Մատչելիության հղումներ

Ընտրարշավի հեռուստատեսային լուսաբանման հարցում` առաջընթաց


Քարոզարշավի ընթացքում հեռուստաընկերությունների աշխատանքը դիտարկող փորձագետները առաջընթաց են արձանագրում՝ նախորդ ընտրությունների համեմատ։

Ինչպես «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի ղեկավար Աշոտ Մելիքյանը, «այժմ չկա նախորդ ընտրություններում առկա տենդենցիոզ մոտեցումը, երբ իշխանության ներկայացուցիչների ասուլիսներին մասնակցում էին դիտարկվող տասը հեռուստաընկերությունները, իսկ ընդդիմության ասուլիսներին՝ մեկ-երկուսը»։

Արդեն մի քանի տարի է՝ Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեն դիտարկում է, թե ինչպես են հայաստանյան հեռուստաընկերությունները քարոզարշավի ժամանակ լուսաբանում տարբեր քաղաքական ուժերի մամուլի ասուլիսները։ «Այդ առումով կարող եմ ասել, որ ի տարբերություն նախորդ ընտրությունների` այժմ հեռուստաընկերությունները բավական ակտիվ են եւ ուշադրության կենտրոնում են պահում բոլոր քաղաքական ուժերի ու նրանց ներկայացուցիչների ասուլիսները», - ասում է Մելիքյանը։

Չնայած դրական փոփոխություններին՝ փորձագետը, միաժամանակ, փաստում է, որ լիակատար հավասարակշռության մասին դեռեւս վաղ է խոսել. - «Չէի ասի՝ հավասարակշռությունը ամբողջովին պահպանվում է, բայց ուշադրությունը քաղաքական ուժերի, այդ թվում՝ ընդդիմության նկատմամբ ակնհայտ է։ Հատկապես մեծ է ուշադրությունը այն ասուլիսների նկատմամբ, որոնց մասնակցում են թե՛ ընդդիմության, թե՛ իշխանության ներկայացուցիչները»։

Կազմակերպությունը մշտադիտարկումը կշարունակի մինչեւ մայիսի 4-ը եւ արդյունքները կհրապարակի ընտրությունների ավարտից մեկ շաբաթ անց։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG