Մատչելիության հղումներ

ԱՄՆ-ի դեսպանը եւ Ծառուկյանը քննարկել են Օսկանյանի հարցը


«Բարգավաճ Հայաստան» կուսակցության (ԲՀԿ) նախագահ Գագիկ Ծառուկյանը այսօր ընդունել է Հայաստանում ԱՄՆ-ի դեսպան Ջոն Հեֆերնին: Դեսպանն ու Ծառուկյանը անդրադարձել են Վարդան Օսկանյանի շուրջ վերջին զարգացումներին: Հանդիպման մասին հաղորդագրություն է տարածել Ծառուկյանի մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանը:

«Անդրադառնալով ՀՀ նախկին արտգործնախարար, ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վարդան Օսկանյանին անձեռնմխելիությունից զրկելու վերաբերյալ հարցին` Հեֆերնն ընդգծել է, որ խիստ մտահոգված է կատարվածով եւ ամենայն ուշադրությամբ հետեւում է բոլոր զարգացումներին: Դեսպանի խոսքով` սա լուրջ հարված է արդարադատությանն ու ժողովրդավարական արժեքներին: Ամերիկացի բարձրաստիճան պաշտոնյանին մտահոգում է նաեւ այն հանգամանքը, որ այսօրինակ գործողություններ են իրականացվում հատկապես Հայաստանում նախագահական ընտրություններին նախորդող ժամանակահատվածում: Հանդիպման ընթացքում դեսպան Ջոն Հեֆերնը հույս է հայտնել, որ Հայաստանի իշխանությունները կկատարեն իրենց գործառույթները եւ կապահովեն օրենքի գերակայությունը այս հարցի լուծման գործում», - փոխանցում է Ծառուկյանի խոսնակը:

Իր հերթին Գագիկ Ծառուկյանը նշել է. - «Իմ հանձնարարությամբ գործն ուսումնասիրվել է լավագույն իրավաբանների կողմից, ովքեր հաստատել են Վարդան Օսկանյանի դեմ ներկայացված բոլոր մեղադրանքների անհիմն լինելը»: ԲՀԿ առաջնորդը շեշտել է, որ հետեւողական է լինելու, որպեսզի գործն անաչառ քննություն ունենա եւ կայացվի օբյեկտիվ որոշում:

Հեֆերնը եւ Ծառուկյանը զրուցել են նաեւ Հայաստանի արտաքին, ներքին քաղաքականությանը, տնտեսությանը վերաբերող մի շարք թեմաների շուրջ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG