Մատչելիության հղումներ

«Հայաստան» հիմնադրամը սիրիահայերին օգնելու համար առանձնացված հաշվեհամար է բացել


Հայաստան - Նոր ժամանող սիրիահայերի ընտանիքը «Զվարթնոց» օդանավակայանում, 30-ը հուլիսի, 2012թ․
Հայաստան - Նոր ժամանող սիրիահայերի ընտանիքը «Զվարթնոց» օդանավակայանում, 30-ը հուլիսի, 2012թ․
«Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ, Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի առաջարկով որոշում է կայացվել ստեղծել առանձնացված բանկային հաշիվ սիրիահայերին օժանդակելու համար:

Ավելի վաղ՝ այս շաբաթասկզբին, սիրիահայ համայնքին 1 միլիոն դոլար փոխանցելու որոշում էր կայացրել Հայկական բարեգործական ընդհանուր միությունը:

Այս գումարներն ուղղվելու են սիրիահայերի կարիքների լուծմանը՝ սննդի, անվտանգ տեղերի ապահովման եւ առաջին անհրաժեշտության իրերի ձեռքբերման համար:

«Հայաստան» համահայկական հիմնադրամից «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեցին, որ հաջորդ շաբաթ, պայմանավորված հանգանակված գումարի քանակով, դրանք կփոխանցվեն Սիրիայում գործող հայկական համայնքի ներկայացուցիչներին:

Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը երեկ օդանավակայանում սիրիահայ երեխաներին սպասելու ընթացքում անդրադարձավ հիմնադրամի կողմից բացված հաշվեհամարին` կարեւորելով Սիրիայում հայկական համայնքին աջակցելու հարցը: Նախարարը նշեց նաեւ, որ այս պահին անհրաժեշտություն չկա սիրիահայ համայնքին գոնե ժամանակավորապես տեղափոխել Հայաստան:

Արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանն այսօր «Ազատություն» ռադիոկայանին ասաց, որ անհրաժեշտության դեպքում իրենք կարող են լուծել սիրիահայերի տեղափոխման հարցը:

«Իհարկե, եթե կարիքը լինի, մենք անպայման մեր օգնությունը ցույց կտանք, մենք մեր ինքնաթիռով կգնանք պաշտպանության նախարարության հետ մեր օգնությունը ցույց կտանք, եթե դրա պահանջը լինի», - նշեց նախարարը։

Հայ հեղափոխական դաշնակցության Բյուրոյի Հայ դատի եւ քաղաքական հարցերի գրասենյակի տնօրեն Կիրո Մանոյանն «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում եւս նշեց, որ անհրաժեշտություն չկա հայկական համայնքին դուրս բերել Հալեպից։


«Ով ցանկանում է գալ, պետք է հնարավորություն ստեղծվի, որ գան ու «Արմավիա»-ի արտահերթ թռիչքներն այդ նպատակին ծառայում են», - նշեց Մանոյանը, - «Բայց հարց է, թե ինչքա՞ն մարդ կա՝ թեկուզ ժամանակավոր, որ ցանկանում է գալ: Որովհետեւ մինչեւ օդանավակայան հասնելն էլ է վտանգավոր։ Դրա համար մտածում են մնալ տեղում, տեսնել ինչ կլինի»։

«Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում Հալեպում գտնվող Բերիո հայոց թեմի ներկայացուցիչ Ժիրայր Րեիսյանն ասում է, որ խուճապային տրամադրություն հայկական համայնքի ներսում առայժմ չկա:

«Հայերին փախուստի իրավիճակի մատնել պետք չէ։ Մարդիկ, ովքեր հնարավորություն ունեն ժամանակավոր դուրս գալու՝ դուրս են գալիս, բայց դա չի նշանակում, որ հալեպահերը խուճապի մեջ են, այդպես չէ», - նշեց Րեիսյանը։

Բերիո հայոց թեմի ներկայացուցիչն ասում է, որ երբ հայերի համար Հալեպում մնալը դառնա վտանգավոր, իրենք Հայաստանի կառավարության հետ կքննարկեն համայնքի տեղափոխման հարցը:

please wait

No media source currently available

0:00 0:04:35 0:00
Ուղիղ հղում
XS
SM
MD
LG