Մատչելիության հղումներ

ՀԱԿ - ԲՀԿ հնարավոր դաշինքը չի կարող անգամ «մրցակցության հայտ ներկայացնել»


Ընտրություններին միայնակ գնալու դեպքում ՀԱԿ-ը «դատապարտված է»
please wait

No media source currently available

0:00 0:01:35 0:00
Հանրապետական կուսակցության փոխնախագահ, Կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանի համոզմամբ` 2013-ի նախագահական ընտրություններին միայնակ գնալու դեպքում Հայ ազգային կոնգրեսը «դատապարտված է»:

Այս հայտարարությունն Աշոտյանն արեց «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում` արձագանքելով Կոնգրեսի խորհրդարանական խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանի հայտարարությանը, թե ՀԱԿ-ի եւ ԲՀԿ-ի համախմբումը կարող է լուրջ մարտահրավեր դառնալ Սերժ Սարգսյանի համար:

Աշոտյանի համոզմամբ` այդ հնարավոր դաշինքը չի կարող անգամ «մրցակցության հայտ ներկայացնել ՀՀԿ-ի ղեկավարի հաղթանակի հավանականությանը»:

Նա նշեց, թե ինքը շատ է ուզում, որ նախագահական ընտրություններում Հայ ազգային կոնգրեսի առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանը առաջադրի իր թեկնածությունը. - «Ակնհայտ է, որ 7.1 տոկոս հավաքած, խորհրդարանական դարձած ուժը այս ընթացքում էլ իր որոշ անդամների լավ ելույթներով, բայց, այնուհանդերձ, որպես կուռ քաղաքական թիմ չներկայացած ուժը, ՏԻՄ ընտրություններին սեփական էլեկտորատը չմոբիլիզացրած ուժը փորձի նախագահական ընտրություններին առանձին գնալ, ակնհայտ է, որ դատապարտված է լինելու»:

ԲՀԿ-ի ղեկավար անդամ Վարդան Օսկանյանը հայտարարել է, որ առաջիկա նախագահական ընտրություններին իրենց կուսակցությունը պետք է մասնակցի սեփական թեկնածուով, եւ այդ թեկնածուն, առաջին հերթին, Գագիկ Ծառուկյանն է, եթե կուսակցության առաջնորդը չցանկանա` Օսկանյանն ինքն էլ կարող է լինել:

Նախագահական ընտրություններին սեփական թեկնածուով մասնակցելու մասին հայտարարությունը կնշանակի չեղյալ հայտարարել անցած տարվա փետրվարին նախկին կոալիցիայի երեք ուժերի` ՀՀԿ-ի, ԲՀԿ-ի եւ «Օրինաց երկիր»-ի միջեւ թարմացված հուշագիրը, որով, հիշեցնենք, կուսակցությունները պարտավորվել էին գալիք նախագահական ընտրություններում պաշտպանել Սերժ Սարգսյանի թեկնածությունը:

Արմեն Աշոտյանը չի կարծում, որ հուշագիրը չեղյալ է համարված, ասում է` ստորագրողը Գագիկ Ծառուկյանն է եղել, չեղյալ համարողն էլ Ծառուկյանը պետք է լինի, իսկ ԲՀԿ-ի ղեկավարը դա չի արել. - «Մնացյալ բոլոր խոսակցությունները լավագույն դեպքում դիտարկում եմ ներկուսակցական ժողովրդավարության դրսեւորում, իսկ վատագույն դեպքում` քաղաքական շահարկումների փորձեր»:

Հարցին, թե արդյո՞ք անձամբ ինքը կարծում է, որ հուշագիրը կգործի, Աշոտյանն արձագանքեց. - «Կապրենք` կտեսնենք: Համենայն դեպս ես այսօր, ինչպես իմ կուսակցական ընկերները, ՀՀԿ - ԲՀԿ համագործակցության ֆորմատի վերջին ստորագրած փաստաթուղթը ունեմ ձեռքիս տակ»:

«Բարգավաճ Հայաստան»-ը հայտարարել է, թե Վարդան Օսկանյանի դեմ հարուցված քրեական գործը քաղաքական հետապնդում է ինչպես նախկին արտգործնախարարի, այնպես էլ ողջ կուսակցության նկատմամբ: Աշոտյանն այդ հայտարարությունը դիտարկում է որպես «սեփական քաղաքական կշիռը գերագնահատելու փորձ». - «Ասել, որ Վարդան Օսկանյանին պատժում են, որովհետեւ նա ամենաակտիվ քաղաքական գործիչն էր այս փուլում ու ամենասուր քննադատության էր ենթարկում կառավարությանն ու իշխանություններին, արդար չէ: Այլընտրանքային կարծիքներ ձեւավորողը հաստատ Վարդան Օսկանյանը չէր: Ոչ մի կերպ չի մտնում Վարդան Օսկանյանը այդ զոհի կերպարի մեջ: Չի ստացվում, ինչ-որ մի բան անբնական է»:

Դիտարկմանը, թե գուցե հետապնդման պատճառն այն է, որ Օսկանյանը նախագահի հնարավոր թեկնածու է, Արմեն Աշոտյանն արձագանքեց. - «Եթե անգամ հնարավոր թեկնածու է, ամենաուժեղը չէ»:


«Բարգավաճ Հայաստան»-ին հետապնդելու մասին

«ԲՀԿ-ն Գագիկ Ծառուկյանն է: Ո՞վ համաձայն չէ ԲՀԿ-ականներից այս պնդմանը: Խնդրում եմ հրապարակային անդրադառնալ այս հարցին», - ասաց Արմեն Աշոտյանը:

Հարցին, թե արդյոք նկատի ունի, որ հետապնդում լինելու դեպքում, այն կլիներ Ծառուկյանի դեմ, Աշոտյանն արձագանքեց. - «Ես նկատի ունեմ, որ սա հետապնդում չէ առհասարակ: Արհեստական է այս խաղը: Եվ այնքան տեսանելի են փորձերը` քաղաքականացնել այն, ինչն ի սկզբանե քաղաքականացման ենթակա չէ: Արդյո՞ք «Բարգավաճ Հայաստան»-ը այն կուսակցությունն է, որը կթողներ, որ Վարդան Օսկանյանի նկատմամբ անտեղի տեղը, որեւէ իրավական խնդիր չտեսնելով իրականում, այս քաղաքական` ձեր ձեւակերպումներով, լուրջ գործընթաց գնար»:

Դիտարկմանը, թե ԲՀԿ-ն այլեւս իշխանություն չէ, Աշոտյանը հակադարձեց. - «Նրանք դեռեւս ընդդիմություն չեն: Եվ հետեւաբեր, ես հասկանում եմ` քաղաքական ինտրիգի այսօրվա հիմնական սյուժեն մեր նախկին կոալիցիոն գործընկերներն են, որոնց հետ մենք համագործակցության ավելի երկար ժամանակային փորձ ունենք, քան այլընտրանքայնության փորձ ունենք: Կարող եմ վստահաբար ձեզ ասել, որ կարծում եմ` քաղաքական ուժերի պատասխանատվության սանդղակով «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը առաջատարների շարքում պետք է լինի»:
XS
SM
MD
LG