Մատչելիության հղումներ

Մարդասպանի ներման լուրը մտահոգել է Եվրամիությանը


Եվրահանձնաժողովի շենքը Բրյուսելում
Եվրահանձնաժողովի շենքը Բրյուսելում
Եվրամիությունը մտահոգված է լուրերից, որոնց համաձայն Ադրբեջանի նախագահը ներում է շնորհել սպանության համար ցմահ ազատազրկման դատապարտված ադրբեջանական բանակի սպա Ռամիլ Սաֆարովին, այդուամենայնիվ, պաշտոնական Բրյուսելը կոչ է անում Հայաստանին եւ Ադրբեջանին զսպվածություն ցուցաբերել՝ հետագա լարվածությունից խուսափելու համար։ Այդ մասին երկուշաբթի օրը Բրյուսելում հայտարարել է Եվրամիության արտգործնախարար Քեթրին Էշթոնի խոսնակ Մայա Կոսիյանչիչը։

«Մենք ուշադրությամբ հետեւում ենք այս իրադրությանը եւ շփումների մեջ ենք համապատասխան կողմերի հետ՝ առավել շատ տեղեկատվություն ստանալու համար», - հայտարարել է Եվրամիության պաշտոնյան՝ ընդգծելով. - «Մենք հատկապես մտահոգված ենք այն հնարավոր ազդեցությամբ, որ կարող է ունենալ այս զարգացումը տարածաշրջանի վրա, այդ իսկ պատճառով կոչ ենք անում Ադրբեջանին ու Հայաստանին զսպվածություն ցուցաբերել տեղում եւ հրապարակային հայտարարություններում՝ խուսափելու համար այս իրավիճակի սրացումից»։

Բրյուսելում տեղի ունեցած ասուլիսի ժամանակ լրագրողներից մեկը ճշգրտող հարց է տվել, թե արդյոք Եվրամիությունը Հայաստանից ու Ադրբեջանից բացի շփումների մեջ է նաեւ Հունգարիայի իշխանությունների հետ, եւ եթե այո, ապա ինչ ուղերձ է փոխանցում Բրյուսելը պաշտոնական Բուդապեշտին, ինչին Եվրամիության արտգործնախարարի խոսնակը պատասխանել է. - «Այո, մենք այս պահին կապի մեջ ենք նաեւ Հունգարիայի իշխանությունների հետ՝ տեղեկատվության փոխանակման համար, սակայն, չի բացառվում, որ այդ հարցը քննարկվի նաեւ Եվրամիության անդամ երկրների մակարդակով, Եվրամիության դեսպանների՝ վաղը Բրյուսելում կայանալիք հանդիպման ժամանակ»։

Հայաստանում Եվրամիության պատվիրակության մամուլի եւ տեղեկատվության բաժինը երեքշաբթի օրը տարածել է ԵՄ-ի արտաքին քաղաքականության եւ անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Քեթրին Էշթոնի եւ ընդլայնման հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեի մամլո խոսնակների սեպտեմբերի 3-ի հայտարարությունը` Ռամիլ Սաֆարովի ազատ արձակման վերաբերյալ։

«Բարձր ներկայացուցիչն ու Շտեֆան Ֆյուլեն մտահոգված են, տեղեկանալով, որ Ադրբեջանի նախագահը ներում է շնորհել Ռամիլ Սաֆարովին, ով մեղադրվել եւ դատապարտել էր ցմահ ազատազրկման 2004 թվականին Բուդապեշտում հայազգի սպա Գուրգեն Մարգարյանին սպանելու կապակցությամբ», - ասված է հայտարարությունում։

«Ռամիլ Սաֆարովը, Ադրբեջանի խնդրանքով, «Դատապարտյալների փոխանցման մասին» 1983 թվականի մարտի 21-ի Ստրասբուրգյան կոնվենցիայի շրջանակներում, ս.թ. օգոստոսի 31-ին Հունգարիայից տեղափոխվել է Ադրբեջան, պատիժը կրելու նպատակով: ԵՄ-ի ներկայացուցիչները դիմել են համապատասխան կառույցներին եւ հետեւելու են իրադարձությունների հետագա զարգացմանը», - հայտարարել են եվրոպացի բարձրաստիճան պաշտոնյաների խոսնակները։

«Եվրոպական միության արտաքին հարաբերությունների եւ անվտանգության քաղաքականության բարձր ներկայացուցիչ եւ հանձնաժողովի փոխնախագահ Քեթրին Էշթոնի եւ Ընդլայնման եւ հարեւանության քաղաքականության եվրոպական հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն վերստին կոչ են անում Հայաստանին ու Ադրբեջանին զերծ մնալ հրապարակային հայտարարություններից, իրավիճակի վատթարացում թույլ չտալու նպատակով՝ ի շահ տարածաշրջանում կայունության հաստատման եւ հաշտեցմանն ուղղված ջանքերի», - ասված է հայտարարությունում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG