Մատչելիության հղումներ

Բնապահպանները պահանջում են պատժել ոստիկանապետին, ապամոնտաժել կրպակները


Բնապահպանները պահանջում են պատժել ոստիկաններին
please wait

No media source currently available

0:00 0:03:01 0:00
Երեւանի Մաշտոցի այգում տաղավարների տեղադրման դեմ բողոքող բնապահպան ակտիվիստները այսօր երթով շարժվեցին դեպի կառավարության շենք, որի դիմաց բողոքի ցույց անցկացրեցին: Կրպակներն ապամոնտաժելու պահանջին այսօր ավելացել էր պահանջը` պատժել ոստիկանության այն ղեկավարներին, ում ցուցով երեկ ուշ երեկոյան այգուց հանվել էր ակտիվիստների վրանը:

Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը այսօր հանդես է եկել հայտարարությամբ, նշելով, թե վրանի տեղադրումը չի կարող որակվել հասարակական կարգի խախտում: Օմբուդսմենը կոչ է արել ոստիկանությանը թույլատրել վրանի տեղադրումը: Իսկ ոստիկանությունը նաեւ կառավարության շենքի առջեւ էր պահանջում դադարեցնել ցույցը:

«Հարցը քաղաքական հնչեղություն է ստացել»


Կառավարության նիստում այսօր քաղաքապետ Տարոն Մարգարյանը գործադիրի հաստատմանն էր ներկայացնում կրպակատերերի հետ պայմանագրեր կնքելու մասին որոշումը, քաղաքապետը շեշտեց, որ մասնագետներն ուսումնասիրել են այգու կառուցապատման մասին հնչած իրավական եւ այլ գնահատականները ու խախտումներ չեն հայտնաբերել:

Վարչապետ Տիգրան Սարգսյան
Վարչապետ Տիգրան Սարգսյան
Վարչապետ Տիգրան Սարգսյանն էլ հայտարարեց, թե հարցը քաղաքական հնչեղություն է ստացել եւ ինքը ուզում է պարզաբանումներ տալ, որպեսզի հստակ եւ հասկանալի լինի նաեւ իրենց քաղաքական դիրքորոշումը:

«Քաղաքապետի հետ միասին մենք հանդես ենք եկել քաղաքական հայտարարությամբ, այն է` որ մենք դեմ ենք մշտական տաղավարներին Մաշտոցի պուրակում եւ դրանով իսկ փարատել ենք մեր քաղաքացիների մտավախությունը այն մասին, որ այդ տաղավարները լինելու են այնտեղ մշտական», - հայտարարեց Տիգրան Սարգսյանը:

Պնդելով, որ օրենքի խախտումներ չկան, վարչապետն ասում էր, թե իրենք շահագրգռված են, որպեսզի այս հարցի շուրջ լինի համաձայնության եւ համերաշխության մթնոլորտ քաղաքացիների հետ: Տիգրան Սարգսյանը հիշեցրեց, որ քաղաքապետարանը կատարել է խոստումը եւ ապամոնտաժել է Աբովյան փողոցի կրպակները:

«Հիմա երկրորդ խոստումը, որ մենք արձանագրում ենք այսօր մեր որոշման մեջ` որ սա նույնպես 3 տարվա ընթացքում ապամոնտաժվելու է: Այս լուծումը, որ այսօր քաղաքապետարանը առաջարկում է, պետք է վերջակետ դնի այս երկխոսության մեջ, որովհետեւ կարծում եմ, որ երեւանցիների համար ընդունելի լուծում է: Դրա համար ես առաջարկում եմ այս որոշման նախագիծը ընդունել», - հավելեց վարչապետը:

Իմանալով, որ որոշումն ընդունված է, ակտիվիստները «ամոթ» վանկարկելով վերադարձան Մաշտոցի այգի:

Քաղաքապետ Տարոն Մարգարյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում դիտարկմանը, թե բնապահպանների համար կրպակների ժամանակավոր տեղադրումը ընդունելի չէ, ասաց. - «Եթե ակտիվիստներն ասում են հիմնական կրպակներ` ինձ համար էլ ընդունելի չէ հիմնական կրպակները: Դրանք ժամանակավոր բնույթ են կրելու եւ «Հին Երեւան» ծրագրի հետ միասին միանգամից ապամոնտաժվելու են»:

Ակտիվիստներից Արփինե Գալֆայանը եւ Մերի Խաչատրյանը, մինչդեռ, «Ազատություն» ռադիոկայանին վստահեցրեցին, որ անկախ կառավարության որոշումից, իրենց պայքարը շարունակվելու է:

«Մեր պահանջը նույնն է մնում: Մենք պահանջում ենք անհապաղ ապամոնտաժում: Այս կրպակները ոչ իրավական, հակասահմանադրական եւ անօրինական կարգով են այստեղ տեղադրվել», - հայտարարեցին նրանք:

Այգում լարվածությունն աճում է


Երեկ ուշ երեկոյան Մաշտոցի այգում ծավալված իրադարձություններից հետո այսօր լարվածությունը շարունակվում էր նաեւ պուրակում:

Ոստիկանությունը շեշտակի ավելացրել էր ուժերը, շուրջ ութ տասնյակ ոստիկաններ պատ էին կազմել ինչպես կրպակների, այնպես էլ սրճարանի երկայնքով:

Ակտիվիստներին չհաջողվեց նոր վրան տեղադրել: Նրանցից մեկը վրանը առանց բացելու մտավ այգի, ոստիկաններն անմիջապես մոտեցան եւ երիտասարդը չբացված վրանը դրեց գետնին ու նստեց վրան: Ակտիվիստները շրջափակեցին նրան:

Տեւական բանակցություններից հետո ոստիկանները ետ քաշվեցին, բնապահպանները վրանը չբացեցին:

Ոստիկաններին շփոթեցնելու ֆլեշ-մոբ Մաշտոցի այգում
please wait

No media source currently available

0:00 0:01:20 0:00
Ուղիղ հղում
Այսօր ակտիվիստները տարբեր նաեւ ակցիաներ էին իրականացնում այգում. արագ հավաքվում էին պուրակի մի հատվածում` սպասելով ոստիկաններին: Երբ վերջիններս մոտենում էին, ակտիվիստներն անմիջապես ցրվում էին տարբեր ուղղություններով` փորձելով շփոթեցնել ոստիկաններին:

Օրվա երկրորդ կեսին բնապահպանները միասնաբար հեռացան այգուց` խոստանալով վերադառնալ ուշ երեկոյան:

please wait

No media source currently available

0:00 0:05:08 0:00
Ուղիղ հղում
XS
SM
MD
LG