Մատչելիության հղումներ

Փորձագետ. «Սա պարտություն էր Հայաստանի արտաքին քաղաքականության համար»


Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի ղեկավար, վերլուծաբան Ռիչարդ Կիրակոսյանը Ռամիլ Սաֆարովին Ադրբեջանին արտահանձնելու խնդրում տեսնում է նաեւ Հայաստանի արտգործնախարարության բացթողումը:

«Սա պարտություն եւ հետընթաց էր Հայաստանի արտաքին քաղաքականության համար», - «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում այսօր ասաց Ռիչարդ Կիրակոսյանը` նշելով, որ տեղի ունեցածը անակնկալ չէր, եւ դեռ 3-4 շաբաթ առաջ նշաներ կային, որ կարող է նման բան տեղի ունենալ: Հետեւաբար Հայաստանի արտգործնախարարությունը պետք է նախապես կոնկրետ քայլեր ձեռնարկեր. - «Սա բացահայտեց Հայաստանում առկա խորը մի խնդիր` այն, որ ռազմավարության մշակման եւ պլանավորման անհրաժեշտություն կա»:

Ինչ վերաբերում է Հունգարիայի հետ դիվանագիտական հարաբերությունները կասեցնելու` նախագահ Սերժ Սարգսյանի որոշմանը, ապա, վերլուծաբանի համոզմամբ, դա ոչ միայն ճիշտ, այլեւ տրամաբանական քայլ էր, քանի որ «Բաքուն եւ Բուդապեշտն այլընտրանք չէին թողել»:

Հայաստանի արտգործնախարարը երեկ Փարիզում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ հանդիպմանը հայտարարել էր, որ Ադրբեջանը «խոչընդոտում է համանախագահների` Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորմանն ուղղված ջանքերը»:

Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն արդեն հայտարարել է, որ ակնկալում է Մինսկի խմբի եւ մյուս միջազգային կառույցների արձագանքը հայ սպային կացնահարողին ազատ արձակելու փաստի շուրջ:

Ռիչարդ Կիրակոսյանը եւս կարծում է, որ հայ սպային կացնահարած ադրբեջանցու ազատ արձակումը լուրջ դիվանգիտական ճգնաժամ է առաջացրել եւ իր ազդեցությունը կարող է ունենալ բանակցային գործընթացի վրա. - «Սա մի դիվանագիտական ճգնաժամ է, որը Հայաստանին եւ Ադրբեջանին մղում է շատ լուրջ առճակատման, առճակատում, որն ամենալուրջն է վերջին շրջանում»:

Նրա համոզմամբ` Հայաստանն այժմ պետք է սպասի ադրբեջնական սադրանքի շուրջ միջազգային կառույցների, այդ թվում ՆԱՏՕ-ի եւ Եվրամության արձագանքին, եւ եթե այդ արձագանքները բավականաչափ կոշտ չլինեն, ապա Հայաստանը պետք է վերանայի իր մասնակցությունը բանակցային գործընթացին, ինչպես նաեւ` հարաբերությունները ՆԱՏՕ-ի եւ Եվրամության հետ:

«Հայաստանը պետք է եւ կարող է քննարկել Մինսկի խմբի բանակցային գործընթացից դուրս գալու հնարավորությունը, Հայաստանը նաեւ պետք է զգուշացնի ՆԱՏՕ-ի եւ Եվրամիության հետ կապերը վերանայելու մասին` եթե նրանք չարդարացնեն սպասումները», - ասում է Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի ղեկավարը:

Վերլուծաբանի խոսքով, ազատ արձակելով Սաֆարովին` Ադրբեջանը ցույց տվեց, որ «սպառնալիք է ոչ միայն Հայաստանի կամ Լեռնային Ղարաբաղի, այլեւ ողջ տարածաշրջանի անվտանգության եւ կայունության համար»:

«Ադրբեջանը պետք է գին վճարի իր սադրանքի համար», - ասաց Կիրակոսյանը:

please wait

No media source currently available

0:00 0:04:38 0:00
Ուղիղ հղում
XS
SM
MD
LG