Մատչելիության հղումներ

Մաշտոցի այգում շուրջօրյա նստացույց է սկսվել


Դատում են քաղաքացիները
please wait

No media source currently available

0:00 0:04:19 0:00

Մինչեւ ուրբաթ` մարտի 16-ը բնապահպանները գիշերելու են այգում:

Այսօր Մաշտոցի այգում ակտիվիստները շուրջօրյա նստացույց սկսեցին. մինչեւ ուրբաթ` մարտի 16-ը բնապահպանները գիշերելու են այգում: Ակտիվիստներից Արթուր Գրիգորյանի խոսքով սա ժամանակ է` տրված քաղաքային իշխանություններին, որից հետո տեղում կհայտարարեն իրենց գործողությունների մասին` չբացառելով նաեւ կրպակների ապամոնտաժումը սեփական ուժերով:

Ակտիվիստները վրան տեղադրեցին այգում: Ոստիկանությունը անմիջապես տասնյակ ուժեր մոտեցրեց վրանին, բնապահպաններն էլ իրենց հերթին ձեռք ձեռքի տված շղթայել էին վրանը` թույլ չտալով ոստիկաններին մոտենալ: Երիտասարդների հետ բանակցում էր ոստիկանության փոխգնդապետ Կարեն Մովսիսյանը` հորդորելով անհապաղ հանել վրանը: Մոտ մեկ ժամ տեւած բանակցություններից հետո ոստիկանական ուժերը հեռացան վրանի մոտից, ակտիվիստները շարունակում են նստացույցը:

Այսօր վաղ առավոտից կրպակների շուրջը կրկին տեղադրվել են մետաղական արգելապատնեշները, տասնյակ ոստիկաններ կրկին պատ կազմած թույլ չեն տալիս մոտենալ կրպակներին: Մինչդեռ, հիշեցնենք, բնապահպան աղջիկների մարտի 8-ի ակցիայից հետո ակտիվիստները անարգել մուտք էին գործում կրպակների տարածք, այնտեղ իրականացնում ակցիան:

Այսօր ավելի վաղ Մաշտոցի այգում կայացավ բնապահպանենրի ստեղծած քաղաքացիական «արդար եւ անկախ դատարանի» առաջին բացօթյա նիստը, որի օրակարգում, ինչպես ակտիվիստներն էին ձեւակերպել, ինքնորոշված քաղաքացիների հայցի քննությունն էր ընդդեմ Երեւանի քաղաքապետարանի:

Քաղաքային իշխանություններին երիտասարդները ծանուցել էին, սակայն, ոչ ոք չէր ներկայացել որպես պատասխանող կողմ: Իսկ հայցվորները հենց բնապահպաններն էին, ովքեր խորհրդանշական դատավորների առաջ հիմնավորում էին, թե ինչու է կրպակների տեղադրումը ապօրինի:

Լսելով բոլոր հայցվորներին` «դատարանը» հեռացավ խորհրդակցական սենյակ, եզրակացությունը կհրապարակի ուրբաթ` նստացույցի ավարտի օրը, իսկ վճիռը, ինչպես ներկայացրեց դատավորի դերում հանդես եկող բնապահպան Գոռ Հակոբյանը, կկայացվի ընդհանուր որոշմամբ:

Դատական նիստից հետո բնապահպան Մարիամ Սուխուդյանը կեսկատակ ասաց, թե դատարանից ակնկալում է արդար եւ անկախ որոշում, որին ակտիվիստները կենթարկվեն:

«Քանի որ մեր դատարանները չեն գործում, մենք ստիպված ենք արդեն ինքնապաշտպանությամբ զբաղվել», - հայտարարեց ակտիվիստը:

«Ազատություն» ռադիոկայանի հարցին` իսկ ի՞նչ տեղի կունենա, եթե «դատարանը» ապօրինի ճանաչի կրպակները, Մարիամ Սուխուդյանը պատասխանեց. - «Մենք ո՞նց կարող ենք չենթարկվել այդ որոշումներին: Իհարկե կատարելու ենք այդ որոշածը»:

Ոստիկանությունը երեկ տարածած հայտարարությամբ բավական կոշտ է արձագանքել սեփական ուժերով կրպակները ապամոնտաժելու ակտիվիստների նախաձեռնությանը:

Վերահաստատելով, որ լիազորված չէ կասկածի տակ դնել քաղաքապետի կողմից արձակված եւ չվիճարկված շինարարական թույլտվության իրավաչափությունը, ոստիկանությունն ընդգծել է, որ հավաքույթները, որոնց նպատակը այլ անձանց գույքի նկատմամբ բռնի գործողությունների կատարումն է, հավաք չեն համարվում եւ դրանց կազմակերպիչներն ու մասնակիցները կենթարկվեն պատասխանատվության իրենց կողմից հայտարարված ապօրինի գործողություններն իրականում կատարելու համար:

Բնապահպանները պատասխան հայտարարությամբ շեշտել են, որ իրականացվող բոլոր գործողությունները գտնվում են բացառապես քաղաքացիաիրավական հարաբերությունների դաշտում, հետեւաբար ոստիկանության միջամտության անհրաժեշտություն եւս չկա, եւ ոստիկանությունը չի կարող «հասարակական կարգի պահպանության» պատրվակով արդարացնել իր կողմից իրականացվող հնարավոր բռնությունները:

please wait

No media source currently available

0:00 0:05:42 0:00
Ուղիղ հղում
XS
SM
MD
LG