Մատչելիության հղումներ

Ջավախահայ նախկին պատգամավորը ազատազրկման է դատապարտվել


Ախալքալաք, Վրաստան, արխիվ
Ախալքալաք, Վրաստան, արխիվ
Վրաստանում այսօր դատարանը հեռակա կարգով 6 տարվա ազատազրկման է դատապարտել հայազգի ազդեցիկ քաղաքական գործիչ Մելիք Ռաիսյանին։

Մելիք Ռաիսյանը 3 անգամ եղել է Վրաստանի խորհրդարանի պատգամավոր։ Նախկին պատգամավորի գտնվելու վայրը հայտնի չէ, նրա նկատմամբ հետախուզում է հայտարարվել։

Վրաստանի խորհրդարանի նախկին պատգամավորը մեղադրվում է 2007 թվականին խաբեության միջոցով 38 հազար լարի կաշառք վերցնելու մեջ։ Դա մոտավորապես 24 հազար դոլար է։ Խաբվածի անունը չի բացահայտվում։ Նշվում է միայն, որ նա այդ գումարը Ռաիսյանին է տվել, որպեսզի վերջինիս օգնությամբ խուսափի հարկերից։

Դատարանի որոշմամբ Ռաիսյանը պետք է նաեւ 6 հազար դոլարի տուգանք եւ տուրք վճարի։ Բայց ընդդիմությունը՝ մեծահարուստ Բիձինա Իվանիշվիլիի հիմնադրած «Վրացական երազանք» դաշինքը, պնդում է, որ այս գործը քաղաքական աստառ ունի։ Բանն այն է, որ Մելիք Ռաիսյանը անդամակցել էր Իվանիշվիլիի շարժմանը՝ նա «Վրացական երազանք» դաշինքի Ախալքալաքի մասնաճյուղի ղեկավարն էր։

«Վրացական երազանք» դաշինքի նախագահ Մանանա Կոբախիձեն հայտարարել է, որ Ռաիսյանը քաղաքական հետապնդումների է ենթարկվում։ Նա նշել է, որ Ռաիսյանի դեմ մեղադրանք է առաջադրվել միայն այն բանից հետո, երբ վերջինս միացել է Բիձինա Իվանիշվիլիի քաղաքական շարժմանը։

Դաշինքի Ախալքալաքի մասնաճյուղի փաստաբան Թեյմուրազ Կուտիվաձեն պնդում է, որ Ռաիսյանի մեղքը ապացուցող հիմնավորումներ չկան։

Հոկտեմբերին կայանալիք Վրաստանի խորհրդարանի ընտրություններում միլիարդատեր Բիձինա Իվանիշվիլիիի հիմնադրած «Վրացական երազանք» դաշինքը համարվում է Վրաստանի իշխանությունների հիմնական հակառակորդը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG