Մատչելիության հղումներ

Նախարարները «ճիշտ» եւ «գնահատելի» են որակում Հայրապետյանի քայլը


Կառավարության այսօրվա նիստից հետո գործադիրի անդամները «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցներում իրենց գնահատականները ներկայացրեցին Ազգային ժողովի հանրապետական պատգամավոր, Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանի՝ պատգամավորի մանդատից հրաժարվելու որոշման վերաբերյալ:

«Ռուբեն Հայրապետյանի քայլը ցույց է տալիս, որ ամեն ինչ չէ, որ մանդատով եւ նախարարական պորտֆելով է այս կյանքում եւ մեր երկրում», - իր կուսակցի քայլի մասին ասաց կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը:

Տրանսպորտի եւ կապի նախարար, հանրապետական Գագիկ Բեգլարյանը Հայրապետյանի մանդատից հրաժարվելը նորմալ է համարում:

«Յուրաքանչյուր մարդ ինքն է գնահատում իր քայլերը: Եթե Հայրապետյան Ռուբիկը հրաժարարվել է իր մանդատից, ես համարում եմ դա քայլ, նորմալ քայլ», - ասաց նա:

Իսկ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար, հանրապետական Արտեմ Ասատրյանը Հայրապետյանի քայլը մեկ բառով որակեց՝ գնահատելի:

Առողջապահության նախարար, ՀՀԿ գործադիր մարմնի անդամ Դերենիկ Դումանյանն էլ կարեւորեց քաղաքացիական հասարակության դերակատարումը Հայաստանում:

«Ես կարծում եմ՝ իսկապես ձեւավորում ենք քաղաքացիական հասարակություն, եւ կարծում եմ, որ յուրաքանչյուրը պարտավոր է արդեն այդ կարծիքի հետ հաշվի նստել: Ես ճիշտ եմ համարում Հայրապետյանի քայլը», - ասաց Դումանյանը:

Առողջապահության նախարարը հավելեց, որ երկու օր առաջ է տեսակցել «Հարսնաքար» ռեստորանային համալիրի տարածքում ծեծի ենթարկված երկու ռազմական բժիշկներին: Նրանց վիճակը նախարարը բավարար գնահատեց:

Հիշեցնենք, հունիսի 17-ին «Հարսնաքար» ռեստորանում Կենտրոնական զինվորական հոսպիտալի երեք բժիշկներ դաժան ծեծի էին ենթարկվել: Նրանցից մեկը, 33-ամյա մայոր Վահե Ավետյանը, ով Կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալի «Քիթ, կոկորդ, ականջ» բաժանմունքի պետն էր, միջադեպից 12 օր անց մահացավ:

please wait

No media source currently available

0:00 0:02:00 0:00
Ուղիղ հղում

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG