Ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսը մտահոգված չէ դաշինքի շուրջ վերջին զարգացումներով, քանի որ դրանցում վտանգ չի տեսնում:
«Նման խնդիրները մեզ չեն մտահոգում», - այսօր «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում հայտարարեց Կոնգրեսի խոսնակ Արման Մուսինյանը՝ պատասխանելով այն հարցին, թե Կոնգրեսի շարքերից Արամ Սարգսյանի գլխավորած «Հանրապետություն» կուսակցության դուրս գալու դեպքում արդյո՞ք Կոնգրեսի պառակտման վտանգ չի առաջանա։
Հիշեցնենք, «Հանրապետություն» կուսակցության ղեկավար Արամ Սարգսյանը ուրբաթ օրը հրապարակեց իր պատգամավորական մանդատը վայր դնելու որոշումը՝ չբացառելով նաեւ Հայ ազգային կոնգրեսի կազմից դուրս գալու հեռանկարը։ Սարգսյանի այս քայլին այսօր հաջորդեց Կոնգրեսի Գյումրիի տարածքային գրասենյակի համակարգող, «Հանրապետություն» կուսակցության անդամ Աշոտ Զաքարյանի հայտարարությունը՝ Հայ ազգային կոնգրեսում իր գործունեությունը դադարեցնելու մասին։ Զաքարյանը, մասնավորապես, ասել էր, որ վերջին շրջանում Կոնգրեսի ներքաղաքական կուրսը «լրջագույն խնդիրներ է առաջացրել ՀԱԿ-ի ներսում»։ Նա հատկապես կարեւորել էր կոալիցիոն «Բարգավաճ Հայաստան» կուսակցության հետ համագործակցություն սկսելու՝ ՀԱԿ-ի փորձերը:
Կոնգրեսի խոսնակ Արման Մուսինյանը «սպասելի» որակելով Աշոտ Զաքարյանի այս քայլը «Հանրապետություն» կուսակցության առաջնորդի ասուլիսից հետո, միաժամանակ կարծիք հայտնեց, որ Զաքարյանի մեղադրանքները հիմնավորված չեն. - «Միասնական շտաբում մեր համագործակցությունը այլ քաղաքական ուժերի հետ եղել է բացառապես մեկ հարցի շուրջ՝ դա ընտրությունների օրինականության վերահսկման խնդիրն էր, եւ որեւէ այլ հարցում այդ ուժերը չեն համագործակցել։ Ես հույս ունեմ, որ ժամանակավոր շփոթ է եւ միայն կարող եմ բարի ճանապարհ մաղթել»։
Անդրադառնալով քաղաքական կուրսի շուրջ ՀԱԿ-ի ներսում «լրջագույն խնդիրների» առաջացման մասին Աշոտ Զաքարյանի հայտարարությանը՝ Արման Մուսինյանը, մասնավորապես, ասաց․ - «Հայ ազգային կոնգրեսը իր ռազմավարությունը ընդունել է, շարժվելու է առաջ այդ ռազմավարությամբ։ Որեւէ անհամաձայնություն այդ ռազմավարության ընդունման ժամանակ պաշտոնապես չի բարձրաձայնվել»։
Հաստատելով, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության հետ կապված հարցերում Կոնգրեսի ներսում որոշակի տարակարծություններ եղել են, Մուսինյանը միաժամանակ շեշտեց, որ «դրանք եղել են տարակարծություններ, այլ ոչ թե տարաձայնություններ»։
Ի պատասխան մեր հաջորդ հարցի, թե այդ դեպքում ինչով է բացատրում դաշինքի շուրջ այս վերջին զարգացումները, Կոնգրեսի խոսնակը խորհուրդ տվեց հարցն ուղղել «հասցեատերերին»՝ մանրամասնելով միայն, որ « այդ հարցն «ուրիշ հասցեատեր ունի»:
«Հանրապետություն» կուսակցության վերջին գործողությունները Կոնգրեսին անդամակցող որոշ ուժերի շրջանում այնուհանդերձ մտահոգություններ առաջացրել են: «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության ղեկավար Պետրոս Մակեյանը մեզ հետ զրույցում կարծիք հայտնեց, որ եթե «Հանրապետություն» կուսակցությունը հայտարարի Կոնգրեսից դուրս գալու մասին, դա արդեն պառակտման «լուրջ դոզա է» եւ սխալ կլինի անտեսել։
Հիշեցնելով, որ ինքը եւս ի սկզբանե հայտարարել էր ԲՀԿ-ի հետ համագործակցության անթույլատրելիության մասին, Պետրոս Մակեյանը վերջին խմորումների հիմնական առիթը համարում է ոչ այնքան ԲՀԿ-ի գործոնը, որքան 7 մանդատները վերցնելու հարցը։
«Ամիսներ առաջ, երբ Կոնգրեսի քաղխորհրդում քննարկվում էր մանդատներ վերցնել-չվերցնելու հարցը, հստակ գնահատական տրվեց, որ այդ հարցին կանդրադառնանք ընտրություններից հետո», - նշեց Մակեյանը՝ փաստելով․ - «Կոնգրեսում այդ հարցը չի քննարկվել։ Ճիշտ կլիներ՝ հարցը քննարկվեր»։
Ընդգծելով, որ ինքը խորհրդարան չի անցել եւ իր հայտարարությունները կարող են այլ կերպ մեկնաբանվել, Մակեյանը, այդուհանդերձ, նշեց․ - «Գտնում եմ, որ մանդատները վերցնելը ճիշտ կլիներ մի պարագայում, երբ զուգահեռ կամ առաջին հերթին շարունակվեր պայքարը հրապարակում։ Բայց, իմ տպավորությամբ, մենք լիարժեք չկարողացանք օգտագործել ընտրությունների շարժառիթը»։
Հարցին, թե հնարավո՞ր է, որ իր գլխավորած կուսակցությունն էլ դուրս գա Կոնգրեսի կազմից, Պետրոս Մակեյանը պատասխանեց, որ նման քննարկում իրենց կուսակցությունում դեռ չի եղել:
Հավելենք, որ տարածվել են լուրեր, որ Հովհաննես Հովհաննիսյանի գլխավորած Հայաստանի Լիբերալ կուսակցությունը եւս դեմ է, որ ՀԱԿ-ի պատգամավորները վերցնեն մանդատները: Հովհաննես Հովհաննիսյանը, սակայն այսօր ձեռնպահ մնաց մեկնաբանություններից: