Մատչելիության հղումներ

Նախարարը «հստակ տվյալներ չունի»


Բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց, որ Հայաստանում հանքաարդյունահանությունը պետք է իրականացվի օրենքով նախատեսված ընթացակարգերով, եւ Թեղուտն այս հարցում բացառություն չէ:

Ու թեեւ բնապահպաններն արդեն ահազանգում են Թեղուտում կատարվող մեծաքանակ ծառահատումների մասին, Արամ Հարությունյանը հայտարարեց, թե նախարարությունը «հստակ տվյալներ չունի»:

Բնապահպանության նախարարը բավականին լավատեսորեն է տրամադրված. «[Թեղուտում] Մի քանի անգամ ավելի անտառներ են հիմնվելու»:

Լրագրողների հետ հանդիպմանը նախարարը նախընտրում էր խոսել 2012-ին բնապահպանության ոլորտում սպասվող ներդրումների մասին: Օրինակ, նա հպարտությամբ նշեց, որ բնության հատուկ պահպանվող տարածքներում` ազգային պարկերում այս տարի կներդրվի մոտ 506 մլն դրամ, սակայն դժվարացավ պատասխանել այն հարցին, թե օրինակ 2011-ին, ներդրումներից բացի, որքան վնաս է հասցվել բնությանը: Փոխարենը հավաստիացրեց, որ հանքերի տարածքներում բնապահպանական միջոցառումներ, այսինքն վերականգնողական աշխատանքներ իրականացնելու համար կծախսվի մոտ 277 մլն դրամ:

«Այս տարի մենք 277 միլիոն դրամ ենք նախատեսել այն համայնքներում, որտեղ հանքեր են գործում, բնապահպանական ծրագրեր իրականցնելու համար: Նախորդ տարվա 165-ի դիմաց», - ասաց Հարությունյանը:

Նախարարը հստակ նշեց միայն 2011-ին ապօրինի ծառահատումների թիվը` 3000. - «Եվ համապատասխանաբար` արձանագրությունները կազմվել են տարբեր ուղղություններով: Նաեւ ուղարկվել են դատախազություն, ոստիկանություն, եւ քրեական գործեր են հարուցվել»:

Ըստ Արամ Հարությունյանի, 3000 հատված ծառերի վնասը կազմել է 130-150 մլն դրամ: Այսինքն յուրաքանչյուր հատված ծառ հասցնում է մոտ 44 հազար դրամի վնաս:

Կանաչների միության նախագահ Հակոբ Սանասարյանի խոսքով` 25 տարում Թեղուտում նախատեսվում է հատել 171 հազար ծառ: Հետեւաբար ստացվում է, որ Թեղուտի ծառահատումների արդյունքում մենք կունենանք 7 մլրդ 410 մլն դրամի վնաս:

please wait

No media source currently available

0:00 0:03:08 0:00
Ուղիղ հղում
XS
SM
MD
LG