Մատչելիության հղումներ

Նոր միջադեպ Տավուշի սահմանագոտում. զոհվել է հինգ ադրբեջանցի


Անցած գիշեր Ադրբեջանի զինված ուժերի ստորաբաժանումները, շարունակելով նախօրեին ձեռնարկած սադրիչ գործողությունը, փորձել են կրկին անգամ խախտել Հայաստանի պետական սահմանը: Այս մասին հաղորդում է Հայաստանի պաշտպանության նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունը։

Հաղորդագրության համաձայն` Հայաստանի Տավուշի մարզի Ոսկեպար գյուղի մերձակայքում Ադրբեջանից փորձել է հայկական տարածք ներխուժել 15-20 հոգուց բաղկացած զինված դիվերսիոն խմբավորում:

«Հայ դիրքապահների զգոնության շնորհիվ դիվերսիոն խումբը հայտնաբերվել է, եւ ձեռնարկված հատուկ միջոցառումների արդյունքում խումբը վնասազերծվել է: Ադրբեջանական կողմից, ըստ նախնական տվյալների, կա հինգ զոհ, բազմաթիվ վիրավորներ: Դիվերսիոն խմբի մյուս անդամներին հաջողվել է փախչել` իրենց հետ տանելով զոհերի դիակները եւ վիրավորներին», - հաղորդում է Հայաստանի ռազմական գերատեսչությունը` ընդգծելով, որ հայկական կողմից զոհեր եւ վիրավորներ չկան:

Նախօրեին հայ - ադրբեջանական սահմանին տեղի ունեցած միջադեպի հետեւանքով զոհվել է երեք հայ զինծառայող, կան վիրավորներ։ Հայաստանի պաշտպանության նախարարության փոխանցմամբ` կորուստներ է ունեցել նաեւ ադրբեջանական կողմը։

Ի տարբերություն նախորդ միջադեպի, որը պաշտոնական Բաքուն երեկ հերքել էր, նոր միջադեպը եւ իրենց հինգ զինծառայողների զոհվելու փաստը Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը այսօր հաստատել է` պնդելով, սակայն, թե հայ զինծառայողներն են փորձել թափանցել ադրբեջանական դիրքեր։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG