Մատչելիության հղումներ

Բողոքի ակցիաներ արտգործնախարարության եւ Հունգարիայի հյուպատոսության առջեւ


Հունգարիայի դրոշը այրեցին
please wait

No media source currently available

0:00 0:05:18 0:00
Այսօր Հայաստանի արտգործնախարարության առջեւ կազմակերպվել էր բողքի ակցիա, որի մասնակիցները համատեղ հայտարարություն ընթերցեցին` պահանջելով հանցավոր անգործության համար պաշտոնանկ անել բոլոր պատասխանատու դիվանագետներին, այդ թվում` արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանին։

Բուդապեշտում 2004 թվականին հայ սպա Գուրգեն Մարգարյանին կացնահարելու համար Հունգարիայի դատարանի կողմից ցմահ ազատազրկման դատապարտված ադրբեջանցի սպա Ռամիլ Սաֆարովը երեկ էքստրադիցիայի է ենթարկվել Ադրբեջան։ Հայրենիք ժամանելուն պես նա ներման է արժանացել երկրի նախագահ Իլհամ Ալիեւի կողմից։

Ինչպես «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում շեշտում էր ակցիայի նախաձեռնողներից Էդուարդ Սարիբեկյանը՝ այլեւս անիմաստ է Ադրբեջանից ակնկալել որեւէ ողջախոհ քայլ եւ տեղի ունեցածի պատասխանատվությունն ընկնում է Հայաստանի ամենաբարձր իշխանությունների ուսերին. - «Չէ՞ որ նախագահը անձամբ երկրի արտաքին քաղաքական կուրսի պատասխանատուն է։ Երկրի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարները սրա համար պետք է պատասխան տան։ Ցանկացած երկրում նման դեպքերում հրաժարականների շարքեր են գնում։ Չեն կանխել, պատշաճ միջոցներ չեն ձեռք առել՝ իրենց խաբել են։ Այսինքն՝ իրենք կոմպետենտ չեն»։

Ակտիվիստներից Արմեն Հովհաննիսյանի խոսքով էլ` ահավոր վհատեցնող եւ զայրացնող այս դեպքը կանխատեսելը դժվար չէր, Իլհամ Ալիեւն ամեն ինչ անելու էր Սաֆարովին իր երկրում հերոսացնելու համար, իսկ Հայաստանը չկարողացավ հասնել նրան, որ հանցագործը գոնե հայրենիքում ազատազրկվեր։

«Մենք պիտի իմանանք ո՞վ է պատասխանատու այդ ամեն ինչի համար։ Այդ մարդիկ պիտի պատասխան տան», - ասում է Հովհաննիսյանը։
Արտգործնախարարության առջեւ ցուցարարներին աջակցելու էր եկել հունգարացի հայագետ Ժիգմունտ Բենեդեգտը։ Ասում էր՝ ցնցված է տեղի ունեցածից, քանի որ հիացած էր իր հայրենիքի արդարադատությամբ, թեկուզ հենց Սաֆարովին ցմահ ազատազրկման դատապարտելու օրինակով: Նա սուր քննադատության ենթարկեց իր երկրի իշխանություններին։

«Ներողություն եմ խնդրում իմ անունից ամբողջ հայ ժողովրդից, մանավանդ Գուրգեն Մարգարյանի հարազատներից՝ երեկվա անբարոյական արարքի համար։ Այն ինչ երեկ Հունգարիայի կառավարությունը արել է, դա, իմ կարծիքով, խախտում է բոլոր բարոյական եւ համամարդկային արժեքները», - մեզ հետ զրույցում ասաց Բենեդեգտը։

Հունգարացի հայագետը վրդովված ընդգծում էր, որ Սաֆարովը ամբողջ մարդկության դեմ է հանցանք գործել եւ այդպիսի մարդուն հանձնելը Ադրբեջանին Հունգարիայի անկախացումից հետո վերջին 20 տարվա դիվանագիտության պատմության մեծագույն սխալն է:

«Երեկվանից ամաչում եմ, որ հունգարացի եմ», - ասում էր Ժիգմունտ Բենեդեգտը, - «Հիմա «Ֆեյսբուք»-ում հունգարացիները քննարկում են այս արարքը եւ բողոքում են դրա դեմ։ Նույնպես ամաչում եմ այս պահին»։

Ակցիայի մասնակիցները երթով շարժվեցին դեպի Հայաստանում Հունգարիայի պատվո հյուպատոսություն, որի շենքը ոստիկանական խիստ հսկողության տակ էր, թեեւ դեռ երեկվանից արդեն հաջողվել էր ամոթանքի պաստառներ փակցնել դռների վրա: Հյուպատոսության առջեւ երիտասարդներն այրեցին Հունգարիայի դրոշը՝ վրան մանրադրամներ նետելով` որպես ծախվածության նշան։

Հյուպատոսության առջեւ էին հավաքվել բազմաթիվ մտավորականներ, սփյուռքահայեր, ովքեր իրենց զայրույթն էին արտահայտում պատահածի վերաբերյալ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG