել դիտարկված տեղամասերի 9 տոկոսում, որը զգալի թիվ է», - փաստում է զեկույցը։

Միջազգային դիտորդները, մասնավորապես, հաղորդել են մի շարք լուրջ խախտումների մասին. դիտարկված ընտրատեղամասերի 11 տոկոսում արձանագրվել են խմբակային քվեարկության դեպքեր, 4 տոկոսում՝ վստահված անձանց քվեարկության դեպքեր, 7 տոկոսում քվեատուփերը պատշաճ կերպով փակված չեն եղել, 12 տոկոսում չի երաշխավորվել քվեարկության գաղտնիությունը։

Անդրադառնալով քվեաթերթիկների հաշվարկին՝ դիտորդները նշում են, որ այդ գործընթացը հիմնականում իրականացվել է օրենսդրական չափանիշներին համապատասխան, այդուամենայնիվ դիտարկված 125 ընտրատեղմասերից 24-ում, կամ յուրաքանչյուր հինգ տեղամասերից մեկում, գործընթացը բացասական գնահատական է ստացել՝ հիմնականում տեխնիկական խնդիրների պատճառով: Լուրջ խախտումները, ըստ դիտորդների, եզակի բնույթ են կրել, մասնավորապես, արձանագրությունների կեղծման 5 դեպք է արձանագրվել։

Զեկույցը փաստում է, որ ընտրությունների նախապատրաստական շրջանում կուսակցությունների մեծ մասը, բացառությամբ Հանրապետականի, մտահոգություն են հայտնել ընտրացուցակների որակի վերաբերյալ` պնդելով, թե ուռճացված թվերը, ցուցակներում առկա մահացած անձանց անունները, ինչպես նաեւ նույն հասցեում գրանցված մեծաքանակ ընտրողների առկայությունը կարող են օգտագործվել քվեարկության օրը մանիպուլյացիաներ իրականացնելու համար։

Իրենք՝ դիտորդները, զեկույցում փաստել են. - «Ընտրական օրենսգրքի այն դրույթը, որով քվեարկության օրվան նախորդող չորս օրվա ընթացքում` մինչեւ քվեարկության ավարտը, յուրաքանչյուր ոք իրավունք ունի իրեն ընդգրկել ընտրողների ցուցակում, անորոշ է եւ չի հստակեցնում՝ ընտրողների որ խմբերը հատկապես կարող են դիմել ցուցակներում ընդգրկվելու համար»։

«Քվեարկությանը նախորդող երկու օրերի ընթացքում, ինչպես նաեւ քվեարկության օրը ընտրացուցակներում մի քանի անգամ ընդգրկվելու հնարավորությունը մտահոգության տեղիք է տալիս», - արձանագրում են միջազգային դիտորդները։ Այս բաժնում նշվում է նաեւ, որ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի ներկայացուցիչները փաստել են վեց դեպք, երբ ընտրացուցակներում առկա են եղել դեռեւս երկրաշարժի ժամանակ քանդված շենքեր։

Զեկույցը նաեւ նշում է, որ քարոզարշավի ընթացքում դիտորդների բազմաթիվ զրուցակիցներ ընդգծել են հատկապես ընտրակաշառքների հարցը՝ որպես հիմնական եւ ամենատարածված խնդիր։ Այս առումով զեկույցը փաստում է. - «Դիտորդների կողմից նկատված անսովոր երթեւեկը՝ որոշ նախընտրական շտաբերի ներսում եւ դրսում քվեարկության օրվա նախաշեմին, ինչպես նաեւ քվեարկության օրը ընտրակաշառքների մասին ոստիկանություն ներկայացված հաղորդումները ցույց են տալիս, որ այդ մեղադրանքները որոշ չափով կարող են արդարացված լինել»։

Անդրադառնալով բողոքներին ու բողոքարկման գործընթացին՝ զեկույցը փաստում է, որ թե' ընտրություններից առաջ, թե' քվեարկության օրը մի քանի տասնյակ բողոքներ են ստացվել ընտրատեղամասերում, Կենտրոնական ընտրական հանձնաժողովում, դատարաններում ու Գլխավոր դատախազությունում, սակայն դրանց գերակշիռ մասը մերժվել է։ «Տպավորություն է՝ կարծես այս կառույցները նպատակ ունեն առավել վարկաբեկել ընտրախախտումների մասին հաղորդումները, քան երաշխավորել, որ հանցագործությունները կբացահայտվեն, եւ մեղավորները կկանգնեն դատարանի առջեւ», - արձանագրել են ԵԱՀԿ-ի դիտորդները:

Անդրադառնալով ընտրությունների լուսաբանմանը՝ զեկույցը նշում է, որ լրատվամիջոցները ընդհանուր առմամբ կատարել են իրենց պարտավորությունը՝ անվճար եւ վճարովի եթերաժամեր տրամադրելու եւ լուսաբանման ոչ խտրական ու անաչառ պայմաններ ապահովելու առումով։ Այդուամենայնիվ, դիտորդները արձանագրել են նաեւ անհավասարակշիռ լուսաբանման դեպքեր մասնավոր որոշ հեռուստաընկերություններում՝ «Կենտրոն»-ում եւ «Երկիր Մեդիա»-ում։

Զեկույցում դիտորդները մի շարք հանձնարարականներ են տալիս Հայաստանի իշխանություններին, այդ թվում` հորդորում են զերծ մնալ ընտրողների վրա ճնշումներից թե' նախընտրական քարոզչության շրջանում, թե' քվեարկության օրը: Ընտրակաշառքների մասով խորհուրդ են տալիս փոխել Քրեական օրենսգիրքը եւ հետապնդումների չենթարկել այն քաղաքացիներին, ովքեր այդ մասին հաղորդում կներկայացնեն իրավապահ մարմիններին: Հանձնարարականներից մեկը վերաբերում է ընտրացուցակներում ընդգրկված անձանց վերաբերյալ կառավարական տարբեր ատյանների տվյալների արդյունավետ փոխանակմանը, ինչպես նաեւ ընտրողների ռեգիստրը բարեփոխելուն ուղղված աշխատանքը շարունակելուն:

«Իրավապահ մարմինները պետք է երաշխավորեն, որ ընտրություններին առնչվող հանցագործություն կատարած բոլոր անձինք կկանգնեն արդարադատության առջեւ, ընտրական հանձնաժողովներն ու դատարաններն էլ չպետք է զուտ ձեւական դիրքորոշում որդեգրեն ընտրություններին առնչվող բողոքների վերաբերյալ։ Նրանք պետք է զերծ մնան բողոքների քննարկումը մերժելու պրակտիկայից եւ պատշաճ կարգով քննեն դրանց էությունը», - փաստում է ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի վերջնական զեկույցը։
XS
SM
MD
LG