Մատչելիության հղումներ

ՀԱԿ-ը ձգտում է խորհրդարանը վերածել գործադիր իշխանության հակակշռի


Տեր-Պետրոսյանը վստահ էր, որ այդ հնարավորությունը կա եւ նրան վստահություն ներշնչող հանգամանքներից մեկն էլ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության կատարած քայլերն են։

Կոտայքի մարզի Եղվարդ քաղաքի ընտրողների հետ այսօրվա հանդիպմանը ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանը կարծիք հայտնեց, որ իշխող կոալիցիան պառակտված է, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը դադարել է լինել կոալիցիայի կամ Սերժ Սարգսյանի կցորդը, ինչը «չափազանց մեծ դեր է խաղալու ապագա խորհրդարանի ձեւավորման գործում»։

Հայտարարելով, որ իրենք ձգտում են ապագա խորհրդարանը վերածել քաղաքական մարմնի եւ գործադիր իշխանության հակակշռի, Տեր-Պետրոսյանը վստահ էր, որ այդ հնարավորությունը կա եւ նրան վստահություն ներշնչող հանգամանքներից մեկն էլ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության կատարած քայլերն են։

«Իշխանական կոալիցիան, որը մինչեւ վերջերս եղել էր մեկ միասնական բռունցք, որի ձեռքում էր գտնվում ամբողջ իշխանությունը, այսօր արդեն պառակտված է», - հայտարարեց Տեր-Պետրոսյանը՝ հավելելով․ - «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը ձգտում է ինքնուրույնության եւ լուրջ քայլեր է կատարել այդ ուղղությամբ»։

ՀԱԿ առաջնորդը այդպիսի քայլեր է համարում խորհրդարանական ընտրությունները զուտ համամասնական ընտրակարգով անցկացնելու` Դաշնակցություն եւ «Ժառանգություն» կուսակցությունների օրենսդրական նախաձեռնությանը ԲՀԿ-ի միանալը եւ ընտրությունների վերահսկման միասնական շտաբի ձեւավորումը` ԲՀԿ-ի, ՀՅԴ-ի, «Ժառանգության» եւ ՀԱԿ-ի միջեւ։

Խորհրդարանը «քաղաքական մարմնի վերածելու» իր վստահությունը հիմնավորող մյուս հանգամանքները Տեր-Պետրոսյանը համարում է ՀԱԿ-ի մարմնավորած համաժողովրդական շարժման կշիռն ու արաբական երկրներում բռնապետությունների տապալումից հետո միջազգային հանրության վերաբերմունքի փոփոխությունը Հայաստանի ընտրությունների նկատմամբ. - «Մենք ձգտում ենք խորհրդարանը վերածել քաղաքական մարմնի։ Մենք համաձայն կլինենք՝ թող երկիրը ղեկավարի Դաշնակցությունը, կոմունիստները, որոնք քաղաքական կուսակցություն են, բայց ոչ գողերն ու ավազակները, ինչպիսին Հանրապետական կուսակցությունն է։ Սա ենք ուզում ընդամենը»։

ՀԱԿ-ի 5 կանոնները


Գործընկերներին ուղղված ընդդիմադիր Կոնգրեսի դիրքորոշումը Լեւոն Տեր-Պետրոսյանն ամբողջացրեց Աբովյանում, որտեղ հանդիպմանը հավաքվածներն ավելի մեծաթիվ էին:

Կոնգրեսի առաջնորդը հրապարակեց ընտրապայքարում ՀԱԿ-ի միակողմանիորեն սահմանած 5 կանոնները. առաջինը՝ ակտիվորեն մասնակցել ընտրությունների վերահսկողության եւ օրինականության ապահովմանն ուղղված բոլոր անկեղծ նախաձեռնություններին, որն է` ՀՅԴ-ի, «Ժառանգության», «Բարգավաճ Հայաստանի» եւ ՀԱԿ-ի միասնական շտաբի գործունեությունը, երկրորդ՝ քննադատության հիմնական թիրախ դարձնել «սարգսյանական վարչախմբի երկու գլխավոր հենասյուները՝ Հայաստանի Հանրապետական կուսակցությանը եւ նրա կույրաղիքը հանդիսացող «Օրինաց երկիր» կուսակցությանը», երրորդ՝ հակաքարոզչությամբ չզբաղվել, առավել եւս՝ անձնական բնույթի որակումներով հանդես չգալ մյուս քաղաքական ուժերի, մասնավորապես միասնական շտաբում մեր գործընկերները հանդիսացող Հայ հեղափոխական դաշնակցության, «Ժառանգության» եւ «Բարգավաճ Հայաստանի» ու նրանց թեկնածուների դեմ, չորրորդ՝ միեւնույն ընտրատարածքներում իրենց եւ նշված կուսակցությունները ներկայացնող թեկնածուների մրցակցության պարագայում առաջնորդվել բացառապես փոխադարձ հարգանքի, ազնիվ մրցակցության եւ արդար ընտրությունների անցկացման շուրջ համագործակցության սկզբունքներով, հինգերորդ` անկախ նրանից` գործընկերները կխախտեն այս կանոնները, թե ոչ` Կոնգրեսը «հաստատակամ է որեւէ պարագայում չշեղվել դրանցից»:

Ի դեպ՝ նաեւ Աբովյանն ընդգրկող թիվ 28 ընտրատարածքում առաջադրված մեծամասնական միակ թեկնածուն ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանն է։ «Ազատություն» ռադիոկայանի հարցին, թե արդյո՞ք ՀԱԿ-ը նրան չխանգարելու համար թեկնածություն այստեղ չի առաջադրել, ՀԱԿ-ի մաս կազմող Հայոց համազգային շարժում կուսակցության ղեկավար Արամ Մանուկյանը պատասխանեց, որ նման միտում պետք չէ փնտրել. Կոնգրեսը ընդամենը մի քանի ընտրատարածքներում թեկնածու չունի. - «Մի մոռացեք՝ 37 տեղ ունենք։ Դուք նայեք բաժակի լիքը մասը, ոչ թե դատարկ մասը»։

Ինչ վերաբերում է ամբիոնից մյուս ընդդիմադիրների ելույթներին, բոլորը ժողովրդին կոչ էին անում չվախենալ եւ չվաճառել իրենց ձայնը։

please wait

No media source currently available

0:00 0:05:59 0:00
Ուղիղ հղում
XS
SM
MD
LG