Մատչելիության հղումներ

Պատգամավորները հանդիպում են պահանջում իրավապահների հետ


Խորհրդարանական 4 խմբակցություններ` «Բարգավաճ Հայաստան»-ը, Հայ ազգային կոնգրեսը, Դաշնակցությունն ու «Ժառանգություն»-ը, Ազգային ժողովի նախագահից պահանջում են սեղմ ժամկետներում հանդիպում կազմակերպել «Հարսնաքար»-ի գործով պատասխանատու իրավապահների հետ:

Ինչպես «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը, պատգամավորներն ուզում են ստանալ գործի ընթացքի վերաբերյալ հասարակությանը հուզող հարցերի պատասխանները. - «Ազգային ժողովը նախեւառաջ պետք է գտնի, վերագտնի, ամրապնդի իր լիազորությունները` վերահսկելու եւ հասարակության պահանջներին տեր կանգնելու առումով: Այդ դերն այսօր Ազգային ժողովը չի կատարում»:

Ռուստամյանի փոխանցմամբ, իրենք դիմել են ԱԺ նախագահին, որպեսզի «քննությունը իրականացվի թափանցիկ, հասարակության համար ընկալելի, հասկանալի ճանապարհով». - «Որովհետեւ հիմնական մտահոգությունն այն է, որ կարող է նորից ինչ-որ բաներ ծածկադմբոց արվեն: Սա թույլ չտալու համար ամենաճիշտ եղանակը թափանցիկ գործընթացներն են: Մենք պետք է այս անպատժելիության մթնոլորտին վերջ տանք, եւ դրա համար պետք է Ազգային ժողովը ունենա համապատասխան միջոց, գործիք` միջամտելու, իր դերակատարությունը ստանձնելու»:

Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը դեռեւս չի պատասխանել խորհրդարանական լսումներ նախաձեռնելու մասին դիմումին:

Խորհրդարանի պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանը (ՀՀԿ), արձագանքելով այս պահանջին, ասաց, թե նախաքննության գաղտնիությունը պետք է չխախտվի, տխուր միջադեպը` քաղաքական նպատակների չծառայեցվի. - «Իսկ եթե կլինեն քայլեր, որ օգտակար են, կարծում եմ, դրանք ենթակա են քննարկման»:

«ՀՀԿ-ն կարծում է, որ խնդիրը ունի ե’ւ իրավական, ե’ւ բարոյական կողմ», - «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց Ազգային ժողովի փոխնախագահ, կուսակցության խոսնակ Էդուարդ Շարմազանովը:

Հայրապետյանի քայլը, ըստ ՀՀԿ-ի` հարցի բարոյական լուծումն էր, իսկ իրավական մասով իշխող կուսակցությունը երաշխավորում է թափանցիկ քննության իրականացում:

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության խորհրդարանական խմբակցության պատգամավոր, Հայաստանի նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանի կարծիքով` հասարակությունը պետք է անհանդուրժող լինի բռնության հանդեպ. - «Ոչ միայն հասարակությունը… Իշխանությունները պետք է առավել մեծ ուշադրություն դարձնեն, օրինակ ծառայեն, վերջ ի վերջո` գթության քաղաքականությունը իշխանությունների ձեռքն է, մշակութային քաղաքականությունը իշխանությունների ձեռքն է, սոցիալական քաղաքականությունը իշխանությունների ձեռքն է, հեռուստատեսությունը իշխանությունների ձեռքն է… Եկեք հասարակության վրա մեղք չդնենք: Մեղավորները իսկապես այն մարդիկ են, որոնք չեն կարողանում ճիշտ քաղաքականություն տանելով, ճիշտ օրինակ ծառայելով այս երեւույթները մեր հասարակությունից արմատախիլ անել»:

Արմեն Ռուստամյանի կարծիքով` Հայրապետյանը ճիշտ որոշում կայացրեց` հրաժարվելով պատգամավորական մանդատից, բայց դա «բավարար չէ»: «Նման երեւույթները կանխելու խնդիր ունենք», - ասաց նա` շարունակելով. - «Նվազագույն այն անհրաժեշտ քայլն էր, որ պետք էր այս իրավիճակում կատարել… Մարդիկ ինքնաբուխ էին գալիս, եւ անպաշտպանվածության, անզորության մի վիճակ էր տիրում»:

«Հայրապետյանը ճիշտ քայլ կատարեց», - «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանը: - «Սա քաղաքական պատասխանատու քայլ էր, որը կատարեց Ռուբեն Հայրապետյանը: Քաղաքակիրթ երկրներում ընդունված է կրելու քաղաքական պատասխանատվություն, ինչը չի նշանակում, որ մարդը կարող է ուղղակի մեղք ունենալ: Սա գնահատում եմ որպես նոր քայլ մեր քաղաքական մշակույթում»:

Հարությունյանը կարծում է, որ Հայրապետյանը նման որոշում կայացրեց հանրային կարծիքի ճնշման ներքո. - «Հենց հանրային կարծիքն է, որ ստիպում է կրել քաղաքական պատասխանատվություն»:

ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Էլինար Վարդանյանը (ԲՀԿ) «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում առանձնացրեց «Հարսնաքար»-ի միջադեպին հետեւած հասարակական ընդվզումը:

«Հասարակության անտարբերությունը կարող է ծնել նոր հանցագործություն», - ասաց նա` շարունակելով. - «Ամենաթողությունը արդեն հասել է մի աստիճանի, որի դեմը պետք է միանշանակ առնել: Հասարակական ակցիաների եւ հասարակական հնչեղության միջոցով, կարծում եմ, որ արդյունավետ արդյունքների կարելի է հասնել միանշանակ»:

Նա չբացառեց, որ եթե բողոքի ցույցերը չլինեին, գործը կարող էր կոծկվել. - «Որովհետեւ մեր իրականությունում եղել են բազմաթիվ դեպքեր, որոնք այդպես էլ իրենց արժանի պատասխանը չեն ստացել: Ես ուզում եմ հավատալ, որ այդ դեպքը այդպիսին չի լինելու»:


please wait

No media source currently available

0:00 0:05:21 0:00
Ուղիղ հղում
XS
SM
MD
LG