Մատչելիության հղումներ

Իրակլի Օքրուաշվիլին վերադարձավ Վրաստան


Իրակլի Օքրուաշվիլին Փարիզից հարցազրույց է տալիս վրացական «Մաեստրո» հեռուստաընկերությանը, մայիս, 2011թ.
Իրակլի Օքրուաշվիլին Փարիզից հարցազրույց է տալիս վրացական «Մաեստրո» հեռուստաընկերությանը, մայիս, 2011թ.
Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի երբեմնի ամենաազդեցիկ զինակիցներից, իսկ հետագայում նաեւ ամենակատաղի հակառակորդներից մեկը` պաշտպանության նախկին նախարար Իրակլի Օքրուաշվիլին այսօր վաղ առավոտյան Ստամբուլի չվերթով վերադարձավ Թբիլիսի եւ հենց օդանավակայանի տարածքում ձերբակալվեց` տեղափոխվելով Գլդանիի բանտ:

Օքրուաշվիլին 2006 թվականին հրաժարական էր ներկայացրել եւ անցել ընդդիմության կողմը: Նրա այդ քայլից երկու օր անց Օքրուշավիլիի դեմ քրեական գործ էր հարուցվել պաշտոնական լիազորությունները չարաշահելու եւ կաշառակերության մեղադրանքով, նախկին նախարարը հեռացել էր Վրաստանից` հաստատվելով Ֆրանսիայում, իսկ Թբիլիսիի դատարանը նրան հեռակա կարգով 2008 թվականի մարտին դատապարտել էր 11 տարվա ազատազրկման:

Թբիլիսի քաղաքային դատարանը այսօր կրկին կքննի Օքրուաշվիլիի գործը, վճռելով` արդյոք նա պե՞տք է բանտում մնա, թե՞` ոչ:

Վրացական նոր իշխանությունները, սակայն, հակված չեն հավատալ տարիներ առաջ Օքրուաշվիլիի դեմ առաջ քաշված մեղադրանքներին: Նախկին նախարարի ձերբակալությունից մի քանի ժամ անց Վրաստանի արդարադատության նախարար Թեա Ծուլուկիանին հայտարարեց. - «Մեր կարծիքով, Իրակլի Օքրուաշվիլին քաղաքական հետապնդման զոհ է: Դա, սակայն, չի նշանակում, որ նա ավտոմատ կերպով ազատ է արձակվելու: Օքրուաշվիլին օրինական կարգով պետք է ապացուցի իր անմեղությունը` ներկայացված մեղադրանքի բոլոր դրվագներով»։

Քաղաքական դրդապատճառներով ազատազրկվածների թեման, ի դեպ, Վրաստանում այս օրերին գերակշիռ է դառնում։ Երեկ խորհրդարանի մարդու իրավունքների հարցերով հանձնաժողովը քննում էր քաղբանտարկյալների համաներման հնարավորությունը: Մի շարք իրավապաշտպան կազմակերպությունների կազմած քաղբանտարկյալների ցուցակը ընդհանուր առմամբ մոտ 800 անուն է ընդգրկում:

«Բազմազգ Վրաստան» կազմակերպության ղեկավար Առնոլդ Ստեփանյանը «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում նշում էր, որ համաներման այդ ցուցակում են ընդգրկված նաեւ 2006-ից անազատության մեջ գտնվող ջավախքցի ակտիվիստ Վահագն Չախալյանը, ինչպես նաեւ հետախուզման մեջ գտնվող մեկ այլ հայտնի ջավախքցի գործիչ` օգոստոսին հեռակա կարգով վեց տարվա ազատազրկման դատապարտված նախկին պատգամավոր, «Վրացական երազանք» դաշինքի Ախալքալաքի գրասենյակի ղեկավար Մելիք Ռաիսյանը:

«Ե՛վ Չախալյանը, ե՛ւ Ռաիսյանը ընդգրկված են այս ցուցակում որպես քաղբանտարկյալներ: Դա, սակայն, չի նշանակում, որ Չախալյանը մեխանիկորեն կարող դուրս գալ բանտից, իսկ Ռաիսյանը, որն այսօր արտերկրում է, կկարողանա անարգել վերադառնալ Վրաստան: Այս հարցը դեռ պետք է քննարկվի խորհրդարանի կողմից: Եթե քվեարկությունն իրականացվի ոչ թե անուն առ անուն, այլ` ամբողջական ցուցակով, ապա, կարծում եմ, լիարժեք երաշխիքներ կան, որ նրանց նկատմամբ համաներում կկիրառվի», - ասաց Ստեփանյանը:

Այս համաներումը, ըստ ամենայնի, կկիրառվի նաեւ բաթումցի երկու հայազգի գործարարների` Seaboard ընկերության սեփականատերեր Արմեն Գեւորգյան ու Ռուբեն Շիկոյանի հանդեպ, որոնց Ռուսաստանի դեմ լրտեսության մեղադրանքով Բաթումիի քաղաքային դատարանը 2011 թվականի հուլիսին դատապարտել է 11 տարվա ազատազրկման:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG