Մատչելիության հղումներ

Մեծ Բրիտանիայի դեսպանը երկրպագելու է նաեւ հայ մարզիկներին


Հայաստանում Մեծ Բրիտանիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Ջոնաթան Ջեյմս Էյվսը Լոնդոնի Օլիմպիական խաղերում երկրպագելու է նաեւ հայաստանցի մարզիկներին:

«Ես կարծում եմ, որ հայ մարզիկները լավ պոտենցիալ ունեն այս անգամ [նախորդ` Պեկինի օլիմպիական խաղերի համեմատ] ավելի լավ ելույթներ ունենալու», - «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց դեսպանը` շարունակելով. - «Իհարկե, բրիտանական դեսպանատանը առաջնային աջակցությունը լինելու է Բրիտանիային, բայց ես հայ մարզիկների համար նույնպես երկրպագելու եմ եւ հուսով, որ նրանք բազմաթիվ մեդալներով կվերադառնան հայրենիք»:

Հարցին, թե որքանով են հայաստանցիները հետաքրքրություն ցուցաբերել Օլիմպիական խաղերը Լոնդոնում դիտելու նկատմամբ, էյվսը պատասխանեց. - «Անկեղծ ասած` մենք չգիտենք, թե ով է վիզա ստանում Օլիմպիական խաղերին ներկա գտնվելու համար, իսկ ով` այլ նպատակով: Հետեւաբար ես չեմ կարող հստակ տվյալներ տրամադրել: Բայց մենք գիտենք, որ շատ հայաստանցիներ այս տարի եկան դեսպանատնից վիզա ստանալու, որպեսզի մեկնեն Լոնդոն` օլիմպիադային ներկա գտնվելու»:

Օլիմպիական խաղերի` հնուց ի վեր եկող սկզբունքներից խաղաղությանն անդրադառնալով` դեսպանը նշեց. - «Դա հիանալի գաղափար է, որը պահպանվում է ժամանակակից խաղերում եւս: Օլիմպիական խաղերն իսկապես ոչ միայն սպորտի, այլեւ խաղաղության փառատոն է: Այստեղ ոչ այնքան բարեկամական հարաբերություններ ունեցող երկրների մարզիկները միասին մասնակցում են մրցումներին»:

Մեծ Բրիտանիան արդեն երրորդ անգամ է հյուրընկալում ամառային օլիմպիական խաղերը` 1908, 1948 եւ 2012:

2012 թվականի ամառային օլիմպական խաղերը կմեկնարկեն հուլիսի 27-ին, Գրինվիչի ժամանակով 20:12-ին` Բիգ Բենի ու հազարավոր այլ զանգերի ղողանջներով:

Հայաստանում Միացյալ Թագավորության դեսպանատունը Օլիմպիադայի մեկնարկը կնշի Սիրահարների այգում` բացման արարողության ցուցադրությամբ եւ հատուկ այդ առիթով կազմակերպված միջոցառումներով:
XS
SM
MD
LG