Մատչելիության հղումներ

ԲՀԿ-ում «ուզում են հավատալ» Սերժ Սարգսյանի հավաստիացումներին


Նախագահ Սերժ Սարգսյանը ելույթ է ունենում ԵԺԿ-ի համագումարում, 17-ը հոկտեմբեր, 2012
Նախագահ Սերժ Սարգսյանը ելույթ է ունենում ԵԺԿ-ի համագումարում, 17-ը հոկտեմբեր, 2012
Խորհրդարանական «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունում (ԲՀԿ) «ուզում են հավատալ» առաջիկա նախագահական ընտրությունները ազատ եւ արդար անցկացնելու մասին նախագահ Սերժ Սարգսյանի հավաստիացումներին:

Նախագահը Եվրոպայի ամենաազդեցիկ քաղաքական ուժի՝ Եվրոպական ժողովրդական կուսակցության (ԵԺԿ) համագումարում օրերս հայտարարեց, որ Հայաստանի իշխանությունները հաստատակամ են անցկացնել ազատ, արդար, թափանցիկ և ժողովրդավարական նախագահական ընտրություններ: Այդ նպատակով, ըստ Սերժ Սարգսյանի, ձեռնարկվում են նախապատրաստական միջոցառումներ` հիմք ընդունելով ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի եզրակացություններն ու առաջարկությունները:

Գագիկ Ծառուկյանի գլխավորած ԲՀԿ-ի խոսնակ, ԲՀԿ խմբակցության պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում հայտարարեց, որ ամեն ինչ կախված է իշխանությունների քաղաքական կամքից ու պատրաստակամությունից:

«Ես ուզում եմ հավատալ, ցանկանում եմ, որ օպտիմիզմս չստվերվի եւ ապավինել դրական զարգացումներին: Ես իրոք, ցանկանում եմ հավատալ», - նշեց ԲՀԿ խոսնակը` միաժամանակ վերապահումներ հայտնելով Եվրոպայի ամենամեծ քաղաքական ընտանիքի` ԵԺԿ-ի արժեքային համակարգի նկատմամբ, որի առջեւ փաստորեն Հայաստանի իշխանությունը ստանձնում է ազատ, արդար, թափանցիկ և ժողովրդավարական նախագահական ընտրություններ անցկացնելու պարտավորությունը:

«Երբ ԵԺԿ եք ասում, անմիջապես հիշում եմ ԵԺԿ-ի փոխնախագահներից մեկին, որը միեւնույն ժամանակ Հունգարիայի վարչապետն է` դրանից բխող եվրոպական արժեքների հանդեպ համապատասխան վերաբերմունքով», - հայտարարեց Ուրիխանյանը:

ԲՀԿ-ն ԵԺԿ-ին չի անդամակցում, Հայաստանյան քաղաքական ուժերից այդ ընտանիքին անդամակցում են իշխող Հանրապետական կուսակցությունը, «Օրինաց երկիր»-ը եւ ընդդիմադիր «Ժառանգություն»-ը:

Ընդդիմադիր «Ժառանգություն»-ը չի նկատում Հայաստանի իշխանությունների կողմից որեւէ առարկայական քայլ` ազատ, արդար, թափանցիկ եւ ժողովրդավարական նախագահական ընտրություններ անցկացնելու ուղղությամբ: Կուսակցության վարչության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում հայտարարեց, որ եթե իշխանությունների հաստատակամությունը լինելու է այնպես, ինչպես անցած խորհրդարանական ընտրություններում էր, ուրեմն «դեռ հեռու ենք ժողովրդավարական ընտրություններից»:

«Դրա համար առաջին հերթին պետք է ընտրացուցակները քվեարկությունից հետո հասանելի լինեն, ընտրակաշառքների եւ «բարեգործությունների» դեմ պիտի իրական պայքար մղեն եւ, իհարկե, ադմինիստրատիվ ռեսուրսի ոչ օրինական օգտագործումից հրաժարվեն: Սրանք կեղծարարության այն շրջանակներն են, որ նախորդ ընտրություններում օգտագործվեցին», - ասաց Արմեն Մարտիրոսյանը:

Ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսը (ՀԱԿ) համոզված է, որ ազատ, արդար, թափանցիկ եւ ժողովրդավարական ընտրություններ անցկացնելու դեպքում այս իշխանությունները պարզապես չեն ընտրվի, ուստի ոչ մի գնով նրանք չեն գնա այդ քայլին: Նրանց «որեւէ խոստմանը հավատալ չի կարելի», հայտարարեց Կոնգրեսի խորհրդարանական խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը:

«Սերժ Սարգսյանը խոստանում է, որ վերացնելու է մենաշնորհները, մենաշնորհները ավելի են ամրապնդվում, խոստանում է, որ վերացնելու է կաշառակերությունը, կաշառակերությունը ուղղակի ծաղկում է երկրում, խոստանում է, որ լավ ընտրություններ կանցկացնի, անցկացվում են խայտառակ ընտրություններ: Անցած խորհրդարանական ընտրությունները դրա վառ ապացույցն էին, որոնք չճանաչվեցին դեմոկրատական, ազատ, արդար որեւէ դիտորդական առաքելության կողմից: ԵԽԽՎ-ն էլ, ԵԱՀԿ-ն էլ շատ լուրջ քննադատություն արեցին, եւ ըստ էության, չի ասվել որեւէ նախադասություն կամ գնահատական, որը թույլ կտար եզրակացնել, որ այդ ընտրությունները լավ են անցել: 10 տոկոս էլ չէին հավաքի այս իշխանությունները, եթե չլիներ պետականորեն կազմակերպված ընտրակեղծարարությունը», - ասաց Զուրաբյանը` հավելելով. - «Այսինքն, մենք մի բան կարող ենք եզրակացնել` Սերժ Սարգսյանը ինչ խոստանում է, կատարվում է ուղիղ դրա հակառակը: Ավելի լավ էր` խոստանար, որ առաջիկա ընտրությունները կեղծելու է մինչեւ վերջ»:

Առաջիկա ընտրությունները կեղծելու իշխանությունների մտադրության վառ ապացույցներից մեկը Զուրաբյանը համարում է ՀՀԿ-ականների կողմից հնչեցվող այն հայտարարությունները, որ առաջիկա նախագահական ընտրություններում Սերժ Սարգսյանը դուրս է մրցակցությունից, եւ մնացած բոլոր թեկնածուները պայքարելու են երկրորդ տեղի համար:

«Ինքնախոստովանական ցուցմունք է առ այն, որ նրանք պատրաստվում են լիովին կեղծել ընտրությունները: Այսինքն ուզում են ասել, որ արդեն կեղծված կես միլիոն ձայն իրենց գրպանում ունեն», - ասաց նա:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG