Մատչելիության հղումներ

Արամ Սարգսյանը հրաժարվեց մանդատից


Արամ Սարգսյանը եւ Լեւոն Տեր-Պետրոսյանը գլխավորում են ընդդիմության երթը Երեւանում: Արխիվային լուսանկար:
Արամ Սարգսյանը եւ Լեւոն Տեր-Պետրոսյանը գլխավորում են ընդդիմության երթը Երեւանում: Արխիվային լուսանկար:
Հայ ազգային կոնգրեսի մաս կազմող «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը այսօր հայտարարեց պատգամավորական մանդատից հրաժարվելու մասին` չբացառելով հետագայում իր գլխավորած կուսակցության դուրս գալը ՀԱԿ-ից:

«Պաշտոնապես հայտարարում եմ, որ վայր եմ դնում Ազգային ժողովի պատգամավորի իմ մանդատը: Բոլոր այն մարդկանց, ովքեր ազնվորեն գնում են Ազգային ժողով` հույս ունենալով, որ բան կարող են փոխել, հաջողություն եմ մաղթում: Եվ իմ ներկայությամբ չեմ ուզում կաշկանդել, իմ իրատեսական, պրագմատիկ մոտեցումներով կասկածի տակ դնել իրենց աշխատելու ցանկությունը», - լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց Սարգսյանը, ով զբաղեցնում էր ՀԱԿ-ի համամասնական ցուցակի երրորդ հորիզանականը:

2008 թվականի օգոստոսից ՀԱԿ-ին անդամակցող «Հանրապետություն» կուսակցության առաջնորդը նաեւ չբացառեց Կոնգրեսից դուրս գալու հնարավորությունը. - «Առաջիկայում կուսակցության ակտիվի հետ քննարկվելու է Հայ ազգային կոնգրեսի հետ մեր հետագա համագործակցության ձեւաչափը: Չի բացառվում նաեւ Հայ ազգային կոնգրեսից դուրս գալու հեռանկարը»:

Նա պաշտոնապես հաստատեց մամուլում շրջանառվող լուրերը, որ տարաձայնություններ են եղել ՀԱԿ-ի ներսում. - «Անցած ժամանակահատվածում [անցած տարվա գարնանից] մենք ունեցել ենք տարաձայնություններ ՀԱԿ-ի գործունեության վեկտորների, ներքաղաքական զարգացումների, արտաքին քաղաքական դիրքորոշումների շուրջ»:

Արամ Սարգսյանը համաձայն չի եղել Կոնգրեսի առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանի հետ, մասնավորապես, ներքաղաքական հարցերում. «Հանրապետություն» կուսակցության առաջնորդը հակված է եղել մինչեւ խորհրդարանական ընտրությունները իշխանափոխություն իրականացնելուն, անընդունելի է համարել Կոնգրեսի առաջարկը «Բարգավաճ Հայաստան» կուսակցության հետ համագործակցելու վերաբերյալ:

ՀԱԿ-ի ղեկավար անդամ Լեւոն Զուրաբյանը Սարգսյանի այս հայտարարությունների կապակցությամբ «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց. - «Այդտեղ որեւէ տարաձայնություն ես չեմ տեսնում, քանի որ Կոնգրեսում բոլորն էին ուզում իշխանափոխություն տեսնել հերթական ընտրություններից առաջ»:

Ինչ վերաբերում է ԲՀԿ-ի հետ համագործակցության առաջարկին` Զուրաբյանը նշեց, որ այդ կուսակցության հետ ՀԱԿ-ը համագործակցել է միայն միասնական շտաբի շրջանակներում, ինչի կապակցությամբ «որեւէ խնդիր որեւէ կուսակցություն չի բարձրացրել»:

Սարգսյանը տեղեկացրեց, որ «Հանրապետություն» կուսակցությունը հաջորդ շաբաթ հանդես կգա հայտարարությամբ. - «Լուրջ աշխատանք ունենք անելու: Նույնիսկ գործող իշխանությունը փոփոխություն բառն օգտագործեց` դրանով քվեներ հավաքելու ակնկալիքով: Ես հակված եմ այդ փոփոխություն ուզող մարդկանց տեսակետները հաշվի առնել եւ այդ մարդկանց համախմբել: Ես տեսնում եմ, որ մեր ժողովուրդն այդ պոտենցիալն ունի»:

please wait

No media source currently available

0:00 0:04:15 0:00
Ուղիղ հղում

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG